16 09 2021

Ձախողի՛ր, որ խրախուսվես. կարծես թե այդպես է ստացվում

Ձախողի՛ր, որ խրախուսվես. կարծես թե այդպես է ստացվում

Կառավարության այսօրվա նիստում Սասուն Խաչատրյանն ազատվեց Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից: Ազատեցին, որ նշանակեն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:

Յուրաքանչյուր նորմալ երկրում Սասուն Խաչատրյանը մարտ ամսից հետո, երբ ՍԴ որոշումը հարապարակվեց 300․1 հոդվածի հակասահմանադրականության վերաբերյալ, պետք է առնվազն հեռացված լիներ պաշտոնից, եթե չասենք՝ ենթարկված լիներ պատասխանատվության: Շուրջ երեք տարի քաղաքական հայտարարություններ անող և քաղաքական պատվերով գործեր կարող Սասուն Խաչատրյանը համառորեն պաշտպանում էր մի հոդված, որը ՍԴ-ն ճանաչեց հակասահամանադրական:

Բայց դե հիմա նա դառնում է կոռուպցիայի դեմ պայքարի «առաջամարտիկը» Հայաստանում: Բայց սա միակ դեպքը չէ, իհարկե: Վերհիշենք, օրինակ, ՔՊ-ական մարզպետ Տրդատ Սարգսյանին, ում մասնակցությամբ տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով Պաշտպանության նախարարության փոխգնդապետը մինչև հիմա գտնվում է կոմայի մեջ: Միջադեպից հետո նա հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, ամիսներ հետո նշանակվեց ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար, իսկ նոր խորհրդարանում էլ ստացավ պատգամավորի մանդատ:

«Ժողովրդավարության բաստիոնի» նախարարներից մեկը, օրինակ ամիսներ առաջ սրճարանում հարձակվեց և ծեծեց լրագրողի: Օրեր անց ֆեյսբուքյան էջում ներողություն խնդրեց, հայտնի չէ, թե ումից և հրաժարական տվեց: Մի երկու ամիս հանգստանալուց հետո Հակոբ Արշակյանը ներգրավվեց նախընտրական քարոզչական աշխատանքներում, հիմա էլ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնն է զբաղեցնում:

2020 թվականի հունիսի 8-ին աշխատանքից ազատվել էր ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Պատճառն էլ այն էր, որ վերջինս կորոնավիրուսի լոքդաունի պայմաններում կազմակերպել է որդու հարսանիքը՝ մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ։ Դավթյանը հանդես էր եկել պարզաբանմամբ, որում նշել էր, թե օրենքի առաջ բոլորն են հավասար և եթե որևէ խախտում է արել՝ կկրի դրանից բխող պատասխանատվությունը: Մեկ ամիս անց Դավթյանը նշանակեց ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, իսկ կապիտուլյացիայից հետո էլ նորից դարձավ ԳՇ պետ:

Կապիտուլյացիայից հետո, առհասարակ, նման փոխատեղումները «նոր թարմություն» անվան տակ շատ հաճախակի դարձան: Կորոնավիրուսային պայքարը ձախողած Արսեն Թորոսյանը նշանակվեց կառավարության աշխատակազմի ղեկավար, հիմա էլ, արդեն, պատգամավոր է ու պատգամավոր է ծեծում: Կրթության ոլորտից եկող դժգոհությունները փարատելու համար Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից և նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում, հիմա էլ կառավարության աշխատակազմն է ղեկավարում: Պատերազմի սկսվելուց օրեր առաջ Թուրքիայի ներգրավումը բացառող իշխանական պատգամավորը ոչ ավել, ոչ պակաս դարձավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

Ցանկը շարունակելի է:

Բայց սա՛ է պատկերը տարվող կադրային քաղաքականության: Սա ոչ թե նրա արդյունքն է, որ մասնագետներ չկան, կադրային սով է, ո՛չ, ամենևին: Սա այս իշխանության դեմքն է և գործելաոճը՝ խրախուսվում են նրանք, ովքեր պատրաստակամորեն կատարում են պատվերներ, անտրտունջ ծառայում են մեկ անձի շահերի և ամենևին էլ կապ չունի բռնություն կիրառում են, չեն կիրառում, ոլորտը ձախողել են, թե ոչ: Իսկ թե մեկ անգամ արդեն ձախողածները այլ ոլորտներում ինչ արդյունք կգրանցեն, մեղմ ասած, տարակուսելի է:

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ