13 05 2022

Ադրբեջանցիները կլոր շրջափակել են՝ երեք տեղով կանգնած են․ «Հրապարակ»

Ադրբեջանցիները կլոր շրջափակել են՝ երեք տեղով կանգնած են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Ուղիղ մեկ տարի առաջ՝ մայիսի 12-ին, ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք՝ առաջացավ Գորիսից ուղիղ գծով մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Սեւ լճի ուղղությամբ եւ փաստացի վերահսկողություն հաստատեց լճի շրջակայքում՝ գրեթե ամբողջությամբ օղակելով այն։ Google Earth-ում թարմացված արբանյակային լուսանկարներում երեւում է, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հաստատվել ու ենթակառուցվածքներ են կառուցել այդ օրերին գրաված տարածքներում։
Մասնավորապես, ադրբեջանցիները Սեւ լճի շուրջ դիրքեր եւ ճանապարհներ են կառուցել։ Դեռ անցած տարվա մայիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում նշել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Սեւ լճի տեղանքում եւ հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կմ, եւ հայտարարել էր, որ պետք է անհապաղ հեռանան այդ տարածքից։ Սակայն ուղիղ մեկ տարի է անցել, իսկ իրավիճակը Սեւ լճի տարածքում շարունակում է նույնը մնալ։

Խոզնավար համայնքի նախկին ղեկավար Վարո Գրիգորյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին եւ հարցին, թե մեկ տարվա ընթացքում հակառակորդը շա՞տ է անհանգստություն պատճառել, նշեց․ «Անհանգստությունն այն է, որ մեր տարածքում եկել են, նստել՝ ո՛չ անասնապահությամբ ենք կարողանում զբաղվել, ո՛չ դաշտային գործեր անել։ Մեզ խեղդած պահում են։ Նույն իրավիճակն է, էլի։ Դա Հայաստանի տարածքն է, ես սաղ կյանքս այդ սարերում եմ մեծացել, չգիտե՞մ այդ տարածքը։ Այն ժամանակ (2021-ին) բռնի կերպով ներխուժել են, հետ էլ չեն գնացել, էդպես էլ մնացել են։ Առաջին ընթացքում մի որոշ ժամանակով առաջ են եկել, հետո հետ ենք տվել, հիմա նախկին դիրքերում են կանգնած»։

Նախկին համայնքապետի խոսքով՝ ադրբեջանցիները հեկտարներով արոտավայրեր են իրենցով արել․ «Մեր վարչական տարածքից, Վերիշենի տարածքից չեմ հաշվում, մերից 80-90 հեկտար խոտհարք է, 250 հեկտար արոտավայրեր, չհաշված՝ մեր ջրերի ակունքի վրա նստած են։ Մարդիկ անասնապահությամբ էին զբաղվում, օրինակ, ես շատ անասուններ եմ ունեցել, բայց մի հատ չունեմ այսօրվա դրությամբ․ խոտ չկա, արոտավայրեր չկան, այն ժամանակ ազատագրված տարածքներում արածացնում էր ժողովուրդը, բայց հիմա փակված է, էլ ի՞նչ արոտավայր, 400 հեկտար արոտավայր է մնացել։ Հիմա մարդիկ մի քիչ հող են մշակում՝ կարտոֆիլ է, լոբի։ Աշխատանք էլ չկա, կլոր շրջափակած են, երեք տեղով կանգնած են»։ Նա նշեց, որ սահմանից մինչեւ Խոզնավար 300 մետր է, գյուղի կենտրոնից՝ 600 մետր․ «Առավոտը ելնում ենք, ասում ենք՝ լավ է, արթնացանք, թուրքը ե՞րբ է մեզ հետ լավ եղել, որ հիմա լավ լինի»։ Գրիգորյանի խոսքով՝ այս մեկ տարվա ընթացքում գյուղից բավականին մարդ է հեռացել, եւ հիմնականում արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն․ «Բա էս երեխեքը մոտներս վազվզում են, ասում ենք՝ իրենց վիճակն ի՞նչ է լինելու։ Կոռնիձորով, Արավուսով կանգնած են»։ Նա նաեւ նշեց, որ կրակոցները պարբերական չեն, եթե լինում էլ են, ապա հակառակորդի՝ ուսումնական վարժանքներ անելու արդյունքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ