17 02 2022

Դու չես կարող խաղաղություն ունենալ մեկի հետ, ում նպատակը Հայաստանը ոչնչացնելն է

Դու չես կարող խաղաղություն ունենալ մեկի հետ, ում նպատակը Հայաստանը ոչնչացնելն է

Առանձնապես հաճելի զբաղմունք չէ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի հայտարարություններին անդրադառնալը: Նույնիսկ կոյուղագծի կամ աղբատար խողովակի խցանումը վերացնելը պակաս տհաճ է, քան Փաշինյանի ստահոդ, իրականության հետ չեղրսվող ու պարզապես անպատասխանատու, արկածախնդրական հերթական հայտարարություններին անդրադառնալը: Այն, թերևս կարելի է թեթևակի զուգահեռել գիշերը, հորդառատ անձրևի պայմաններում ավտոմեքնենայի վնասված անվադողը պահեստայինով փոխարինելուն, օրինակ, Գորիս-Կապան ավտոճանապարհին, որի մի զգալի մասը, նույն Փաշինյանի «շնորհիվ» նվիրվել է ադրբեջանական թուրքերին:

Եվ ահա, այդ նույն Փաշինյանը, օրերս, կոնկրետ փետրվարի 9-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե (բռնվեք)… Հայաստանի միջազգային իմիջն ու բրենդը ժողովրդավարությունն է: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ կրկնակի երկերեսանի, փուչ և, ի լրումն, ցինիկ հայտարարություն:  

Կրկնակի երկդիմի է նախ, այն պատճառով, որ Փաշինյանի գլխավորած վարչախումբը և ՔՊ ղեկավարն ինքն իրենով, ոչ միայն ժողովրդավարական չեն, ոչ միայն հակա՛ ժողովրդավարական են, այլև ուլտրա ռեակցիոն են իրենց էությամբ: Նրանք հասել են այն ծայրակետին, որ քրեական պատիժ ու տուգանքներ են սահմանել իրենց ավերիչ ու երկրաքանդ գործունեությամբ պայմանավորված՝ քաղաքացիների կողմից իրենց ուղղված հայհոյական արտահայտություններ անելու համար: Բայմաթիվ օրինակներ էլ կարելի է բերել, դրանք այս «իշխանությունը» մատուցում ու մատուցել է գրեթե ամենօրյա ռեժիմով:

Այսինքն, առաջին երկերեսանությունն այն է, որ հրաշալի իմանալով, թե ինքը կամ իր կարգադրություններով՝ իր սպասարկուներն ի՛նչ հակաժողովրդավարական քայլեր են արել, Փաշինյանը պնդում է, թե ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային բրենդն է: Մյուս երկերեսանությունն էլ այն է, որ ոչ էլ «միջազգային բրենդն» է: Իհարկե, եվրոպական ու այսպես ասենք՝ «արևմտյան» միջազգային կազմակերպությունները հիմնականում դեռ գերադասում են ծպտուն իսկ չհանել՝ փաշինյանական ռեժիմի կողմից իրականացվող քաղաքական բացահայտ հալածանքների, հետապնդումների, խոսքի, ցույցերի, բողոքների արտահայտման ազատությունների ակնհայտ ոտնահարումների, ոստիկանական բռնությունների ու կամայականությունների փաստերի վերաբերյալ: Բայց, օրինակ, վերջերս ամերիկյան հայտնի «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նյարդերն էլ չդիմացան այն աստիճան, որ, ի դեպ, նույն «հայհոյանքի քրեականացման» վերաբերյալ մի կոշտագույն հայտարարություն արեցին: Ավելին, «Ֆրիդոմ հաուսը» ուղիղ տեքստով, անձամբ Փաշինյանին ու նրա կառավարությանը կոչ արեց անհապաղ չեղարկել այդ «օրենքը», իսկ այն ընդունելու և կիրառելու փաշինյանական իշխանության մանիակալ դրսևորումը բնորոշեց որպես «Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա»:
Բա ո՞ւր մնաց «միջազգային բրենդը»: Երևի այն ջրասույզ եղավ Փաշինյանի կառավարության կողմից թուրքերին հանձնված Սև լճում, իսկ միգուցե, տարրալուծվեց թշնամուն հանձնված Հադրութի պղծված գերեզմանատան ու Ալիևին նվիրած Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վերստին քանդված գմբեթի միջակայքում:

Փաշինյանի ասածը փուչ է նաև իր բովանդակությամբ:

Եթե Հայաստանը փաշինյանական իշխանության «գործունեության» հետևանքով կորցրել է իր պաշտպանունակությունը ու այն աստիճան, որ անկարող է ապահովել պետության տարածքային ամբողջականությունը (տասնյակ քառակուսի կիլոմետրեր տակավին թշնամական օկուպացիայի տակ են), եթե Հայաստանի ճանապարհներին թուրք-ադրբեջանցիները մաքսակետեր ու «բլոկ-պոստեր» են դրել, եթե Հադրութը, Քարվաճառն ու Քաշաթաղը թուրք-ադրբեջանցիներին են տրվել, եթե Շուշիում փողփողում են թուրքական դրոշները, եթե այն, ինչ Արցախից մնացել է, նմանվում է թուրքական կախաղանի սեղմվող օղակի՝ ռուսական օճառով պատված, եթե Հայաստանի ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը ոտնատակ են տրված, ապա էլ ի՜նչ ժողովրդավարություն: Այդ «միջազգային բրենդը», որ արդեն բրենդ էլ չէ, թող ներկայիս իշխանավորները ոլորեն ու մտցնեն որոշակի տեղները, որպեսզի խորհրդարանական ամբիոնից այլևս ցինիկ անհեթեթություններ չարտաբերեն:
Ցինիզմի մասին: Նույն հայտարարության ընթացքում Փաշինյանը, «միջազգային բրենդի» պահն ընդգծելու համար ասել է, թե Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում…
Բացահայտ սուտ է: Նախ, հենց միայն այն, որ իշխանությունը ապրանքների ու ծառայությունների, «սոցիալական օգնության» եղանակներով համատարած կաշառում էր ընտրողներին, արդեն բավարար է՝ հնչեցված հայտարարությունը սուտ որակելու համար: Բայց ավելի թարմ ու ցայտուն դրսևորումներ էլ կան: Ժողովրդավարական կառավարման առաջնային և կարևոր պարագաներից մեկը տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրություններով ձևավորելն է: Փաշինյանական վարչախումբը ոչ միայն անկարող եղավ ընդունել այդ ընտրություններում իր բացահայտ պարտությունը մի ամբողջ շարք համայնքներում, այլև ոստիկանական, իսկ ավելի ճիշտ՝ մլիցայական ռեպրեսիաներ ծավալեց այն համայնքներում, որտեղ պարտվել էր. ՏԻՍ ընտրություններում հաղթած անձինք ու նրանց աջակիցները ենթարկվեցին և տակավին ենթարկվում են քաղաքական հետապնդումների, ճնշումների, բանտարկությունների:
Ու առհասարակ, ո՞վ է խոսում ժողովրդավարությունից: Նիկո՞լը, ում գլխավորած իշխանության օրոք Հայաստանում աճում են միայն կորուստները, արտափախի ցուցանիշներն ու քաղաքական բանտարկյալների թիվը:
Ինչ վերաբերում է նրա այն հայտարարությանը, թե՝ գործող կառավարության նպատակը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն է, ապա հարկ է նկատել. Նախ՝ դու չես կարող խաղաղություն ունենալ մեկի հետ, ում ռազմավարական նպատակը Հայաստանը ոչնչացնելն ու հայությանը բնաջնջելն է, ինչը քարոզվում և ուսուցանվում է Ադրբեջանում պետական մակարդակով՝ մանկապարտեզներից սկսած: Երկրորդ՝ դու չես կարող խաղաղություն ունենալ մեկի հետ, ով շարունակում է Հայաստանի օկուպացիան: Հատկապես դո՛ւ ընդհանրապես չես կարող, քանի որ ինքդ ես երկիրն ու ժողովրդին տարել աղետային պարտության, նվաստացման, հուսալքության: Իսկ այն, ինչ նա նախատեսում է ստորագրել, մանավանդ առկա պայմաններում, ոչ թե «խաղաղության պայմանագիր» է լինելու, այլ Հայաստանի վերջնական ոչնչացման ակտ: Հա, նիկոլական օլիգարխները իրենց հոգեհարազատ թուրքերի հետ առուտուր կանեն, բայց Հայաստանին ու հայությանը դրանից ի՞նչ:
Այսինքն, հազարավոր հայ տղաների այս իշխանությունը մահվան մատնեց, որպեսզի… Ինչ-որ մարդիկ թուրքերի հետ առուտուր անելու վաղեմի երազանքն իրականացնեն: Ու դուք դեռ ինչ-որ բա՞ն եք խոսում:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ