«Փաստ» օրաթերթը գրում է․ Ապրիլի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած հանրահավաքը, որն առաջին հերթին խորհրդանշական էր նրանով, որ տարվա մեկնարկից ի վեր ընդդիմության ամենախոշոր նախաձեռնությունն էր։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ այս հավաքը մեր ներքաղաքական կյանքի համար եզակի էր նաև այն տեսանկյունից, որ լոկ իշխանափոխության օրակարգ չէր հետապնդում, ինչպես տարբեր ժամանակներում եղել են ընդդիմադիրների հավաքները, այլ ուներ հստակ պահանջներ ու «մեսիջներ»։
Ըստ էության, ընդդիմության հիմնական նպատակը Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգի մասին ահազանգելն էր և հանրությանը համախմբելը հայրենիքի շահերի պաշտպանության խնդրի շուրջ։ Եվ պատահական չէ, որ Ազատության հրապարակի հարթակից ելույթ ունեցողների խոսքերը գլխավորապես առնչվում էին հենց անվտանգության հիմնախնդրին։ Այդ շրջանակներում էլ ներկայացվեց ընդդիմության հանրահավաքի եզրափակիչ հայտարարությունը, որի կետերն արտացոլում են Արցախի, Հայաստանի և, ընդհանրապես, ողջ հայության շահերի պաշտպանությանը վերաբերող գլխավոր հանրային պահանջները՝ բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, չստորագրել Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի առանց սահմանափակումների իրացումը, Հայաստանի ինքնիշխանության հաշվին միջանցք չտրամադրել և այլն։ Այսինքն, ընդդիմության պահանջները ոչ թե իշխանափոխության մասին ինչ-որ լոզունգներ են, այլ կոնկրետ բովանդակություն ունեն և, մեծ հաշվով, հանրության ընդդիմադիր հատվածի կարմիր գծերն են, որոնք հատելու դեպքում ընդդիմությունը կարող է իրեն իրավունք վերապահել դիմելու կոնկրետ գործողությունների։
Մյուս կողմից էլ՝ եթե հաշվի ենք առնում, որ ապրիլի 5-ին տեղի ունեցածը դեռ ընդդիմության մեկնարկային ակցիան էր, ապա քաղաքացիների մասնակցությունը կարելի է բավական տպավորիչ համարել։ Սա նաև մեսիջ է իշխանություններին, որ ընդդիմության սկսած շարժումը թափ հավաքելու մեծ ներուժ ունի։ Բնականաբար, այս շարժումը մեկ օրվա կամ մեկ հանրահավաքի հարց չէ (դա նշում են նաև ընդդիմադիրները) և տևական ու հետևողական պայքար է պահանջում, որի միջոցով հնարավոր կլինի հասնել էական արդյունքների։ Սակայն մյուս կողմից էլ` կարևոր է, որ ընդդիմությունը մինչև վերջ պահպանի իր միասնականությունը, քանի որ քանիցս ականատես ենք եղել, որ ընդդիմադիր ուժերի միջև հակասությունների կամ որոշակի հարցերի, մոտեցումների շուրջ տարաձայնությունների հետևանքով նրանց սկսած շարժումը պառակտվել է կամ հաջողություն չի ունեցել։ Ընդդիմադիր ուժերի առաջին հանրային ակցիան ցույց տվեց, որ խորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն միասնական է գործում, այլև ընդդիմադիր մյուս ուժերին ևս համախմբման կոչ է անում՝ հաշվի առնելով, որ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ հանրային մեծ անվստահություն կա։
Այստեղ կա նաև հարցի մեկ այլ «անկյունը». ճիշտ է, բազմաթիվ քաղաքացիներ են դժգոհ Նիկոլից ու նրա կործանարար իշխանությունից, սակայն նրանցից շատերը հաճախ բավարարվում են տեղի ունեցող իրադարձություններին հեռուստացույցի, համակարգչի կամ հեռախոսների էկրաններից հետևելով։ Սակայն, հաշվի առնելով իրադարձությունների ներկա ընթացքը, հեռու չէ այն օրը, երբ հանրության համբերության բաժակը կլցվի և հրապարակներում կտեսնենք «կրիտիկական զանգված»: Այստեղ կարևոր է նաև, որ ընդդիմությունը իր գործողությունները պլանավորելիս գործի սթափ ու կոնկրետ մշակված ռազմավարության շրջանակներում ու չտրվի որոշ բողոքավորների էմոցիաներին, որոնք առանց ռացիոնալ հաշվարկների միայն արմատական ու «միանգամից» քայլերի կողմնակից են։ Ընդդիմության քայլերը երբեք չպետք է լինեն ինքնանպատակ։ Ի դեպ, պատահական չէ, որ մեկնարկային հանրահավաքին ի պատասխան՝ իշխանություններն արդեն իսկ անհանգստության նշաններ ցույց տվեցին՝ փորձելով հրապարակ նետել ստանդարտ, իսկ ավելի շատ՝ անհեթեթ քարոզչական մանիպուլ յացիաներ:
Օրինակ՝ հաշվի առնելով, որ ընդդիմության ակցիան տեղի ունեցավ հենց Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման նախօրյակին, ըստ այդմ, իշխանական ճամբարից մեկնաբանություններ եղան, թե «հանրահավաքը դժվարին բանակցություններից առաջ թուլացնում է Հայաստանի դիրքերը»։ Սա մեծ սխալ էր իշխանության կողմից: Նրանք, մասնավորաբար, կարծես թե, խոստովանում են, որ հակառակորդին արվող շարունակական իրենց զիջումները ժողովրդի կողմից լեգիտիմություն ունենալու կամ ժողովրդի վստահությունը վայելելու քողի տակ արդարացնելը այլևս չի աշխատի։
Այսինքն, Փաշինյանն այլևս կաշկանդված կլինի թուրք-ադրբեջանական պահանջները մեկը մյուսի հետևից իրագործելու հարցում, քանի որ ընդդիմության հավաքներին մասնակցելու միջոցով հասարակությունը կարող է ցույց տալ իր միակամությունը, թե նա իրենց շահերը չի ներկայացնում։ «Վառում» եք ձեզ, տղերք...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը