Հայ գործարարների ասոցիացիան, «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ, սեպտեմբերի 20-ին կազմակերպել էր գործարար համաժողով, որին մասնակցում էր նաև ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը, որը հիմա էլ հանդես է գալիս որպես «Ապագա Հայկականը» շարժման համանախաձեռնող։ Օրվա վերջն ամփոփելով հեռուստաընկերության տաղավարում, գործարարը միավորման կոչերի ներքո հերթական փիլիսոփայական վերլուծություններով հանդես եկավ Հայաստանի վիճակի մասին։
Նա խոսում է Հայաստանի այսօրվա վատ վիճակի մասին, սակայն բուն մեղավորներին, չգիտես ինչու, չի նշում և ուղիղ նրանց քննադատելու փոխարեն սլաքներն ուղղում էր դեպի նախկինները, այնպես, ինչպես շարքային ՔՊ-ական։ Ռուբեն Վարդանյանին հարցազրուցավարը հարց է տալիս, թե ինչ է անելու իր կազմակերպությունը, նա իրենց անելիքների փոխարեն ասում է․ «Դուք անընդհատ նշում եք էսօրվա վատ օրը, բայց մեր ամբողջ 30 տարին ա եղել շատ լուրջ խնդիր», հետո խոսում է, թե պետական մտածելակերպ չի եղել և այլն և այլն։ Դարձյալ՝ ինչպես սովորական ՔՊ-ական։
ՔՊ-ականներին որ հարցնում ենք, ընկնում են «պեչենու բաղերը», փորձենք պարոն Վարդանյանին հարցնել՝ 30 տարին ի՞նչ կապ ունի նրա հետ, որ դիլետանտական, սորոսական, թրքերին սիրող և միգուցե ծառայող խմբակը նախ Հայաստանի տնտեսության, բարոյահոգեբանական մթնոլորտի հերն անիծեց, պառակտեց ազգը, հետո միտումնավոր խզեց կապերը ռազմավարական գործընկերոջ հետ, բերեց-հասցրեց պատերազմի, ապա հանձնեց Արցախը։ Դուք նշում եք, թե Արցախը ձեզ համար կարմիր գիծ էր, հատեցին։ Ո՞վ հանձնեց, պարոն Վարդանյան, ի՞նչ էր անունը, բա տվե՛ք, ինչի՞ց եք վախենում։
Ռուբեն Վարդանյանը Հայաստանի տնտեսական վիճակից շատ է տեղյակ, իսկ միգուցե նաև գիտի՞, թե 30 տարվա ընթացքում երբ է զարգացում ապրել, երկնիշ աճել, ներգաղթ եղել, ե՞րբ է դրսի հետ լավ հարաբերություններ եղել, ե՞րբ է անվտանգ եղել։ Արդյո՞ք չի եղել այդ 30 տարվա մեջ այդ ամենը։ Վստահ եմ, գիտեք, որ եղել է։ Բայց դրա մասին չի խոսում, պարոն Վարդանյանը։
Իսկ ինչո՞ւ եք վախենում իրերն իրենց անուններով կոչել, ինչո՞ւ եք վախենում շեշտել, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տարել է կործանման։ «Մարդիկ հույսը կորցրել են ոչ թե նրա նկատմամբ, որ մեկը դավաճան ա, մեկը․․․» իսկ ինչի՞ համար են կորցրել, արդյո՞ք դավաճանն ու հերոսը պետք է կողք կողքի ապրեն։ Մեզ, ու վստահ եմ ձեզ նույնպես, սովորեցրել են, որ դավաճանին պետք է պատժել, իսկ հերոսին փառաբանել։ Հաջողություն գրանցած ղեկավարին, պետք է գնահատել ու մեծարել, իսկ անհաջողակին ու ծաղրածուին՝ գցել աղբը։ Ու որևէ կերպ, չի կարելի մի հարթության մեջ դիտարկել այդ երկու տեսակները։
Ռուբեն Վարդանյանը դժգոհում է, որ Ռոբերտ Քոչարյանի որոշման պատճառով դրսում օրինակ 20 տարի ապրող ՀՀ քաղաքացիները չեն կարողանում դրսում մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Կարծիք է, անշուշտ, կարող է և քննարկման առիթ դարնալ։ Սակայն, այդ մասին հիմա՞ է ժամանակը խոսելու, արդյոք առաջնային խնդիրը դա՞ է, հիշենք թե նախագահ Քոչարյանի ժամանակ էլ ինչ որոշումներ են եղել։ Այսինքն, ամեն բան սխալ էր, որովհետև հատկապես Ռուբեն Վարդանյանը չեր կարողանում ընտրե՞լ։ Ես էլ, որպես քաղաքացի ու նաև մշտական բնակիչ, հարց եմ տալիս՝ Իսկ դրա ի՞նչն է սխալ։ Մարդը, որ Հայաստանում չի բնակվում, լքել է երկիրը, այն էլ՝ 20 տարի առաջ, ինչո՞ւ պետք է որոշի, թե ես՝ ՀՀ քաղաքացիս, ինչպիսի ղեկավար ունենամ։ Պարոն Վարդանյան, դուք ինչո՞ւ պետք է իմ հետ հավասար որոշեք, թե ես ում ղեկավարած երկրում ապրեմ, երբ դուք Հայաստան եք գալիս առիթի դեպքում, իսկ մենք ապրում ենք ամեն օր։ Չէ՞ որ դուք ընտրելու եք ու գնաք ձեր մոսկվաներում ապրելու՝ մեզ թողնելով հետևանքների վայելքը, ինչը այսօր անում եք։ Դուք հիմա էլ գալիս եք այստեղ բոլորին խելք եք սովորեցնում, փիլիսոփայում ու թողնում գնում եք, իսկ մենք ապրում ենք այս իրականության մեջ։
Թե բա՝ Քոչարյանի ժամանակ, Սերժի ժամանակ դրսի ներուժը չեն օգտագործել, հայտնի մարդկանց չեն բերել։ Նախ սխալվում եք, բազմաթիվ հայտնի մարդիկ՝ զանազան գործիչներ, գործարարներ Հայաստանում իրենց տեղն են ունեցել և իրենց գործն են արել՝ սկասծ Շարլից, վերջացրած Քրքորյանով։ Բայց նաև ուզում ենք իմանալ՝ ի՞նչ է ուզեցել անել Ռուբեն Վարդանյանը ու իրեն խանգարել են։ Ո՞ր գործարարն է Հայաստանում ուզեցել ներդրումներ անել, աշխատատեղ բացել, մասնակցություն է ունեցել որևէ լավ բանի ու խանգարել են։ Եղե՞լ է ձեզ հետ նման դեպք․ թե՞ պաշտոն եք ուզել ու չեն տվել։ Չեմ, կարծում, թե դրանումն է խնդիրը։ Կարծում եմ, որ եկել եք, լավ էլ արել եք այն ինչ ուզել եք, ծրագրերն էլ, բարեգործությունն էլ, բիզնեսն էլ, հիմա նույնպես անում եք, ուղղակի այն, որ Արցախի համար այդպես սիրելով արել եք, այդ բոլոր տարիներին, «նախկինները» պահում էին, իսկ այս իշխանությունը հանձնել է թշնամուն։
Անհասկանալի է մոտիվացիան՝ Հայաստանի այսօրվա ԽԾԲ/լակոտական աղետալի կառավարումը թողած՝ քննադատել մարդու, որը երկրի կառավարումը հանձնել է սրանից 13 տարի առաջ, իսկ կառավարման ժամանակ աչքի է ընկել միմիայն դրական բազմաթիվ ցուցանիշներով։
Ռուբեն Վարդանյանը նշում է՝ ամենակարևորը անվտանգության հարցն է․ իսկ այդ անվտանգությունը ո՞վ է լավագույնս ապահովել, Նիկոլը՞։ Ո՞ւմ ժամանակ թշնամու կողմից որևէ ոտնձգություն չի եղել։ Իսկ այդ անվտանգությունը ո՞նց են պահել։ Ասեմ պարոն Վարդանյանին, որ այն ժամանակ, երբ ինքը Ռուսաստանում իր գործերն էր կարգավորում, մարդիկ այստեղ պատերազմում էին, որոշները գիշեր-ցերեկ աշխատում ու թշնամու գնդակոծությունների տակ, ստեղծում էին բանակ, հետո անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծում, թիկունքն էին ամրացնում, բանակցություններ վարում, հայկական դիրքերն էին ամրացնում երկրի ներսում, դրսում, սահմանին, ու պահում էին անվտանգությունը։ Եվ մի պայծառ օր էլ, մենք բոլորս, այդ թվում Ռուսաստանից եկած մեր հայրենակից Վարդանյանը, գնացինք ու տեսանք ազատ ու անվտանգ Արցախը։ Հե՞շտ էր․ կարող եք հարցնել այդ մարդկանց, ով այդ ամենը արել է, կազմակերպել է, նրանք կասեն, որն է ավելի հեշտ՝ այդ ամենը անե՞լը, թե հեռվից փիլիսոփայելը։
Ասում եք՝ պետք է հիման չքննադատենք, քննադատենք 30 տարին։ ՔՊ-ել է այդպես ասում, ավելին, Ալիևն էլ ասում է՝ ինչու՞ էիք «գրավել մեր հողերը»։
Իշխանական համար մեկ զոմբիական թեզն է այսօր՝ «Խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ախար 30 տարի․․․», վստահ եմ՝ գիտեք։
Իհարկե, ամեն ինչ չէ, որ արդար է, ամեն ինչ չէ, որ լավ է եղել բայց, առնվազն անարդար է, երբ պարբերաբար հայտնվում են մարդիկ, մերժումի քաղաքականությամբ, ամբողջ անցած ճանապարհը մերժում են, թե՝ թալանել են, կերել են, խանգարել են, այ մենք էսպիսի ապագա ենք պատկերացնում․․․ լա՛վ եք անում, պատկերացնում եք, բայց մենք հոգնել ենք ամեն 5,10, 20 տարին մեկ անցած դժվարագույն ձեռքբերումները զրոյացնող ու իրենց փրկչի դերում ներկայացնող գործիչներից։
Ի դեպ, «Ապագա Հայկականը» կառուցող Ռուբեն Վարդանյանի թիմի առաջնորդներից մեկը Մանե Թանդիլյան է, մարդ, որը «հեղափոխությունից» հետո դարձավ սոցապնախարար, աչքի չընկավ ընդհանրապես ոչ մի բանով, չնայած եկել էր բարեփոխելու, բայց որևէ բարեփոխում այդպես էլ չիրականացրեց, իսկ պատերազմից հետո էլ նախարար նշանակվեց Արցախում․ այնտեղ ևս տեսանելի ոչինչ չանելով՝ դուրս եկավ աշխատանքից։ Իսկ հիմա բռնել են ապագան կառուցելու ճանապարհը՝ մերժելով վերջին 30 տարին ու ոչինչ չասելով իսկապես մերժելու ենթակա 3 տարվա մասին։ Էլի՞ այդպես հովհարային «սկբունքներով եք» «բարեփոխում» անելու։
Քննադատությունը ընդունելի է, եթե ազնիվ է, անազնիվ քննադատությունը բամբասանք է։
Դեռ այսքանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը