29 07 2022

Եթե ապրանքների գները բարձրանում են և քաղաքացին կարողանում է ապրել, այդտեղ վատ բան չկա․ Հովիկ Աղազարյան․ «Առավոտ»

Եթե ապրանքների գները բարձրանում են և քաղաքացին կարողանում է ապրել, այդտեղ վատ բան չկա․ Հովիկ Աղազարյան․ «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է․ ««Մեր մոտ աճում են ոչ միայն սեզոնային պարենային ապրանքների գները՝ լոլիկ, վարունգ, աճում են ոչ սեզոնային ապրանքների գները, որոնց հիմնական մասը ներմուծվող են՝ ցորեն, շաքարավազ, ձեթ եւ այլն: Եվ ինչը ամենահետաքրքիրն է, աճում են նաեւ ծառայությունների գները: Գնաճը կարող է գալ երկու ճանապարհով, առաջինը առաջարկից է. դրսում ցորենը թանկացավ, մենք այդ գնաճը բերում ենք Հայաստան, երկրորդ ֆենոմենն այն է, որ մենք ավելի շատ սպառում ենք, քան մեր արտադրական հնարավորությունները թույլ են տալիս: Մարդիկ աժիոտաժ կամ պահանջարկ ստեղծելով՝ ավելացնում են գինը այդ ապրանքի: ԿԲ-ն, կանոն, արձագանքում է հենց այդ ֆենոմենին, որովհետեւ առաջարկով եկած գնաճի դեմ դժվար է պայքարել: Հայաստանում պահանջարկով ձեւավորվող գնաճ կա ու դրա հիմնական աղբյուրներից մեկը Ռուսաստանից կամ այլ երկրներից հիմա Հայաստան ժամանած մարդիկ են, ովքեր իրենց գալով՝ ստեղծել են հավելյալ պահանջարկ մեր ապրանքների ու ծառայությունների նկատմամբ»,- Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում գնաճի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հենց այսպես էր բացատրում գնաճի պատճառների մասին:

«Առավոտը» ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝ փաստորեն, ռուս տուրիստների գալով է Հայաստանում գնաճը պայմանավորված, ստացվում է, որ եթե 1 մլն տուրիստ գա Հայաստան, մենք քաշվեցի՞նք, հա՞՝ Աղազարյանը պատասխանեց. «Գնաճից մենք չպիտի վախենանք, գնաճի մեջ նաեւ դրական բան կա»: Ճշտեցինք՝ ի՞նչ դրական բան կա նրա մեջ, որ լիքը դրամապանակով գնում ենք խանութ, ոչինչ չառած, կենսական անհրաժեշտ ապրանքները չառած՝ դրամապանակը դատարկվում է՝ Աղազարյանը պատասխանեց. «Եթե ապրանքների գները բարձրանում են, ծառայությունների գները բարձրանում են եւ քաղաքացին այդուհանդերձ կարողանում է ապրի, այդտեղ վատ բան չկա: Ոչ թե վատ բան չկա, այդտեղ նաեւ դրական բան կա, որովհետեւ շուկան, տնտեսությունը աշխուժանում է ուժեղ եւ հետո այն, որ ձեր հարազատի աշխատավարձը բարձրանում է, ձեր աշխատավարձը բարձրանում է, մյուսի աշխատավարձը բարձրանում է եւ դրա համար գործընթացին չպետք է միակողմանի նայեք: Դուք տեսնում եք, վկա եք մենք բոլորս, որ գնաճը Հայաստանում տարածաշրջանում ամենաքիչն է»:

Դիտարկմանը, որ մեզ չի սփոփում, եթե Վրաստանում, Լիտվայում կամ Լատվիայում գնաճը անհամեմատ ավելի բարձր է, ասում եք՝ մարդիկ եթե կարողանում են ապրել՝ լավ է, բայց ի՞նչ գիտեք՝ կարողանո՞ւմ են արդյոք ապրել՝ Աղազարյանը պատասխանեց.

«Դուք լրագրող եք, կարող է եւ չիմանաք, բայց գիտե՞ք, որ եթե որեւէ երկրում գնաճ չկա, զրո է, դա շատ վատ է, դա նշանակում է, որ տնտեսությունը չի շնչում, չի զարգանում: Բա գնաճն ինչի՞ համար է: Այսինքն, ես հիմա պիտի իմ ապրանքի գինը բարձրացնեմ, որպեսզի եկամուտ ստանամ, չէ՞, դուք էլ եք բարձրացնում ձեր ապրանքի գինը, մենք երկուսով վաճառում ենք նույն ապրանքը: Բայց ես գնում եմ խանութ, առնում եմ ձեր արտադրած ապրանքը, որը մի քիչ թանկացրել եք, բայց որակով է, իմը չեմ առնում, որովհետեւ իմը անորակ է, սրանից ի՞նչ է դուրս գալիս: Դուրս է գալիս այն, որ առողջ մրցակցությունը բերում է որակի բարձրացմանը: Այսինքն, եթե գնաճը զրո է, դա նույնիսկ ավելի վատ է, քան երբ որ գնաճը չափերից դուրս է: Իհարկե, կարճաժամկետ հատվածում մի քիչ դժվար է: Տարբեր պետություններ տարբեր ռեակցիա են ցուցաբերում: Պետություններ կան՝ աշխատավարձ են ավելացնում, թոշակներն են ավելացնում այդ պահին, բայց դա սխալ է»:

Կատակեցինք՝ հիմա եթե տուրիստներով է մեր երկրում գնաճը պայմանավորված, չհանե՞նք տուրիստներին ուղարկենք իրենց երկրներ ու դրանով գնաճի հարցը լուծենք՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Չէ, երբ որ գնաճը տուրիստներով պայմանավորված է, ծառայության ոլորտի աշխատողների աշխատավարձը բարձրանում է, ծիրանի գինը բարձր է լինում, պոմիդորի գինը բարձր է լինում եւ դա տարածվում է ընդհանուր ժողովրդի վրա: Որոշ խավեր այդ ժամանակահատվածում իհարկե տուժում են, կարող է ուսուցիչներն այդ պահին տուժեն, ծառայողները տուժեն, բայց հետո պետությունը արդեն նրանց անդրադառնում է»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ