07 12 2021

«Աղետի գոտու» թեման փակելու փոխարեն իշխանությունն ինքը դարձավ աղետի խորհրդանիշ

«Աղետի գոտու» թեման փակելու փոխարեն իշխանությունն ինքը դարձավ աղետի խորհրդանիշ

2018 թվականի դեկտեմբերի 7-ին հեղափոխական իշխանությունը կառավարության հերթական նիստը արեց արտագնա՝ Գյումրիում: Նիստը նվիրված էր երկրաշարժի 30-րդ տարելիցին: Ինչպես միշտ, բոլոր հնարավոր ձևերով զրոյացվեց նախորդ տարիներին այս ուղղությամբ արված աշխատանքը, իսկ իրենք խոստացան մոռացության տալ «աղետի գոտի» եզրույթը: Ավելի, 2020 թվականի ամռանը Փաշինյանի այն ժամանակվա խորհրդական Արտակ Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում ավետեց.

«2020 թվականին երկրաշարժից տուժած 457 ընտանիք կապահովվի բնակարանով: Հարցը վերջնականապես կլուծվի: 30 տարի ոչ ոք չէր կարողանում կամ չէր ուզում լուծել այս հարցը: Մեկ տարում լուծեցինք»:

Հետագայում էլ կառավարության համապատասխան պաշտոնյան հայտարարեց, որ նախատեսվում է՝ 2021 թվականը դիմավորել առանց «աղետի գոտի շահառու» հասկացության:

Նախ, մի փոքր թվային ինֆորմացիա, թե ինչ է արվել նախկինում: Այսպես 2008-2017-ին 4839 շահառուի բնակարանային խնդիրը լուծվել է, ծախսվել է 65 միլիարդ դրամ։

Իսկ եթե մի փոքր էլ հետ գնանք, ապա պատկերն այսպիսին է՝ 1998-2007 թվականներին միայն Շիրակի մարզում կառուցվել է 458.000 ք/մ բնակելի շենք: Այդ թվում՝ միայն «բնակարանաշինություն» ծրագրով, որը Աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով: Իսկ ընդհանուր Աղետի գոտի համարվող՝ Շիրակի և Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք, 3674 բնակարանով։

Հիմա, այս խոստումներից երեք տարի անց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն արտագնա նիստ չի անում Գյումրիում, այլ անգամ ֆեյսբուքում այդ թեմայով որևէ գրառում չի անում: Իսկ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ նշում է , որ այս պահին Գյումրիում կա 2 776 տնակ, որոնցից 508-ը փակ են:

«ՀՀ կառավարությունը փորձ արեց աղետի գոտու տնակներն «ուշադրության կենտրոնում պահել», սակայն համավարակն ու Արցախյան պատերազմը խնդիրը ստվերում թողեցին»,-ասում է նա:

Հատկանշական է, որ կորոնավիրոսային վարակի առաջին դեպքը մեր երկրում գրանցվել է 2020 թվականի մարտին, դրանից մի քանի ամիս անց նոր ունեցել ենք պիկային իրավիճակ: Մի քանի ամիս անց էլ սկսվել է պատերազմը:

Իսկ պետությունը իր հաջորդ տարվա ռազմավարությունը, բաշխումները պլանավորում է դեռ նախորդ տարի, այսինքն այդ ժամանակաշրջանում, երբ մի քանի ամիս էր մնում տարվա ավարտին, բավականաչափ աշխատանքներ պետք է արված լինեին:

Եվ հետո, չմոռանանք, որ համակավարակներ, տնտեսական ճգնաժամեր եղել են նաև նախկինների ժամանակ:

Իսկ ինչ վերաբերում է պետության սուղ միջոցներին: Ստացվում է, որ փող չկա դոմիկները վերացնելու համար, բայց օրինակ փող կա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 200 հազար դոլար արժողությամբ նոր մեքենա գնելու համար,  ավել 22 մլրդ դրամ կա 2020-ին պետական աշխատողներին պարգևավճար հատկացնելու համար, գումար կա, օրինակ  Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու համար,  այնքան գումար կա, որ մտածում են գխավոր դատախազի ու տեղակալների աշխատավարձը դարձնել համապատասխանաբար  2 միլիոն և 1,5 միլիոն:

Ինչպես տեսնում ենք, հերթական անգամ ականատես ենք լինում իշխանության պոպուլիզմին և կեղծ խոստումներին, դե իսկ երեք տարում ոչ թե վերացրեցին «աղետի գոտի» հոմանիշը Գյումրու դեպքում, այլ իրենք դարձան աղետի հոմանիշ և խորհրդանիշ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ