28 10 2021

Փչան Թոդորոսի աղետածին մարմնավորումը, և իսկապես՝ «հերի՛ք եղավ, բո՛լ եղավ»

Փչան Թոդորոսի աղետածին մարմնավորումը, և իսկապես՝ «հերի՛ք եղավ, բո՛լ եղավ»

 

Նիկոլն ու իր մանկլավիկները այն աստիճան են համոզված, որ Հայաստանի, Արցախի, միլիոնավոր հայերի գլխին իրենց բերած արնաշաղախ ու տակավին շարունակվող աղետը մարսել են, որ ամեն օրվա վրա ավելի ու ավելի լկտի պահվածք են դրսևորում, ավելի ու ավելի լկտի ստեր են բարձրաձայնում:

Հոկտեմբերի 27-ին այդ պահվածքն ու հերթական ստահեղեղը դրսևորվեցին ԱԺ նիտի «հարցուպատասխան» հատվածում: Ահավասիկ, մի քանի կոնկրետ նմուշ:

Նիկոլը չկարողացավ նորմալ պատասխանել ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի շատ պարզ հարցին. 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ իրեն՝ Նիկոլին ե՞րբ են զեկուցել պատերազմ սկսվելու հնարավորության մասին: Նիկոլը սկսեց սովորության համաձայն «կռուտիտներ» անել, ի վերջո, թե՝ «...իմ հիշողության մեջ արձանագրված ա, որ սեպտեմբերի 27-ից 2 օր առաջ ինչ-որ ռադիո... ռադիո-ըըըը-բան էր... կլանում էր տեղի ունեցել, մի նախադասություն, որը շատ էդպես էդ առումով վստահելի էր թվացել: Դա տեղի ա ունել, ես հիմա... մեկ-երկու օր առաջ»:

 

Նույն Նիկոլը անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մինչև նախավերջին օրը՝ սեպտեմբերի 26-ը, իր «ռազմաքաղաքական մարմինների» կողմից պատերազմի հավանականությունը բարձր չի գնահատվել:
Նա «մոռացել» էր, որ ինքը՝ Նիկոլը, պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 14-ին ունեցած ուղերձում հայտարարել է. «Պատերազմը ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ո՛չ անսպասելի կերպով:  Մենք գիտեինք և սպասո՛ւմ էինք: Հարցն այն էր, թե կոնկրետ ո՛ր ժամին և որտեղի՛ց կհարձակվի թշնամին»:

 

Սրանք այնքան են ստել, որ լրիվ մոլորվել են իրենց ստերի մեջ: Այնքան են մոլորվել, որ Նիկոլին այլևս չի էլ հետաքրքրում այդ մոլորվելը և ստելու վրա բռնվելը:

Պատերազմի օրերին Նիկոլն այնպես էր վիճակը ներկայացնում, թե՝ կազմ-պատրաստ են եղել, մնում էր միայն կոնկրետ հարձակման ժամն ու տեղը ճշտել: Բայց վերջին մեկ տարում այնպես է ներկայացնում, թե մինչև վերջին պահը պատերազմի հավանականությունը բարձր չէին գնահատում, հիմա ընդհանրապես ինչ-որ «ռադիո-ը-ըըը-բան»-երից է խոսում:


Չնայած, նրա հետ կապված միակ ճիշտ «ռադիո-ըըը-բանը» այն կլիներ, որ երբ 2018-ի ապրիլի 13-ին հարձակվեց Հանրային ռադիոյի շենք, ռազմականացված պահպանության աշխատակից ոստիկանն աներ այն, ինչ անում են օրենքով, ու պետականության համար կործանարար այս ընթացքը չէր լինի:

 

Նիկոլը հոկտեմբերի 27-ին հայտարարեց. «Արցախը բանակցային  սեղանից դուրս է մնացել 1998 թվականին, դա միջազգայնորեն արձանագրված փաստ է»: Հետո վրա պրծավ ՀՅԴ-ին. «Եթե դուք հիմա ասում եք, որ 72 տոկոսը օկուպացված է, ուրեմն, 1998 թվականից մինչև 2017 թվականը դուք բանակցելիս եք եղել հայրենիքի 72 տոկոսը հանձնելու մասին: Հերիք եղավ, բոլ եղավ, հա՞...»:

 

Իսկապես որ՝ հերի՛ք ու բոլ եղավ, չնայած իրականում դեռ մեկ տարի առաջ է «հերիք ու բո՛լ» եղել: Ինչ վերաբերում է Նիկոլի այդ մի ստին՝ Արցախի վերաբերյալ, ապա Արցախը 1998-2018թթ. դուրս չի մնացել բանակցություններից, ինչը չափազանց ակնհայտ իրողություն է, քանի որ նշված ժամանակահատվածում հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահողները հիմնականում անձա՛մբ կարգավորման ենթակա խնդիրները քննարկում էին Արցախի ընտրված ղեկավարության հետ: Իսկ Նիկոլը, որ իբր Արցախն ուզում էր բերել «բանակցային սեղանի» շուրջ, հասավ նրան, որ Արցախը հիմա դուրս է մնացել ոչ միայն բանակցային սեղանից, այլև ընդհանրապես ամեն ինչից, իսկ այն բեկորը, ինչ էլ Նիկոլը չուզելով թողել է, ընդամենը ռուս-ադրբեջանա-թուրքական ռազբազայի տարածք է ու՝ վե՛րջ:

 

Ինչ վերաբերում է մյուս մեղադրանքին, թե՝ «...ուրեմն, դուք բանակցելիս եք եղել հայրենիքի 72 տոկոսը հանձնելու մասին», ապա դա ոչ միայն լկտի ցնդաբանություն է, այլև կանխամտածված նենգախոսություն: Այո, բանակցություններում քննարկվող հարցերից մեկը եղել է 1992-94 թվականներին ազատագրված տարածքների մի մասը զիջելը, բայց ինչի՞ դիմաց զիջելը: Այդ հարցը միահյուսված է եղել Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրման, Արցախի ճանաչման, Արցախի ու ՀՀ-ի՝ տասնյակ ու տասնյակ կիլոմետրերով լայնության ցամաքային կապի ամրագրման առանցքային խնդիրների հետ: Սա՝ 1: Երկրո՛րդը. իսկ ո՞վ է առհասարակ որևէ մեկին հանդգնում մեղադրել, ո՞վ է առհասարակ «էս էիք բանակցում, էն էիք բանակցում» թեմայով համարձակվում ծպտուն իսկ հանել: Նիկո՞լը...


Այն նույն Նիկոլը, որ Արցախը գործնականում սկուտեղի վրա նվիրել է Ալիևին: Այն նույն Նիկոլը, որ Հայաստանն է կտոր-կտոր տալիս թուրքին, այն նույն Նիկոլը, որ վերելակներում Ալիևի հետ բան-ման էր պայմանավորվում, «ինչ որ պետք է, էն էլ բանակցում» էր:
Ու նա դեռ համարձակվում է ընդդիմադիրներին ասել՝ «եկեք խոսենք»: Դու ո՞վ ես, որ ինքնահարգանք ունեցող որևէ հայ մարդ քեզ անգամ բարև տա: Գնա՛, «նիկոլիկներիդ» հետ խոսիր ու սպասիր հայության վրա ճոճածդ մուրճին:

 

Արմեն Հակոբյան

 

                                                                                                                                                                                           

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ