05 10 2021

Նիկոլն ու յուր մանկլավիկները «երկինքը փակ» լինելուց էին մեծ-մեծ բրդում, բայց երկրի «օդերը փակեցին»

Նիկոլն ու յուր մանկլավիկները «երկինքը փակ» լինելուց էին մեծ-մեծ բրդում, բայց երկրի «օդերը փակեցին»

Մեկ տարի առաջ, այս օրերին ռազմաճակատում դրամատիկ իրավիճակ էր ձևավորվել, որն ուրվագծում էր «գերագույն գլխավոր հրամանատար» Նիկոլի և նրա ռեժիմի միջոցով հայության գլխին սարքված արնաշաղախ ու կորստաբեր ողբերգությունը:

Նիկոլի ու նիկոլականների հայտարարությունները՝ թե՛ մեկ տարի առաջ, թե՛ հիմա, թե՛ առհասարակ, ունեն այն կարևոր հատկանիշը, որը բնութագրական է բոլոր ստախոսներին, կեղծարարներին, մանիպուլյատորներին ու երկերեսանիներին: Դրանց ասած ոչ մի բանը մյուսի հետ չի խոսում, որպես կանոն՝ խորը հակասության մեջ է նախորդ (հաջորդ) հայտարարության, տրամաբանության և իրականության հետ: Սրանց հիշողությունն էլ ընտրողաբար է գործում, ասենք՝ օրումեջ, ինչպես Պըլը Պուղու և Մելիք-Շահնազարի մասին հայտնի մանրապատման դեպքում: Այն, որ Պըլը Պուղին մի օր կարկատած հագուստով է գյուղամեջ ելնում, Մելիք-Շահնազարը ծաղրելու համար ասում է.
-Պուղի, շորերդ տեղ-տեղ շնորհավոր լինեն:
Սրախոս Պուղին էլ տակ չի մնում, ձեռաց վրա է բերում.
-Օրումեջ ապրես, Մելիք-Շահնազար:

Վերադառնալով միանգամայն կոնկրետ իրողություններին՝ ուշադրություն դարձնենք «առաջին գիլդիայի» նիկոլական Անդրանիկ Քոչարյանի (ու ոչ միայն նրա) այն հայտարարության վրա, որ 2020 թվականի սեպտեմբերի վերջին մոտ Ադրբեջանի տարածքում արդեն մոտ 7700 իսլամիստ-գրոհային էր տեղակայվել: Զորակազմի առումով եթե դիտարկենք, ապա սա գրեթե ամբողջական դիվիզիայի քանակ է: Պարզից էլ պարզ է, որ 7700 գրոհայինը, անգամ 5000 գրոհայինը մախաթ չէ, պարկում չես թաքցնի ու այդ քանակության փոխադրումը չի կարող աննկատ մնալ:

Ու այստեղից մի ամբողջ շարք հարցեր են ծագում: Հիմնականները. Նիկոլն ու նրա Քոչարյան Անդոն ե՞րբ են տեղեկացել 7700 գրոհայինների մասին: Առհասարակ, հայկական հետախուզական ծառայությունները տիրապետե՞լ են գրոհայինների տեղափոխման ու տեղափոխվածների քանակության, տեղակայման վերաբերյալ տվյալների: Ենթադրվում է, որ եղել են նման տվյալներ:

Հարցերի մյուս շարքը. Ի՞նչ են ձեռնարկել Նիկոլն ու նիկոլական, օրինակ, ԱԳՆ-ն, որպեսզի այդ տեղեկությունները դեռ նախքան պատերազմական գործողություններն արժանանան միջազգային կառույցների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող տերությունների գործուն ուշադրությանը:

Այն, որ իսլամիստ-գրոհայիններ եղել են, այն, որ ադրբեջանաթուրքական տանդեմը դրանցից հազարներով «ներկրել» է պատերազմական գործողությունների գոտի, կասկածից վեր է: Բայց հարցն այն է, թե դրանց մասին իմանալով ի՛նչ է արել տվյալ շրջանում իշխանության ղեկին գտնվող ուժը, ի՛նչ է արել Նիկոլը, ինչ են արել նրա մանկլավիկ-ենթակաները: 

Մյուս հիմնական հարցն այն է, թե նույն Նիկոլն ու նիկոլական քարոզչությունը, նաև Անդրանիկ Քոչարյանի կարգի քարոզիչները ի՛նչ նպատակով են շրջանառում իսլամիստ-գրոհայինների վերաբերյալ հայտարարությունները: Այս մի հարցի պատասխանը միանգամայն ենթադրելի է. Նիկոլն ու նիկոլականները դրա մասին խոսում են հիմնականում այն ենթատեքստով, որ զարգացնեն ուժերի անհավասարության մասին իրենց թեզը: Սրանք, որ պաշտոնապես պնդում էին, թե Թուրքիան չի միջամտի պատերազմական գործողություններին, ինչպես բուն պատերազմի ընթացքում, այնպես էլ այս վերջին մեկ տարում, տարբեր առիթներով շեշտում էին, թե 2 (Ադրբեջան, Թուրքիա), անգամ 3-4 (գումարած՝ իսլամիստներ և Պակիստան, օրինակ) պետության դեմ էինք կռվում, որին հաջորդում է «...բա ինչ եք ուզում լիներ պատերազմի ելքը» ինքնաարդարացնող հիմարագույն կաղապարը:

Բայց ավելի ցայտուն «նիկոլության» նմուշ կա: Թե՛ անձամբ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա անվան կաղապարը կրող Արցախի «Նիկոլ Փաշինյանը», նույն ինքը՝ Արայիկ Հարությունյանը, լոփո-լոփո խոսում կամ մեծ-մեծ բրդում էին առ այն, թե՝ «երկինքն ապահով է», «երկինքը փակ է» և այլն: Խոսքը տվյալ դեպքում Հայկական զինուժի՝ ՀՕՊ միջոցներով համալրվածուծյան ու հագեցվածության մասին էր: Ըստ որում, Նիկոլն ու նիկոլականները այդ հանգամանքը նշում էին՝ հակադրության մեջ դնելով «նախկինների» հետ և լոպազանալու համար, թե՝ տեսեք ինչքան բան են իրենք արել:

Իրականությունը սակայն այն էր, որ Նիկոլի հանձնարարությամբ, գործնականում ձեռք էին բերվել թշնամու կիրառած հարվածային միջոցներին դիմակայելու համար քիչ պիտանի ՀՕՊ միջոցներ, դրան ոչ մի կերպ չէին կարող ապահովել «երկնքի փակ» լինելը:

Իսկ հիմնականն այն է, որ այդ ամենի հետևանքով պատերազմի առաջին իսկ ժամերից Հայկական բանակը հայտնվեց կտրուկ անհավասար և խոցելի վիճակում՝ պաշտպանված չլինելով թշնամու օդային հարվածներից: Երկինքը ոչ միայն «փակ» չէր, այլև օդում թշնամին գերիշխում էր, գործնականում հարվածելով որտեղ և երբ իրեն պետք էր: Այդ միայն Նիկոլի Արծրուն Հովհաննիսյանի փուչիկ «հաղորդագրությունների» մեջ էր, որ թշնամական անօդաչուները զգետնվում էին: 

Նիկոլն ու նրա «նիկոլիկները» հայտարարում էին, թե՝ «օդը փակ» է, մինչդեռ դրանց արածն այն եղավ, որ Արցախի, Հայաստանի «օդերը փակեցին»:

Հա, ի դեպ, 1 տարի առաջ, այս օրերին, ֆեյսբուքի հայկական հատվածը ցնծում էր Գյանձայի (Գանձակի) ռազմական օդանավակայանը «հօդս ցնդեցնելու» մասին լուրերից: Գրեթե պաշտոնապես շրջանառվում էին «հօդս ցնդեցված» թշնամական օդանավակայանի լուսանկարները: Մինչդեռ... դա ընդամենը Ուկրաինայում տեղի ունեցած հակամարտությունից «թռցված» լուսանկար էր՝ Լուգանսկի օդանավակայանի պատկերով...
Առհասարակ, աննախադեպ է այն ապատեղեկատվական տեռորը, որը Նիկոլն ու իր կատարածուները իրականացրեցին 44-օրյա պատերազմի, մեր կարծիքով՝ պլանավորված պարտության ընթացքում: Նույնիսկ գեբելսյան պրոպագանդան նման ցածրունքներ հազիվ թե նվաճած լինի: Բայց դա արդեն մեկ այլ դիտարկման թեմա է:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ