«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ` քվորում չլինելու պատճառով։ Խորհրդում մեծամասնություն կազմող ՔՊ-ականները թեեւ, ըստ ԱԺ նախագահի կարգադրության, արձակուրդից մեկ օրով հետ էին կանչվել, բայց չներկայացան նիստին։ Խորհրդի նիստը բացեց եւ փակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Մոտ 2 ժամ անց ԱԺ քարտուղարությունն արձանագրեց, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նիստը չի կայացել։ «ԱԺ կանոնակարգ» օրենքը խորհրդին 14-օրյա ժամկետ է տալիս՝ այս հարցով ՍԴ դիմելու համար։ Այդ ժամկետը լրանում է հուլիսի 28-ին, եւ եթե կրկին նիստ չլինի, եւ որոշում չկայացվի, ապա խորհուրդն այլեւս չի կարող պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով դիմել ՍԴ։
Հուլիսի 28-ից հետո մանդատներից զրկելու հարցով հնարավոր կլինի ՍԴ դիմել արդեն պատգամավորների նվազագույնը 1/5-ի համաձայնությամբ։ Հիշենք, որ անցած շաբաթ՝ առաջին նիստից հետո, փոխխոսնակ Ռուբինյանը հայտարարեց, որ ՔՊ-ն քաղաքական որոշում ունի՝ նման գործընթաց չսկսել։
Հիմա հարց է ծագում․ ի՞նչն էր խանգարում ՔՊ-ական երեսփոխաններին երեկ ներկայանալ եւ դեմ քվեարկել օրակարգին։ ՔՊ-ական մեծամասնությունը մանկապատանեկան ակումբ է հիշեցնում՝ ամեն անգամ հանդես են գալիս աննախադեպ սցենարներով: Շաբաթներ առաջ էլ խրոխտ սպառնում էին ընդդիմադիրներին, թե «հեսա ձեր հալը կտեսնեք», ձեզ զրկելու ենք մանդատներից, հետո հայտարարում էին, որ չկա նման որոշում, իսկ ամենավերջում` կրկին սուրը կախված են թողնում ընդդիմադիրների գլխին, ակնարկելով՝ «ձեզ խելոք պահեք», թե չէ կօգտվենք ժամկետներից ու 1/5-ով կդիմենք ՍԴ»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը