27 10 2024

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 25 տարի

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 25 տարի

Այսօր լրանում է 1999 թվականին Հայաստանի Ազգային Ժողովի վրա իրականացված հարձակման 25-րդ տարելիցը։ Հոկտեմբերի 27-ին, հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժեց խորհրդարանի դահլիճ։
 
Ահաբեկչությանը զոհ գնացին 8 պետական գործիչ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը: Կրակոցների հետևանքով ևս 8 մարդ վիրավորվեց։ Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Պատանդի կարգավիճակում էին հայտնվել նաև նիստը լուսաբանող լրագրողները, սակայն նրանց, ինչպես նաև վիրավորներին որոշ ժամանակ անց դուրս էին թողել։
 
Պատանդառված մյուս գործիչներն ազատ էին արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։ Ահաբեկչության կազմակերպման և իրականացման մեջ մեղադրվողների դատավարությունը տևեց մի քանի տարի․ դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի կողմից։ 6 հոգի՝ այդ թվում խումբը ղեկավարած Նաիրի Հունանյանը դատապարտվեց ցմահ, մեկը՝ 14 տարվա ազատազրկման։ Չնայած դրան՝ իրավապաշտպանները մինչ օրս էլ պնդում են, որ ահաբեկչության իրական պատվիրատուներն ու շահառուներն այդպես էլ մնացել են չբացահայտված և անպատիժ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ