«Փաստ» օրաթերթը գրում է․ Եթե իր պաշտոնավարման սկզբում Նիկոլ Փաշինյանը հիմնականում ուղիղ եթերներով էր երկիրը կառավարում և փորձում ցույց տալ, թե երկրում դրական փոփոխություններ են տեղի ունենում, ապա հիմա ուղիղ եթերներին որոշ չափով փոխարինում են կառավարության նիստերը, որոնց ընթացքում ևս ցուցադրականության պակաս չկա։ Եվ կարծես արդեն օրինաչափություն է դարձել, որ ամեն շաբաթ կառավարության նիստում հայտարարություններ են հնչում նոր «սենսացիաների» ու «աննախադեպ ռեկորդների» մասին։ Այնպիսի տպավորություն է, թե Փաշինյանը պատրաստվում է հերթական «100 փաստ»-ին, որոնք վաղուց չի հրապարակել:
Գործադիրի վերջին նիստում էլ Փաշինյանը, անդրադառնալով Կապսի ջրամբարի շինարարությանը, առիթը բաց չթողեց հայտարարելու, թե Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի: Իսկապես, նոր գյուղի կառուցումը գուցե շատ կարևոր իրադարձություն է, սակայն առանցքային հարցն այն է, թե արդյո՞ք դա է այսօր երկրի առաջնային խնդիրը։ Փաշինյանը փորձում է մեկ գյուղի կառուցման միջոցով թոզ փչել հանրության աչքերին այն դեպքում, երբ ինքը հակառակորդին է հանձնել երկու հարյուրից ավելի հայկական բնակավայր, որոնց բնակիչներն այսօր փախստական են դարձել։ Ադրբեջանին են զիջվել նույնիսկ այն բնակավայրերը, որոնք, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, չպետք է հանձնվեին Ադրբեջանին։ Եռակողմ հայտարարության 1-ին կետում նշվում էր, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, սակայն հակառակորդը օկուպացրեց հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը՝ գերեվարելով տասնյակ զինվորականների։
Եվ փոխանակ Փաշինյանն ընդունի, որ չի կարողացել հասնել եռակողմ համաձայնության պահանջների իրականացմանը, ձախողման պատասխանատվությունը գցում է ռուս խաղաղապահ ուժերի գրպանը՝ հայտարարելով, թե նրանք պետք է ապահովեին այդ տարածքների անվտանգությունը։ Բայց ամենամտահոգիչն այն է, որ Փաշինյանը դեռևս շարունակում է գործող հայկական բնակավայրերը զիջել Ադրբեջանին։ Նա բացահայտ հայտարարում է, որ Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի կառուցումից հետո Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին։ Այսպիսի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում նույնիսկ բացառված չէ, որ Փաշինյանը նոր հայկական գյուղեր կարող է զիջել Ադրբեջանին նաև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի շրջանակներում, ապա լուրջ դեմքով «հիմնավորել», թե դրանք ադրբեջանական են եղել։ Իսկ հանձնված բնակավայրերի հետ ինչ կարող է տեղի ունենալ, արդեն կարելի է պատկերացնել՝ հաշվի առնելով հայկական հետքն ամեն կերպ ջնջելու, հայկական մշակութային արժեքները ոչնչացնելու և ձևափոխելու ադրբեջանական հատուկ քաղաքականությունը։
Մի խոսքով, փաստացի ստացվում է, որ հարյուրավոր բնակավայրեր կորցնելով հանդերձ՝ մեծ աղմուկ ենք բարձրացնում Հայաստանում 1 նոր գյուղի կառուցման շուրջ՝ այն ներկայացնելով որպես Անկախ Հայաստանի պատմության մեջ հատուկ առաջընթաց։ Մյուս կողմից էլ՝ անգամ Հայաստանի եղած գյուղերն են անտեսված վիճակում և շատ արագ դատարկվում են, քանի որ բնակիչները բռնում են արտագաղթի ուղին։ Համապատասխան ուշադրության բացակայության արդյունքում երիտասարդները հեռանում են, իսկ գյուղական բնակավայրերում հիմնականում տարեցներ են մնում։ Խնդիրը հատկապես լուրջ է սահմանամերձ գյուղական բնակավայրերի դեպքում։ Այդ համայնքների անվտանգությունը հարցականի տակ է։ Բնակիչներն ուղղակի թողնված են բախտի քմահաճույքին այն աստիճանի, որ շատ դեպքերում նրանց կարող է թվալ, թե մենք ուղղակի պետություն չունենք։
Այլ կերպ ասած՝ մենք առաջին հերթին մեր ունեցածի, հատկապես սահմանամերձ բնակավայրերի դատարկումը կանխելու, մարդկանց բարեկեցությունն ապահովելու խնդիր ունենք, այնինչ այս իշխանությունները թքած ունեն այդ ամենի վրա, բայց շատ մեծ քայլ են ներկայացնում մեկ գյուղի կառուցումը, այն էլ՝ շատ հեռավոր ապագայում: Մյուս կողմից՝ Կապսի ջրամբարի կառուցման մասին ամպագոռգոռ հայտարարություններ է անում մի իշխանություն, որի պատճառով ահռելի ջրային պաշարներ պատերազմի արդյունքում ուղղակի անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի արդյունքում նույնիսկ վտանգվում է Հայաստանի և Արցախի ջրային պաշարների անվտանգության ապահովման հարցը։
Ստացվում է, որ առաջ ենք շարժվում «հազար քայլ հետ, մեկ քայլ առաջ» սկզբունքով։ Այսինքն, պետությունը էական վնասներ է կրում գործող իշխանությունների պատճառով, իսկ այդ ֆոնին վերջիններս մեկ-երկու փոքր քայլերը ներկայացնում են որպես «խոշոր», «աննախադեպ» նախաձեռնություններ...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը