«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու շուրջ սկսված գործընթացը ավարտին չի հասցվի: ՔՊ-ն ընդամենը նրանց վախեցնելու համար է ինչ-որ քայլեր անում՝ լավ իմանալով, որ չի կարողանալու բոլորին զրկել մանդատներից: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի խորհուրդն այսօր կքննարկի 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը: Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանց մանդատից զրկելու հիմքը կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելն է:
Խորհրդարանականներին մանդատներից զրկելու հարցում վերջնական որոշումը, իհարկե, Սահմանադրական դատարանինն է, նախաձեռնությունը՝ ՔՊ-ինը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արդյունքում պատգամավորներն այդպես էլ մանդատից չեն զրկվի: Գործընթացի արդյունքը կլինի այն, որ կա՛մ դիմումը այդպես էլ քննարկման արդյունքում ինչ-ինչ պատճառներով Սահմանադրական դատարան չի ուղարկվի, կա՛մ էլ ուղարկվելուց հետո դատարանն է մերժելու դիմումը: Հիշեցնենք, որ 33 պատգամավորին մանդատից զրկելու մասին է խոսք գնում, իսկ 4 պատգամավորների անունները բացակայում են:
Թագուհի Թովմասյանն ու Իշխան Զաքարյանը թեեւ ունեն բացականեր, սակայն նրանց բացակաները այս ամիսների ընթացքում հարգելի են համարվել: Թագուհի Թովմասյանը ողջ բոյկոտի ընթացքում ակտիվ աշխատել է ու աշխատեցրել խորհրդարանական Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Մարտուն Գրիգորյանն ու Արգիշտի Գեւորգյանը նոր են մանդատ վերցրել, հետեւաբար բացակա չունեն:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը