«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի Ջրօգտագործողների ընկերությունում կրքերը չեն հանդարտվում։ Մենք գրել էինք, որ մեկ ամիս առաջ ՋՕԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն է տեղի ունեցել: Ձայների գերակշռությամբ ԺՊ է ընտրվել Կամարիս համայնքի նախկին ղեկավար Գոռ Հակոբյանը:
Գրել էինք նաեւ, որ ընտրության օրը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ով այդ նույն ընկերությունում՝ ՋՕԸ-ում, աշխատում է որպես վերահսկողության պետի տեղակալ, ամեն կերպ փորձել է ազդել վարչական խորհրդի անդամների վրա, որպեսզի իր թեկնածուին անցկացնի, սակայն չի հաջողվել:
Արդյունքում՝ Պետրոսյանները թույլ չեն տալիս, որ Հակոբյանն անցնի իր պարտականությունների կատարմանը․ մինչ օրս «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում աշխատանքը պարալիզացված է՝ փակ է տնօրենի աշխատասենյակը, աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել: Նախկին տնօրեն Աբրոյանը, Պետրոսյանի հովանավորությամբ, չի հանձնում կնիքն ու աշխատասենյակը։
Գոռ Հակոբյանի փաստաբան Սմբատ Մինասյանը դիմել է ոստիկանություն, որպեսզի քննություն սկսեն այս դեպքերի հետ կապված, եւ նրա դիմումի համաձայն՝ քրեական գործ է հարուցվել։ «2 օր առաջ, որպես լիազորված անձ, ներկայացել եմ Կոտայքի ՋՕԸ, եւ արձանագրություն ենք կազմել: Աբրոյանին ասացինք, որ ընդունում-հանձնում անի: Աբրոյանը հրաժարվեց՝ ասելով, որ պետռեգիստրով դեռ ինքն է տնօրենը: Մենք ներկայացրել ենք, որ Աբրոյանն ինքնիրավչություն է կատարում՝ հրաժարվում է ընդունումհանձնում անել:
ՋՕԸ-ում ամբողջ աշխատանքը խաթարվել է, աշխատակիցների կեսը գնում է աշխատանքի՝ աշխատավարձ չի ստանում, քանի որ տնօրեն չկա, տնօրենի ԺՊին էլ հնարավորություն չեն տալիս աշխատելու: Իր լիազորություններն է չարաշահել նաեւ վարչխորհրդի նախագահը, ով պարտավոր է կատարել իր պարտականությունները:
Վարչխորհրդի անդամները լիազորել են նախագահին, որպեսզի աշխատանքային պայմանագիր կնքի Գոռ Հակոբյանի հետ եւ աշխատանքից ազատի Աբրոյանին: Դա չի արվել: Ջրօգտագործողն ո՞ւմ դիմի, որպեսզի ջուր ստանա, եթե այդտեղ խնդիր կա: Առաջնահերթ խնդիրն այն է, որ 2 ամիս է՝ հիմնարկի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել, երկրորդ՝ արդեն ոռոգման սեզոնն է, մարդիկ ջուր պետք է ստանան, որպեսզի իրենց բերքը չփչանա: Եվ վերջապես, մենք գործ ունենք պետական հիմնարկի հետ, մարդիկ լսում են, որ պետության մեջ մի պետական հիմնարկ չի աշխատում՝ աշխատակիցների անբարեխղճության արդյունքում, հեղինակազրկվում է ամեն ինչը:
Վերջապես պաշտոնատար անձինք, ովքեր, մեր պատկերացումով, լիազորությունները չարաշահել են եւ ինքնիրավչություն են կատարել, պետք է ենթակրվեն պատասխանատվության: Վերջիվերջո, օրենքի երկիր ենք մենք դառնում, իսկ օրինականության սկզբունքն ի՞նչ է ասում․ որ օրենքի առջեւ բոլորը հավասար են: Այստեղ մարդիկ փորձում են վեր դասել իրենց օրենքից, մեր պատկերացմամբ՝ դա սխալ է: Դրա համար էլ դիմել ենք ոստիկանություն, եւ քրեական գործ է հարուցվել, եթե չեմ սխալվում՝ Քրեական օրենսգրքի 322 հոդվածով՝ ինքնիրավչություն։ Բայց ես պնդում եմ, որ 308 հոդվածի հատկանիշ էլ կա այստեղ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Թող քննություն անեն, պարզեն իրականությունը, եթե մեղավոր անձինք էլ կան, թող ենթարկվեն պատասխանատվության»,- մեզ հետ զրույցում ասաց Մինասյանը:
Կոտայքի ՋՕԸ-ի վարչխորհրդի նախագահ Վահրամ Սեդրակյանը, ով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն է, հարուցված քրեական գործի շրջանակում չցանկացավ մեզ հետ խոսել. «Ես ամեն բան ասել եմ հետաքննիչին, կարող եք այնտեղից հետաքրքրվել, իմանալ»: Խնդրեցինք՝ եթե Ձեզ համար դժվար չէ, մեզ եւս ասեք այն ամենը, ինչը քննիչին եք ասել։ «Հիմա աշխատանքի վայրում եմ եւ խիստ զբաղված եմ: Ես գտնում եմ, որ ես շարժվել եմ օրենքով սահմանված կարգով եւ որեւէ լիազորություն չեմ չարաշահել։ Կներեք ինձ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը