«Փաստ» օրաթերթը գրում է․ Տևական ժամանակ է՝ հայկական ֆինանսական շուկայում բավական հարափոփոխ իրավիճակ է. օրեցօր ականատես ենք լինում դոլարի ու եվրոյի արժեզրկմանը։ Մասնագետների շրջանում կա կարծիք, որ այս շուկայում իշխանական որոշ շրջանակներ բավականին հմտորեն «տաքացնում են ձեռքները»: Հասարակության շրջանում նման կարծիքներն սկսել են անհանգստացնել իշխանություններին, և, ինչպես երևում է, տարադրամային այս վիճակը, որքան էլ տարօրինակ հնչի, նրանք փորձում են օգտագործել հերթական բլեֆի համար։
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շաբաթներին իշխանությունները հատուկ «էմիսարների» հանձնարարում են, որ մարզերում ազգաբնակչության շրջանում տարածեն տեղեկություններ, թե դոլարի արժեզրկումը և դրա ֆոնին դրամի կայունացումը հանգեցնելու է գազի և էլեկտրաէներգիայի գների նվազման։
Ավելին, մենք տեղեկություններ ունենք նաև, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իշխանությանը սպասարկող որոշ սատելիտներ համացանցային հնարավոր գրեթե բոլոր հարթակներում այդ թեման տարածում և տիրաժավորում են։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ նշված «էմիսարները» բնակչությանը փորձում են նաև համոզել, թե այս ուղղությամբ իշխանություններն արդեն կոնկրետ քայլեր են իրականացնում, իբր նույնիսկ թեմայի հետ կապված պատվիրակություն է մեկնել Մոսկվա բանակցելու։
Սակայն այս թեմայով ոլորտի մի շարք մասնագետներ շեշտում են, որ սա հերթական բլեֆն է, քանի որ այս հարցում կարևոր հանգամանք է, թե դրամի ամրապնդումն ինչքան կշարունակվի. ի վերջո, կարճաժամկետ հատվածում այդ ազդեցությունը չի կարող մեծ լինել, ինչն էլ ոչ մի կերպ չի կարող ազդեցություն ունենալ մասնավորաբար գազի սակագնի վրա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը