10 03 2022

Թե՛ Վահագն Խաչատուրյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի արձագանքները հրեշավոր են

Թե՛ Վահագն Խաչատուրյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի արձագանքները հրեշավոր են

Սուտ «խաղաղության» կամ, ինչպես նշում ենք՝ փաշինյանական վարչախմբի մահաբորբոս խաղաղության որոմը նոր մետաստազներ է տալիս: Կառավարության նիստում դա արձանագրվեց այն իրողությամբ, որ ՔՊ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործնականում լռությամբ շրջանցեց ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի հայության դեմ ռազմական ագրեսիայի նոր՝ արդեն ավելի քան 1 շաբաթ շարունակվող դրսևորումները: Իսկ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում արդեն «փայլատակեց» հի՜ն ՀՀՇ-ական կադրերից Վահագն Խաչատուրյանը, որին Նիկոլն օրերս որոշեց նստեցնել է «ՀՀ նախագահի» պաշտոնում:

Ու արժե նկատել, որ ՔՊ-ի «նախագահ» Վահագն Խաչատուրյանի ասածը հրեշավորության աստիճանով չի զիջում, անգամ՝ ինչ-որ տեղ գերազանցում է ՔՊ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական սանձարձակություններն անգնահատական թողենլու կեցվածքին:

Նախ, ինչ են ասել կամ ինչ չեն ասել հիշատակվածները: ՔՊ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյան, կառավարության նիստ, 10-ը մարտի. «Վերջին օրերին մենք հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք… Այս պահին գնահատականներ չտանք,  պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ և փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»:

ՔՊ-ի «նախագահ» Վահագն Խաչատուրյան, 10-ը մարտի. Արձագանքելով հարցին, թե՝ ՀՀ իշխանությունների կողմից «խաղաղության դարաշրջան» բացելուն զուհագեռ Ադրբեջանը կրակում է սահմանին, պատասխանել է․ «Հա, հետո՞ ինչ, ոչինչ: Որևէ մեկը, այդ թվում Ադրբեջանը, չպետք է շեղի այդ ճանապարհից: Մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Մենք պետք է պաշտպանվենք և պաշտպանվելով ասենք, որ պետք չէ մեզ հետ այդպես խոսել»:

Բացի այն, որ մեջբերումների հիշատակված հեղինակների վարքն ու ասածները անբնական են, անտրամաբանական ու անընդունելի, թե՛ Վահագն Խաչատուրյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի արձագանքները հրեշավոր են:

Այն առումով են հրեշավոր, որ նման կրավորական, թուլակամ ու ոչինչ չասող արձագանքները յուրովի խրախուսում են ալիևյան հակահայ ռեժիմին, որ վերջինս է՛լ ավելի սանձարձակ ու լկտի դրսևորվի: Գործնականում, նման վայ-արձագանքներով ու պահվածքով Փաշինյանն ու նրա Խաչատուրյանը աջակցում են ադրբեջանական հակահայ և ֆաշիստական ռեժիմի կողմից Արցախի ու, առհասարակ, հայության դեմ ուղղված գործողությունները:

Ներկա պայմաններում միայն իրականությունից վերացած կամ բանականության հետ կապն իսպառ խզածը կարող է խոսել թշնամու հետ խաղաղության պայմանագիր կնքելու, էլ չասենք՝ «խաղաղության դարաշրջան» բացելու կամ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին: Առավել ևս, ո՛վ է դա ասում, Հայաստանը տարածաշրջանային «պոլի շորի» վերածած ոչ բարով՝ «իշխանության» ներկայացուցի՞չը, Հայաստանը կործանման տարած ու դրա համար ցմահ բանտարկության ենթակա «գործիչնե՞րը»: Վահագն Խաչատուրյա՞նն է «խաղաղություն» հաստատելու, թե՞ իր սրտի Նիկոլ Փաշինյանը, որոնք առհավետ ընկղմված են հազարավոր հայ երիտասարդների արյան մեղքի մեջ, ինչի համար, իրենք վաղ թե ուշ ամենայն խստությամբ պատժվելու են:

Ու, ընդհանրապես, ո՞ւմ հետ են ցանկանում «խաղաղություն հաստատել», էլի: Ադրբեջանի՞: Ադրբեջանը բացեիբաց հայտարարում ու իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ իր նպատակը եղել է, կա ու մնալու է հայության իսպառ ոչնչացումը, Հայաստանը երկրի երեսից վերացնելը, իսկ սրանք, որ անունով ՀՀ-ն են ներկայացնում, ինչ-որ անհեթեթություններ են դուրս տալիս… խաղաղություն հաստատելու ճանապարհից չշեղվելու մասին:

Ի՞նչ է դա, եթե ոչ հենց թշնամու շահերի սպասարկում, թշնամու հակահայ ու ցեղասպանական ծրագրերի և գործողությունների կիսաքողարկված սատարում ու խրախուսում: Չնայած, ուրիշ ինչ կարելի է սպասել մի խմբակից, որի համար Շոուշին ադրբեջանական քաղաք է՝ «դժբախտ ու դժգույն», Արցախը օտար…
Կան նաև այնպիսինները, որոնք կարծում են, որ եթե թուրքին այլևս թշնամի չհամարեն կամ չանվանեն, ապա թուրքն այլևս չի մորթելու, չի սպանելու, տնից-տեղից չի զրկելու և «խաղաղության դարաշրջան» է բացվելու: Կան նաև այդ հիմարությունները հալած յուղի տեղ ընդունողներ, որոնք կարծում են, թե իրենց ընտրած Նիկոլի կողմից Հայաստանը կործանման տանելուց և… էլի Նիկոլ ընտրելուց հետո կարող է խաղաղություն ու ապագա լինել: Այդ կատեգորիայի կույր կամ կռապաշտ «հավատացողներն» ավելի ահավոր են, քան ամենից խարդախ ու խաբեբա կառավարիչները, քանի որ զբաղված են իրենք իրենց խաբելով: Չի՛ կարող խաղաղություն ու ապահովություն լինել որևէ ժողովրդի համար, որն ուրանում է իր հերոսներին, ուրանում է իր ազգայինը, ուրանում է իր հայրենիքը, ուրանում է իր զոհված զավակներին, ուրանում է նրանց թափած արյունը: Նման՝ տարրական արժանապատվությունից և ինքնապահպանման բնազդից, ինքնապաշտպանության ունակությունից զուրկ ժողովուրդներին բոլոր ժամանակներում կոտորում ու ոչնչացնում են: Նման ժողովուրդները չունեն ու չեն էլ կարող ունենալ որևէ ապագա:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ