«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին մեկնել է Սամարղանդ՝ Ուզբեկստանի Հանրապետություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահի ամբողջ պատվիրակությունն այնտեղ է մեկնել ՀՀ վարչապետին սպասարկող նախագահական ինքնաթիռով: Մեզ հետ զրույցում նրա մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով. «Ժամանակի եւ լոգիստիկայի պատճառով ընտրվել է այդ եղանակով Սամարղանդ մեկնելու տարբերակը»:
Հավելենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղեկցում է 13 անձ, որից 5-ը՝ պատգամավոր: Պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Պետական- իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Ալեքսեյ Սանդիկովն ու Միքայել Թումասյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 5 անձի փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարվելու է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին, իսկ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: Տեղեկացնենք, որ նախագահական ինքնաթիռի ծախսը կազմում է մոտ 25 մլն դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը