Նիկոլ Փաշինյանի գլխավորած «իշխանությունը» կատաղի թափով հարձակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վրա:
Նախքան մյուս մանրամասնություններին անցնելը՝ նկատենք, որ դատական իշխանության վրա այս հարձակումն իրականցվում է մեկ անձի (այն, որ վարչապետ է համարվում) և նրա արբանյակիկների կողմից կամ առնվազն՝ լուռ համաձայնությամբ, որոնք մինչև իշխանությունը զավթելը իրենց պատառոտում էին «դատական իշխանության անկախության», «դատավորների անկախության» ու «դատարանների վրա չճնշելու» թեմաներով: Ավելին, այդ ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ ո՛չ մի «դեմոկրատական» երկրի (ԱՄՆ, Ֆրանսիա, առհասարակ՝ ԵՄ) դիվանագիտական ներկայացուցիչ ծպտուն իսկ չի հանում, դրանով միանգամից դառնալով անարժան իշխանության ուղղակի հանցակից-գործակիցը: Նշված երկրների դեսպանատները, կհիշեք, «նախկինների» ժամանակ իրենց կոկորդը ու նաև մարմնի այլ մասը «պատառոտում» էին ցանկացած՝ նախօրեին արձանագրվածից հազարապատիկ ավելի թույլ առիթի դեպքում: Իսկ հիմա, հանցավոր լռություն են պահպանում, ինչից ոգևորված, Նիկոլ Փաշինյանն ու նրա մանկլավիկները շարունակում են իրենց «բեսպրեդելը»:
Չէ, լուրջ, «Գեստապոյի» շեֆ Հիմլերը երևի շատ կուրախանար՝ տեսնելով, թե ի՜նչ ուշիմ աշակերտներ են ի հայտ եկել, ի դեմս, օրինակ Նիկոլի, նրա Ջհանգիրյանի և մյուս քպ-ոների:
Ի՞նչ է կատարվել: Իսկ կատարվել է հետևյալը. դատավոր Բորիս Բախշիյանը, ում վարույթում է գտնվում «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի դեմ նիկոլական իշխանության կողմից ակնհայտ քաղաքական հետապնդման նպատակով հարուցված գործի քննությունը, օրերս, ինչպես հայտնի է, որոշում ընդունեց Աշոտ Մինասյանի խափանման միջոցը փոխելու, կալանավորումից գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:
Դժվար չէ կռահել, որ Նիկոլ Փաշինյանը, դա համարելով անձնական վիրավորանքի նման մն բան, իր զզվելի ու մանրախնդիր ու հիվանդ քինախնդրությունից ելնելով, ըստ երևույթին՝ հիստերիայի նոպայի մեջ ընկած, իր կամակատարիկներին հրամայել է «բռնել, բանտը գցել» անհնազանդ դատափորին: Բարձրագույն դատական խորհուրդն էլ հնազանդ կանգնել է ետևի թաթիկների վրա, և արագ-արագ կատարել բռնապետի քմահաճույքը:
Կարճ ասած, ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատազրկելու դատախազական միջնորդությունները: Ըստ որում, բնութագրական է, որ վերջին միջնորդությունը հունվարի 31-ի կեսգիշերին է բավարարվել: Դե, սատանաները մութ գիշեր են փնտրում՝ իրենց սատանայություններն անելու համար:
Գործնականում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ բացարձակ «բեսպրեդել», «գեստապոյական» հարձակում՝ գործադիրին ոչ հաճո որոշում կայացրած դատավորի, իսկ ավելի լայն իմաստով՝ ամենակոպիտ ու ցինիկ հարձակում է դատական իշխանության վրա, առհասարակ: Նպատակը՝ սարսափեցնել, ահաբեկել ընդհանրապես բոլոր դատավորներին, որպեսզի նրանց այսուհետ մնա միայն Նիկոլ Փաշինյանի գրած «դատավճիռները» դակելը:
Տեղի ունեցածի իրական պատճառներն այնքա՜ն ակնհայտ են, որ ոչ մի լրացուցիչ հիմնավորման կարիք էլ չկա: Սա ակնհայտ կամայականություն է, քաղաքական հետապնդում և պետական մակարդակով իրականացվող տեռոր: Սա մի հանցանք է, որի հեղինակները, այդ թվում՝ հավանություններ դակող բդխ-ները, Հայաստանում պետականությունը վերականգնելուց անմիջապես հետո, պարտադիր պետք ենթարկվեն ամենախիստ քրեական պատասխանատվության, ըստ որում՝ առանց նամակագրության, տեսակցության և ներման իրավունքի: Ու թող այդ ժամանակ որևէ «դեմոկրատական» դեսպանիկ ծպտուն հանի:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը