27 10 2022

Պայմանագիրը ստորագրվում է. Փաշինյանը խաբել է. մաս 121․ «Ժողովուրդ»

Պայմանագիրը ստորագրվում է. Փաշինյանը խաբել է. մաս 121․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչեւ տարեվերջ: Երեկ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին:

«Անկեղծ պետք է ասեմ՝ ես ցանկանում եմ եւ կցանկանամ, որ այն կնքվի մինչեւ այս տարեվերջ: Ինչքանո՞վ է դա իրատեսական. ես այդ հարցին կպատասխանեմ հետեւյալ կերպ՝ ես եւ կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Մենք հույս ունենք, եւ դա կարեւոր նրբություն է, որ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները: Ինչքանո՞վ է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, քանի որ այդ սահմանները, ըստ էության, հայտնի են»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին խորհրդարանում Փաշինյանն ասել էր, թե պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որը տեւական խաղաղություն եւ անվտանգություն կապահովի Հայաստանի համար 29,800 կմ քառակուսի տարածքում։ Ժամեր անց հերքել էր իրեն. «Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից, երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- գրել է վարչապետը։

Եվ, ահա, մեկ ամիս անց էլ նա հայտարարեց, թե ամեն դեպքում խաղաղության պայմանագիր ստորագրվելու է: Ստացվում է՝ հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ