Բռնեց ու կիրակի օրով հրաժարական տվեց Հայաստանի (դեռևս) Հանրապետության «ժիլետի թևը»՝ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանը:
Առաջին հայացքից՝ նրա նախագահական գոյությունը գործառութային տեսանկյունից այս 4 տարվա մեջ առանձնապես չզգացվեց, այնպես որ՝ հրաժարական տար, թե չտար, միևնույնն է:
Բայց հրաժարականի վերաբերյալ Արմեն Սարգսյանի հայտարարությունը, իրեն բնորոշ եղանակով, պարունակում է մի շարք հետաքրքրական դրվագներ: Ու այդ հրաժարականի քայլն էլ հարուցում է ոչ պակաս ուշագրավ հարցերի շարք:
Առաջինը՝ ինչո՞ւ Արմեն Սարգսյանը հենց հիմա որոշեց հրաժարական տալ: Նախապես, իհարկե, թեթևակի ցրցամ տրվեց, թե՝ Արմեն Սարգսյանը հիվանդ է: Բայց, դատելով հրաժարականի տեքստից, նրա այդ քայլն առողջական խնդիրներով չի պայմանավորված:
Հիմնական ենթադրություններից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ռեժիմը մշակել կամ սկսել է իրականացնել մի այնպիսի կատաստրոֆիկ որոշում, որի հետ նույնիսկ Արմեն Սարգսյանի նման կախգլուխ կամակատարը չի ցանկանում որևէ կապ ունենալ: Մեկը, ով սուսուփուս, իրեն համար արաբստաններում ֆռֆռալով, հեզիկ-նազիկ կատարում էր դուրսպրծուկների «իշխանության» պարագլխի բոլոր քմահաճույքները, հանկարծ հիշել է, որ ինքը նաև սահմանադրորեն «պետության գլուխն» է, կամ էլ՝ զուտ իր, այս 4 տարվա մեջ առավել քան զրոյացված իմիջը, այսպես ասած՝ «անունը փրկելու» համար թերևս, չի ցանկանում կապ ունենալ հերթական, իսկ գուցե վերջնական աղետային որոշման հետ:
Այն, որ նման մի բան կա, ակնարկված է Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ՝ «այլևս սխալվելու իրավունք չունենալու» կիսաշղարշված ակնարկով:
Հարց է ծագում նաև իր ընտանիքը թիրախավորելու մասին Արմեն Սարգսյանի ասածների կապակցությամբ: Ո՞վ է թիրախավորել նրա ընտանիքը: Իսկ հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանը, իրեն հոգեհարազատ եղանակով, պարզապես շանտաժի է ենթարկել Արմեն Սարգսյանին (էն քաղաքացիության տեղեկանքի «ականջը կանչի»): Ըստ էության, կարելի է ենթադրել, որ Նիկոլին պետք է բացարձակ կամակատար, Արմեն Սարգսյանից էլ ավելի կամակատար մեկն այդ պաշտոնում, ով հաստատ կստորագրի Նիկոլի դեմ տված ցանկացած թղթի տակ, այդ թվում՝ Հայաստանը վերացնելու, հայությունը բնաջնջելու որոշման:
Ամենից զավեշտականն այն է, որ իր հրաժարականի հայտարարության մեջ Արմեն Սարգսյանը նվնվում է, թե՝ նախագահի ինստիտուտն է՛ն լիազորությունները չուներ, այս, այն:
Հա, եղած Սահմանադրությամբ ՀՀ նախագահի գործառույթները գերազանցապես ներկայացուցչական են: Բայց այդ ո՞վ է նվնվացողն ու «նախագահի ինստիտուտի լիազորությունների» թեմայով ակադամիական տինդիրիտներ, կներեք՝ դատարկ դատողություններ անողը: Արմեն Սարգսյա՞նը:
Մեկը, ով ինքնակամ հրաժարվել է իր ունեցած առանց այդ էլ սահմանափակ լիազորություններից: Մեկը, ով որոշակի իրավիճակներում կարող էր դրսևորվել որպես հենց Պետության գլուխ, այլ ոչ թե՝ մեխի, որին նիկոլաչաքուջը ոնց հարվածում է, այն ուղղությամբ էլ գնում է:
Ի վերջո, Արմեն Սարգսյանը նորելուկ իշխանավորների նման չտես-գյոռմամիշ չէր, որ նախագահական պադավատի կամ բյուջեի հաշվին աշխարհում ֆռֆռալու կարիքն ունենար: Արմեն Սարգսյանը, որքան հայտնի է, բավականին ունևոր, մեծահարուստ անձնավորություն է, զանազան շեյխերի, արքայազն Չարլզի, Էլթոն Ջոնի ու այդ կարգի այլ դեմքերի հետ նստող-ելնող մեկը:
Կարո՞ղ էր գոնե մեկ անգամ դրսևորել իրեն որպես մարդ ու հայ մարդ: Բա «Պետության գլուխ» ես, ավելի ճիշտ՝ էիր, աչքիդ առաջ պետությանդ գլուխը ինչ-որ ինքնակոչ համբակներ ուտում են ու դու... լռում ես:
Թե բա՝ սահմանադրական լիազորությունները սահմանափակ էին: Բայց դու ոչ միայն պետության գլուխ էիր, այլև լիազորություն ու պարտավորություն ունեիր «հետևել Սահմանադրության պահպանմանը»: Ո՞ւր էիր, երբ Նիկոլն ու իր քպ-ոները խմբակային բռնաբարության էին ենթարկում այդ «Սահմանադրությունը»: Մեկ անգամ ձայնդ ելա՞վ, մեկ անգամ «սիրելի հայրենակիցներին» դիմեցի՞ր այդ հարցով: Կամ՝ երկրի գիտակից քաղաքացիներն ու քաղաքական ուժերը թիկունքիդ կանգնել էին, հորդորում էին չստորագրել Նիկոլի քինախնդրական որոշումները: Ի՛նչ արեցիր: Սուսուփուս ստորագրեցիր: Հիմա եկել ու «սահմանադրական սահմանափակ լիազորությունների՞ց» ես նվնվում:
Այս հրաժարականն էլ, ամենայն հավանականությամբ, ընդամենը պիղատոսություն է՝ «ինչ ուզում եք՝ արեք, բայց ես կապ չունեմ»:
Սովորաբար, գնացողի ետևից ասում են՝ «բարով գնաս», բայց սա այդ դեպքը չէ: Որպես ՀՀ քաղաքացի՝ ես հրաժարյալ Արմեն Սարգսյանին միայն մեկ «մաղթանք» ունեմ. Պատասխան պետք է տաս արածներիդ ու հատկապես՝ անգործությանդ համար։
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը