21 07 2022

Հրաչը՝ ներսում, Ավինյանը՝ դրսում. Բախումներ չեն լինի․ «Հրապարակ»

Հրաչը՝ ներսում, Ավինյանը՝ դրսում. Բախումներ չեն լինի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին վերջապես Տիգրան Ավինյանը կտեղափոխվի Երեւանի քաղաքապետարան՝ փաստացի զբաղեցնելով փոխքաղաքապետի, իսկ ավելի ճիշտ՝ քաղաքապետի պաշտոնը։ Դեռեւս անցած տարեվերջին, երբ Հայկ Մարությանին գահընկեց անելուց հետո Հրաչյա Սարգսյանին ընտրեցին քաղաքապետի պաշտոնում, տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում Ավինյանի նշանակման մասին։ Բայց նշանակումը չեղավ, փոխարենը ՔՊ-ից պաշտոնապես հայտարարեցին, որ, այո, Ավինյանը քաղաքապետի իրենց թեկնածուն է։

Իսկ նշանակումը չկայացավ մի քանի պատճառով․ նախ՝ ՔՊ-ում հասկանում են, որ ցանկացած պաշտոն արագ փչացնում է երիտասարդներին, եւ պաշտոն ունեցող երիտասարդին էլ հասարակությունն արագ է «փչացնում», ուստի պետք է հնարավորինս ձգել նշանակումը, որպեսզի այն լինի ոչ թե ի վնաս, այլ ի նպաստ թեկնածուի։ Երկրորդ՝ քաղաքապետարանի լավատեղյակ աղբյուրները խոսում էին, որ Հրաչյա Սարգսյան-Տիգրան Ավինյան տարաձայնություններն այնքան էին սրվել, որ առաջինը խանդով է վերաբերվում այն փաստին, որ ինքը քաղաքապետարանում, բառի բուն իմաստով, անգլիական թագուհու կարգավիճակ ունի՝ բոլոր որոշումների կնքահայրը Տիգրան Ավինյանն է։ Եվ Ավինյանն էլ այդ խանդը տեսնելով՝ որոշել է հետաձգել իր մուտքը քաղաքապետարան, որ մթնոլորտը չշիկանա, եւ ավելորդ լարվածություն չառաջանա, ինչը կարող է ազդել իր վարկանիշի վրա եւ ստվերել ընտրությունները։

Հատկապես որ առանց պաշտոնի էլ Տիգրան Ավինյանն իր գործը տեսնում է՝ նա թաղապետարաններն արդեն հասցրել է իրենով անել, կադրային փոփոխությունների միջոցով ամենուր նշանակել է իր մարդկանց, թաղապետերն իր ծանոթ-բարեկամ-ընկերներն են, ենթակա կառույցներում էլ իր մարդկանց է նշանակում։ Հասցրել է շատ դպրոցներում, մանկապարտեզներում, պոլիկլինիկաներում եւ այլ հիմնարկներում յուրային տնօրեններ նշանակել։

Տարբեր պատրվակներով ազատվում են գործող ղեկավարներից եւ նշանակում յուրայիններին, որ ընտրությունների փուլում աշխատեն Ավինյանի համար։ Ավելին, արդեն քանի ամիս է՝ քաղաքապետացուն նախընտրական քարոզարշավ է իրականացնում՝ այցելում է պետական տարբեր հիմնարկներ, հաստատություններ, բուհեր, վարչական շրջաններ, հանդիպումներ ունենում կոլեկտիվների, քաղաքացիների հետ, անգամ օտարերկրյա այցեր է կատարում քաղաքապետարանին առնչվող խնդիրների օրակարգով, Նիկոլ Փաշինյանի կողքին է երեւում։ Մի խոսքով՝ հանրային գիտակցության մեջ ամրագրում են Տիգրան Ավինյան-քաղաքապետին։

Թե ինչու է Ավինյանը որոշել հիմա մտնել քաղաքապետարան, մեր աղբյուրներն ասում են, որ փոխքաղաքապետի կարգավիճակն ավելի դյուրին կդարձնի խնդիրների իրագործումը։ Բացի այդ՝ ժամանակն է կատարած գործը ցույց տալու, վարկանիշ հավաքելու։ Իսկ ընտրությունները սարերի ետեւում չեն, հերթական ընտրություններին մոտ մեկ տարի է մնացել։

Ի դեպ, ի սկզբանե որոշել էին, որ այս հոկտեմբերին արտահերթ ընտրություններով քաղաքապետ ընտրեն, սակայն ՔՊ ներքին հարցումների արդյունքում պարզվել է, որ Ավինյանը չունի այնքան վարկանիշ, որ կարելի լինի ռիսկի դիմել։ Մեր աղբյուրներն ասում են, թե հարցումներով պարզել են նաեւ, որ ՔՊ-ում այնպես չէ, որ կա այլ՝ ավելի հարմար թեկնածու, որն Ավինյանից բարձր վարկանիշ ունենա։

Ամեն դեպքում՝ Ավինյանը չարյաց փոքրագույնն է։ Սակայն իշխանությունների մարտավարությունը լինելու է ձայների փոշիացումը, ինչպես արեցին 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ՝ խաղի մեջ մտցնելով 25 քաղաքական ուժ, որոնցից միայն 3-ն անցան խորհրդարան, իսկ մնացած 22-ը ձայներ խլեցին ընդդիմությունից։

Արձանագրենք, որ Տիգրան Ավինյանի նշանակումից հետո քաղաքապետարանում հետաքրքիր շոու է սպասվում։ Էքսցենտրիկ եւ տեսախցիկների առջեւ «ռեմբո» ձեւացող Հրաչյա Սարգսյանը եւ գորշ կարդինալի ոճով գործող, հավասարակշիռ Տիգրան Ավինյանը կարող են շատ ուշագրավ զույգ դառնալ։ Եթե սրան գումարենք նաեւ այն, որ քաղաքապետարանում իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչներ կան, պատկերը պարզ կդառնա: Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամակատարներն են:

Քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարում ունեն նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ նրա եղբայրը՝ Արամ Հարությունյանը, ով մասնավոր ընկերություն ունի եւ իրենով է անում փողոտ ծրագրերը։ Մեր հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակիցն ասաց, թե պայմանավորվել են, որ նշանակումից հետո բախում չլինի։ Գործող քաղաքապետը կշարունակի քաղաքապետի դերը, իսկ Ավինյանն ավելի շատ կլինի դրսերում՝ հանդիպումների, քարոզչության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ