«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Պետգույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքը, որը գտնվում է Երեւանի ամենաթանկ՝ Աբովյան փողոցում, Բժշկական համալսարանի հարեւանությամբ։ Նույնիսկ գնորդի մասին է խոսվում։ Որոշ տեղեկություններով՝ հավակնորդն իշխանական նորահայտ լրատվամիջոցներից մեկն է՝ Tiv1.am-ը, որն «Արմնյուզի» տեղի համար մրցույթում պարտվեց «Բուն TV»-ին։
Շենքի վաճառքի համար հայտարարվել է աճուրդ, նախնական գին է սահմանվել 1,4 մլրդ ՀՀ դրամը։ Սակայն 1200 քառակուսի մետր տարածք ընդգրկող շենքի համար դա շատ էժան գին է։ Հիշեցնենք, որ դեռեւս 2019-ին՝ կառավարության վերջին նիստում, որոշում կայացվեց լուծարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ վաճառել շենքը։ TV-ի տնօրեն Էդգար Բաբայանին հարցրինք՝ այդ տարածքը գնելու մտադրություն ունե՞ք։
«Եկեք չմեկնաբանեմ այդ լուրը։ Տարածքն ընդլայնելու պլաններ կան, եւ մի քանի տարածքներ են դիտարկվում։ Կոնկրետ որտեղ՝ այս պահին չեմ կարող ասել»։
Ի դեպ, Բաբայանի TV-ն, ըստ որոշ լուրերի, հովանավորում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ Երիտասարդական հիմնադրամի շենքում մեկ-երկու տարի առաջ ժամանակավորապես տեղավորվել էր Համահայկական խաղերի գրասենյակը՝ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, եւ խաղերի հոգաբարձուների խորհուրդը մեծ հույսեր ուներ, որ այդ շենքը տրամադրվելու է իրենց՝ մշտական օգտագործման համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը