21 07 2022

Մի զարկով՝ երկու նապաստակ. «Փաստ»

Մի զարկով՝ երկու նապաստակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը այն աստիճանի է հայտնվել զիջումների շրջապտույտի մեջ, որ հանրությունը չի հասցնում «ադապտացվել» մեկ զիջմանը, երբ գալիս է մյուսը։ Պատերազմի ավարտից հետո ՀՀ իշխանությունները իրենց հայտարարություններով նախ՝ հանրությանը նախապատրաստում, համապատասխան հիմքեր են ստեղծում զիջումների համար, ապա հետևողականորեն անցնում դրանց իրականացմանը։

Օրինակ՝ երբ ադրբեջանցիները ներխուժեցին Սյունիք և Գորիս-Կապան մայրուղու մի հատվածն իրենց վերահսկողության տակ վերցրին, Փաշինյանը Հայաստանի կողմից հերթական զիջումներն արձանագրելու և Ադրբեջանի հետագա գործողությունները՝ մասնավորապես մաքսային կետերի տեղադրումը, հանրության աչքում լեգիտիմացնելու համար նշեց, թե այդտեղ ադրբեջանական Էյվազլի և Չայզամ գյուղերն են եղել։ Նույն կերպ հանրությանը հերթական զիջմանը նախապատրաստելու համար Փաշինյանը իր առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե այսօր գործող Լաչինի միջանցքը՝ իր հայկական գյուղերի հետ միասին, հանձնելու են Ադրբեջանին։ Բայց խնդիրն այն է, որ մինչ Փաշինյանը մեկը մյուսի հետևից զիջումներ է կատարում՝ սպասարկելով ադրբեջանական օրակարգը, Բաքվի ախորժակը շատ արագ է մեծանում։

Եվ հուլիսի 15-ին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Իլհամ Ալիևը հերթական անգամ հոխորտաց Հայաստանի հասցեին՝ նշելով. «ՌԴ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչը մի քանի ամիս առաջ Ադրբեջանում գտնվելու ժամանակ մեր ՊՆ-ին խոստացել էր, որ մինչև հունիս հայկական զինված կազմավորումները դուրս կբերվեն Ղարաբաղից։ Այսօր հուլիսի կեսն է, և հարցը չի լուծվել»: Իսկ արդեն 2022 թ. հուլիսի 16-ին Թբիլիսիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներն ամփոփող հաղորդագրությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում էր, թե դրա ընթացքում «ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ»։

Այնինչ, ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկար հայկական ուժերի դուրսբերման վերաբերյալ, բայց որ այդ հարցը քննարկվել է Թբիլիսիում արտգործնախարարների հանդիպման ընթացքում և հայկական կողմը կրկին նահանջում է իր դիրքերից, արդեն ցույց տվեց հաջորդ օրը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը։ ԱԽՔ-ը շատերի համար «անակնկալ» կերպով հայտարարեց, թե Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, իսկ պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակին օգնելու համար Արցախ գնացած ստորաբաժանումների՝ Հայաստան վերադառնալու գործընթացը կավարտվի սեպտեմբերին։ Խնդրահարույցն այն է, որ իր հարցազրույցում Գրիգորյանը փաստացի ընդունում է, թե Արցախում Հայաստանից զորակոչված զինծառայողներ են եղել, իսկ այլ կերպ ասած՝ Հայաստանի զինված ուժերը գտնվել են Արցախում։

Սրանով նա ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին, քանի որ Ադրբեջանը մինչև հիմա կաշվից դուրս է գալիս, որպեսզի Արցախյան հակամարտությունը ներկայացնի ոչ թե Արցախի ու Ադրբեջանի հակամարտություն, այլ Հայաստանի ու Ադրբեջանի՝ այն համատեքստում, թե իբր հակամարտության մեջ ներգրավված են հենց Հայաստանի զինված ուժերը։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանն անընդհատ փորձում էր միջազգային հանրությանը համոզել, թե Հայաստանը չի կատարում 1993 թվականի ՄԱԿ ԱԽ բանաձևերը և դուրս չի բերել իր զինված ուժերը։ Այնինչ, տարիներ շարունակ Հայաստանը փորձել է միջազգային հանրությանը ապացուցել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը վերաբերել են ռազմական գործողությունների դադարեցմանը, իսկ հակամարտության կողմը Արցախի Հանրապետությունն է, որը կայացած պետություն է, ունի իր պետական ինստիտուտները, այդ թվում՝ զինված ուժերը՝ ՊԲ-ի վերահսկողության ներքո, Հայաստանն ուղղակի Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարությունն է ստանձնել։

Բայց երբ Փաշինյանն իր վերջին ասուլիսում կրկնում էր ՄԱԽ ԱԽ բանաձևերի մասով ադրբեջանական թեզերը, թե իբր դրանք հայկական կողմի դեմ էին ուղղված, Հայաստանը չէր կատարում դրանք, ապա հասկանալի է դառնում, թե ԱԽՔ-ի հայտարարությունն ինչ տրամաբանության մեջ է տեղավորվում։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանից հնչող պաշտոնական հայտարարությունները և ձևակերպումները ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունները քայլ առ քայլ ձեռքերը լվանում են Արցախից, քանի որ եթե Արցախին օգնության գնացած հայկական ստորաբաժանումները դուրս են գալիս, ապա դա նշանակում է, որ Հայաստանը փաստացի հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր պարտավորությունից և արցախահայությանը թողնում բախտի քմահաճույքին։

Նկատի ունենանք, որ ԱԽՔ-ի հայտարարությունը նաև կարևոր ուղերձներ էր պարունակում։ Դրանցից մեկն ուղղված էր Ալիևին, թե ՀՀ իշխանությունները պատրաստ են անվերապահորեն կատարել Բաքվից հնչած յուրաքանչյուր հրահանգ, միայն թե իրենք շարունակեն պաշտոնավարել։ Իսկ մյուս ուղերձն ուղղված էր հայ հասարակության այն հատվածին, որը տարիներ շարունակ Արցախը Հայաստանի համար համարել է բեռ։ ՀՀ իշխանությունները փորձում են հանգստացնել այդ մարդկանց, թե նրանց երեխաներն այլևս չեն ծառայի Արցախում։ Մի զարկով՝ երկու նապաստակ, ինչպես ասում են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ