14 05 2022

Աննա Հակոբյանի հիմնադրամին անանուն միլիոնավոր դոլարներ են փոխանցել․ «Ժողովուրդ»

Աննա Հակոբյանի հիմնադրամին անանուն միլիոնավոր դոլարներ են փոխանցել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքական դաշտում «Իմ քայլը» դաշինքի, այնուհետ խորհրդարանական խմբակցության ի հայտ գալուն զուգահեռ մեկ այլ «Իմ քայլը» նախաձեռնություն էլ ծնվեց. խոսքը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամի մասին է: «Իմ քայլի» տնօրենն այժմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ տիկին Հակոբյանը: 2018-ից ի վեր հիմնադրամը մի քանի հարյուր հազար միլիոնի փոխանցումներ է ստացել: Դրանց մի մասն անանուն է եղել: Ըստ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքի՝ 2018-ին հիմնադրամին 510.000 դոլար ու 77 503 000 դրամ է փոխանցվել: Ի դեպ, 510.000-ից 500.000 դոլարը եղել է միանվագ փոխանցում: 2019-ի 258 197 000 դրամ, 50.200 դոլար ու 10 եվրո է անանուն փոխանցվել: 2020-ին 10.311.000 դրամ ու 1019 դոլար է փոխանցվել անանուն, 2021-ին՝ 305.000 դրամ: 2022-ի դեռեւս անանուն փոխանցում չի եղել:

Հիմնադրամից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ քարտային փոխանցում անելու դեպքում նվիրատուն հնարավորություն ունի ինքը որոշելու՝ անանուն մնալ, թե նշել՝ ով է բարեգործություն անողը, իսկ իրենք՝ հիմնադրամի ներկայացուցիչները, որեւէ կերպ իրավունք չունեն կաշկանդելու նվիրատուի ընտրությունը:

Իհարկե, չի բացառվում, որ հիմնադրամին գումար փոխանցողների մեջ կլինեն և այնպիսի մարդիկ, որ իսկապես չեն ցանկանա, որ իրենց կատարած բարեգործության մասին որևէ մեկը իմանա: Բայց, համաձայնեք, թափանցիկության առումով սա իսկապես խնդրահարույց է, հատկապես եթե դրա հետևում վարչապետի հետ փոխկապակցված անձն է, նվիարտուն էլ միանգամից, օրինակ, կես միլիոն դոլար է փոխանցում: Թեև քրիստոնեական նորմերը բարեգործության անանուն անելն են հորդորում («աջ ձեռքդ չիամանա՝ ձախն ինչ է անում» տրամաբանության մեջ), բայց հայաստանյան քաղաքականացված հիմնադրամների դեպքում այս մոդելը, իհարկե, չի աշխատում: Ժամանակին հենց այս տեսակի «անուններն» ու 50/50 «փայ մտնելն» էին քննադատում Փաշինյանն ու թիմակիցները ու այն ռեկետ համարում:

Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա կարող ենք ենթադրել, որ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած հիմնադրամը նույնպես կարող էր անտարբեր չանցնել գործարարների կամ բիզնեսմենների կարողությունների կողքով: Չի բացառվում, որ գործարարները կամ նախկին իշխանության՝ Փաշինյանի հետ արդեն լեզու գտած պաշտոնյաններն ու բիզնեսմեններն Աննա Հակոբյանի հիմնադրած հիմնադրամին փոխանցում անելու միջոցով գտած լինեն իշխանության հետ ձեռք ձեռքի տալու բանալին: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի մերժած ռեկետը կոնկրետ դրսևորվում է նրա կնոջ հիմնադրած հիմնադրամում. անանուն միլիոնավոր դոլարներ են հոսում դեպի Աննա Հակոբյան: Ինչի՞, ո՞ր ծառայության դիմաց:


Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ