Սոչիում նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի, ադրբեջանական ղեկավար Ալիևի ու Հայաստանի նոմինալ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներն ամփոփող, երեքի ստորագրությամբ համատեղ հայտարարություն տարածվեց: Տարբեր մեկնաբաններ, քաղաքագետներ, հարկավ, մեկնաբանություններով հանդես եկան: Այդ շարքում ուշադրություն գրավեց փորձագետ Անժելա Էլիբեգովայի դիտարկումն առ այն, թե ինչ կա և ինչ չկա այդ հայտարարության մեջ:
Դժվար չէ նկատել, որ նշված հայտարարության մեջ բացարձակապես ոչինչ, ոչ մի բառ չկա Արցախի և Արցախի հայության իրավունքների մասին: Ո՛չ մի բառ: Եվ դա բնական է, քանի որ Հայաստանի անունից հանդես է գալիս Արցախը, Հայաստանը կործանարար պարտության մատնած և շարունակական աղետի մեջ նետած Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է՝ իր գլխավորած ՔՊ-ական «քայլաթիմով»:
Այո, այս վերջին համատեղ հայտարարության նախաբանում, ընդամենը կա հիշատակում «լեռնային ղարաբաղյան հակամարտության գոտի» բառակապակցությամբ, բայց դա այնպես, «ձեռքի հետ», ինչպես ասվում է: Անուղղակիորեն, իհարկե, Արցախի խնդիրը նշված է, այն առումով, որ փաստաթղթում խոսվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցերի և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին: Իսկ դա, ինքնին, նշանակում է, որ Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, գործնականում արդեն ընդունել է, որ «Արցախի հարցը» վերացվել է ադրբեջանական ներքին խնդրի, անկախ այն բանից, թե որքան ՌԴ «խաղաղապահներ» են տեղակայված Արցախից մնացած բեկորիկի շուրջը կամ տվյալ տարածքում:
Համատեղ հայտարարության մեջ նաև ոչինչ չկա այն մասին, որ չնայած այդ այդ «խաղաղապահ ուժերի» առկայությանը, 2020թ. նոյեմբերի 9-ից մինչ օրս, շարունակվում է ադրբեջանական ռազմական ագրեսիան ինչպես Արցախի պահպանված հատվածի բնակավայրերի ու հայության դեմ, այնպես էլ ՀՀ բնակավայրերի ու բնակչության դեմ: Հակառակը, դեռ մի բան էլ «իրավիճակի կայունացման ու անվտանգության ապահովման» և այդ գործում ՌԴ խաղաղապահ զորամիավորման ունեցած դերակատարման մասին է ընդգծվում: Իսկ որ այդ խաղաղապահ զորամիավորման ներկայացուցչի անմիջապես կողքին գտնվող հայ տրակտորիստին ադրբեջանական դիպուկահարն սպանում է, իհարկե, նման հայտարարությունների մեջ չեն նշի, առավել ևս, եթե Հայաստանը ներկայացնողը Նիկոլ Փաշինյանն է:
Կան մի շարք այլ հանգամանքներ, որ արժե առանձին, կետ առ կետ դիտարկել, վերլուծել, մեկնաբանել: Համենայն դեպս, մինչև դեկտեմբերի 15-ի բրյուսելյան «կաղամբը» մի 10 օր ժամանակ դեռ կա:
Սակայն ամենակարևորը. Նիկոլ Փաշինյանի կողմից Պուտինի ու Ալիևի հետ ստորագրած հայտարարության մեջ Հայաստանի ու դեռևս Հայաստանում մնացած հայության համար չկա՛ ապագա, ապագա՛ չկա: Ոչ մի միլիգրամ ու ոչ մի միլիմետր ապագա չկա՛: Ու դա հիմնական հանգամանքներից մեկն է:
Ու դա շատ լավ զգացվում է դիտարկվող հայտարարության վերջին պարբերությունից, որտեղ ասվում է, թե՝ Ռուսաստանն այսուհետ ևս անհրաժեշտ աջակցություն կտրամադրի՝ ա) Ադրբեջան ու Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման կաջակցի բ) ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, գ) տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար:
Սա, կարելի է ասել՝ միջպետական բարձր մակարդակով փաստաթղթավորված, գրավոր արձանագրված զառանցանք է, ոչ ավելին:
Գիտեք, այդպիսի մի գերտերություն կար անցած դարում, ԽՍՀՄ էր կոչվում: Հզոր գերտերություն, համաշխարհային պատերազմում հաղթած գերտերություն, միակուսակցական ռեժիմով ու հզոր գաղափարաքարոզչական դրվածքով: Ու այդ բազմազգ գերտերության գաղափարական առանցքային ուղղություններից մեկն էլ հենց «ժողովուրդների բարեկամությունն» էր, ինչը քարոզվում էր մանկապարտեզից սկսած, 70 տարի շարունակ, հարաբերություններն էլ գերբարիդրացիական էին, հագեցած ժողովուրդների տարածքային փոխներթափանցման բազում օրինակներով, խառնամուսնություններով և այլն, և այլն...
Բայց ի՞նչ եղավ հետո, քանի ու քանի ազգամիջյան արյունահեղ բախումներ եղան 1989-ից ի վեր, նույնպես հանրահայտ է: Հիմա, ուրեմն, Ռուսաստանում կարծում են, թե այնքան հզոր են, անգամ ԽՍՀՄ կոմունիստական ռեժիմից զորեղ են, որ մի երկու տարում կարողանան «բարիդրացիացնել», ինչպես նշել են՝ «ադրբեջանցի և հայ ժողովուրդներին»: Եթե դա զառանցանք չէ, հապա ի՞նչ է: Վստահության մթնոլորտ ձևավորելու մասին է խոսվում այն դեպքում, երբ «ադրբեջանցի ժողովրդի» առանցքային նպատակը «հայ ժողովրդին» բնաջնջումն է, «հայ ժողովրդի» բնօրրան-հայրենիքը զավթելը, զավթած տարածքներում «հայ ժողովրդի» հետքը՝ պատմական հուշարձան լինի, թե գերեզմանոց, ջնջել-ոչնչացնելն է:
Որքա՞ն պիտի որևէ մեկը ապուշ լինի՝ նման դեկլարացիաների թեկուզ մեկ միլիգրամ վստահելու համար, որքան պետք է որևէ ժողովուրդ ոչնչանալու ցանկություն ունենա՝ նման «բարիդրացիության» մասին նեյնիմների վրա երկար ականջները կախելու համար:
Ապագա կա՞: Չկա՛ ապագա Հայաստանի համար: Չկա՛ ապագա Արցախի համար: Չկա՛ ապագա հայության համար, քանի դեռ պետության մնացորդների ղեկը Նիկոլ Փաշինյանի ու նրա մանկլավիկների փողոտված ու յուղոտված ձեռքերում է:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը