08 07 2022

Փաշինյանն Էրդողանի հետ հնարավոր հանդիպման մասի՞ն էր զեկուցում․ «Հրապարակ»

Փաշինյանն Էրդողանի հետ հնարավոր հանդիպման մասի՞ն էր զեկուցում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Այդ մասին Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում բավական ուշագրավ մի կետ կար, որը ՀՀ վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունում բացակայում էր։ Համաձայն Կրեմլի՝ «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է վերջին շրջանում տեղի ունեցած այն շփումների մասին, որոնք միտված են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանը»։

Սա, ինչ խոսք, հետաքրքիր նյուանս է, հատկապես երբ, համաձայն ռուսական կողմի, Փաշինյանն ինքն է զանգել, ու, դատելով Կրեմլի հաղորդագրությունից, զանգել է հենց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ կատարված քայլերի ընթացքի կամ ձեռք բերված պայմանավորվածությունների ու արդյունքների մասին Ռուսաստանի նախագահին զեկուցելու։

Այս նյուանսի վրա ուշադրություն չէինք դարձնի, եթե թուրքական եւ ռուսական փորձագիտական-վերլուծական համայնքում չհայտնվեին հրապարակումներ այն մասին, որ հնարավոր է առաջիկայում տեղի ունենա Փաշինյան-Էրդողան հանդիպում։ Թուրքական փորձագիտական-վերլուծական հանրույթում կարծում են, որ այդ հանդիպումը շատ կարեւոր է, քանի որ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների հարցերը, թե՛ այդ հարցից ածանցված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, մասնավորապես՝ «զանգեզուրյան միջանցքի» բացման հարցը, հնարավոր է կարգավորել հենց նման «հանդիպումների» մակարդակում։

Ռուսական փորձագիտական-վերլուծական հանրույթն էլ կարծում է, որ Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպման մասին խոսվել է Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպման ժամանակ, որի արդյունքները Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, իրեն հատուկ «մաներայով», քննարկել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։

Ռուսները ֆիքսում են, որ Փաշինյան-Էրդողան հանդիպման հարցը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի բաղադրիչն է եղել, եւ հիշեցնում են, որ անցյալ տարվա աշնանը Էրդողանը բացահայտել էր գաղտնի տեղեկատվություն` կապված Հայաստանի հետ, եւ հայտարարել, որ Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով առաջարկել էր հայ-թուրքական հանդիպում անցկացնել` պետությունների ղեկավարների մակարդակով։ Այս ամենը համադրելով՝ կարող ենք հանգել այն եզրակացության, որ, մի կողմից, Չավուշօղլուն, ի դեմս Շալենբերգի, Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպման մասին քննարկում է ունեցել, պայմանական ասած՝ «հավաքական Արեւմուտքի» հետ, մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Կրեմլ ու զեկուցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին գործընթացների մասին։

Հաշվի առնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացն ընթանում է Ռուսաստանի «բարձր պատրոնաժի ներքո», կարող ենք նույնիսկ ենթադրել, որ հնարավոր է՝ Հայաստան-Թուրքիա ղեկավարների մակարդակով հավանական հանդիպմանը մասնակցելու թույլտվություն է հարցրել Պուտինից կամ ստացել այդ հանդիպմանը մասնակցության ցուցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ