Ընդդիմադիր հիմնական ուժերը պատրաստվում են հանրահավաքի: Մասնավորապես «Հայաստան» դաշինքը հայտարարել է նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրելու մասին:
Դրանից դեռ շատ ու շատ օրեր առաջ, ֆեյսբուքյան տափաստաններից սկսվեց մի քամի, թե՝ «բա ինչի՜ նոյեմբերի 8-ին կամ 9-ին, արդեն Նիկոլն ստորագրած կլինի, նոր զիջումներ արած կլինի... վա՜յ, մի բան արեք՝ չստորագրի...»: Ու նման հուզաթաթավ բացականչություններ անողներից շատերի քննադատական սլաքներն ուղղվում են ոչ թե դեպի ստորագրել պատրաստվող կապիտուլյանտը, այլ... դեպի ընդդիմադիրները:
Չգիտեմ, թե ընդդիմությանը քլնգողներից ով, երբ կամ քանի անգամ է փորձել բռնել Հայաստանի շահերն ու հետագա գոյության հեռանկարը ոչնչացնող փաստաթղթերի տակ ստորագրած ու նորերն ստորագրել պատրաստվող Նիկոլի ձեռքը կամ ոտքը, որպեսզի չգնա, չստորագրի ու նման բաներ: Հնարավոր է, այդ հայրենակիցները կամ նրանցից շատերն ակտիվորեն ներգրավվել են հետպատերազմական շրջանում Նիկոլին ու նրա խմբոնին հեռացնելուն նպատակաուղղված հանրահավաքներին, ցույցերին, երթերին: Հնրարավոր է և այժմյան իրենց դժգոհությունը նաև այդ հանգամանքով է պայմանավորված, հաշվի առնելով, որ չնայած տևական դիմակայությանը, փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի աղետային իշխանավարումը չկասեցվեց ու տակավին կասեցված չէ:
Բայց նախ՝ ոմն մեկի ստոր-ա–գրության վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի դեմ որևէ նոր բան ստորագրելը, թերևս բոլորը կհամաձայնեն, հնարավոր է կասեցնել ոչ թե նրա ձեռքը կամ ոտքը բռնելով, այլ նրան ու նրա խմբոնին ամբողջությամբ բռնելով, այսինքն՝ պետական դավաճանության մեղադրանքով կալանավորելով և դատ-դատաստանի ներկայացնելով:
Սակայն կա ամենից կարևոր հանգամանքը. Նիկոլ Փաշինյանը արդե՛ն իսկ ստորագրել է: Նիկոլ Փաշինյանը ստորագրել է 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը, մեծ հաշվով՝ ինչի համար էլ նա բերվել էր իւշխանության: Ավելին, գործնականում այդ կապիտուլյացիոն հայտարարությունն ստորագրվել է հենց այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանին նվիրեցին ՀՀ իշխանության ղեկը՝ 2018թ. մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը: Ոչ մի պատահականություն, կարծում եմ, չկա նույնիսկ ամսաթվերի մեջ:
Հնարավո՞ր է կասեցնել կամ թույլ չտալ որևէ մեկին ստորագրել հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը, եթե այդ որևէ մեկի ամբողջ ընթացքը նպատակաուղղված է Հայաստանը, որպես պետություն վերացնելուն, եթե նրա ու նրա խմբոնի մանիպուլյատիվ-պոպուլիստական, կեղծավոր-ստախոսական ամբող «գաղափարաբանությունը» կամ դավանած «ոչնչիզմը» (լրացված պսևդոպացիֆիզմով կամ կեղծ խաղաղասիրությամբ) հետապնդում է հենց նշված նպատակը, որին շատ ու շատ կետերով նաև հասել է: Համենայն դեպս, իրենք, իրենց ուզածի պես, թուրքին են նվիրել Արցախը, իսկ մնացած բեկորից էլ հրաժարվել են հօգուտ Ռուսաստանի: Իսկ այս մեկ տարվա մեջ էլ, իրենց ուզածին կամ իրենց տերերի հրահանգներին համապատասխան, Հայաստանը կտոր-կտոր նվիրում են նույն թուրքերին, որոնց ծրագրերը ինչպես ցեղասպանական եղել են, այնպիսին էլ մնացել են կամ ավելի հղկվել:
Հիմա. կստորագրի՞ որևէ նոր բան Նիկոլ Փաշինյանը, թե չի՞ ստորագրի, արդեն էական չէ: Հիմնականը նա արդեն իսկ ստորագրել է: Ավելին, հիմնականը նա արդեն արե՛լ է. թշնամուն է նվիրել Արցախը, ոչնչացրել է Հայոց բանակը և պաշտպանական ձևավորված համակարգը, վերացրել է Հայաստանի ինքնիշխանությունը: Նման պայմաններում որևէ թղթի վրա որևէ ստորագրություն կամ դրա կասեցումը ոչինչ չի նշանակում, մեծ հաշվով:
Հայաստանը արդեն մեկ տարի է, ինչ արտաքին-քաղաքական սուբյեկտից վերածված է օբյեկտի, որի հետ ով ինչ ուզում՝ անում է: Այս պարագայում, Նիկոլ Փաշինյանն, իր ստորագրությամբ հանդերձ, օրինակ Ռուսաստանին և Թուրքիային պետք է զուտ միայն որպես կամակատար, որը կապահովի Հայաստանի վերաբերյալ նրանց պայմանավորվածությունների վավերացման ձական կողմը (դե, որ Հայաստանի կողմից էլ ոմն մեկի ճանկռտոցը լինի, ինչպես, ասենք, հայկական ազգանուններով բոլշևիկների ճանկռտոցներն էին պետք՝ 100 տարի առաջվա նույն սովետա(ռուսա)-թուրքական հայտնի պայմանագրի տակ:
Նիկոլը Հայաստանի պարտությունն է ու վերացումը: Նրա ստորագրությունը ոչինչ է: Առհասարակ, ստորագրությունը ոչինչ է, եթե դու ունես ուժ և կամք՝ ոտքի կանգնելու համար: Ողջ հարցն այն է, որ Նիկոլը և նրա խմբոնը հենց այդ ուժն են փսորել, քայքայել, իսկ պետական իշխանության քաղաքական կամքը վերածել են ա) օտարների կամակատարության, բ) Հայաստանի քաղաքացիների դեմ հիտլերաֆաշիստական բռնաճնշումների, երկիրը վերածելով մի ընդարձակ համակենտրոնացման ճամբարի, իրենց էսէսական պատժիչ համակարգով հանդերձ:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը