24 08 2021

Անկախության հռչակագիր. Նիկոլի ու նիկոլիզմի շնորհիվ... ոչնչացված հռչակ ու գիր

Անկախության հռչակագիր. Նիկոլի ու նիկոլիզմի շնորհիվ... ոչնչացված հռչակ ու գիր

Ուղիղ 31 տարի առաջ օգոստոսի 23-ին դեռևս «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն» համարվող Հայաստանի Գերագույն խորհուրդը պատմության գիրկն ուղարկեց չակերտներում նշված սահմանումները և ընդունեց «Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը»:

Սա մեր՝ գործնականում մինչև 2018թ. մայիսի 8-ը գոյություն ունեցած Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթուղթն է՝ անկյունաքարերի անկյունաքարը: Սկզբունքորեն, արդեն ավելի քան 3 տարի է, այսինքն այն վայրկյանից, երբ համատարած մթագնումը հնարավոր դարձրեց Նիկոլ Փաշինյան կոչվող փորձանքի պետության ղեկավար հռչակվելը, իսկ կացնային բթության և նախնադարյան կռապաշտության ժանտավարակը, ապաև՝ կեղծավորությունն ու ստամոլությունը որպես նիկոլիզմ ամրապնդեցին դրա ու իր նման նիկոլների իշխանությունը, 1990-ի օգոստոսի 23-ին հռչակված Հայաստանի Հանրապետությունն ինքը, ըստ էության, ընկղմվում է պատմության գիրկը: Ու մոռացության, ասես՝ չի էլ եղել:

Ամենատարբեր հայացքների տեր գործիչները 31 տարի առաջ, մոտավոր պատկերացնելով անկախության վերականգնման հետ կապված զանազան փորձություններ, հազիվ թե կարող էին պատկերացնել, թե ինչ մղձավանջ է լինելու Հռչակագրի ընդունումից ընդամենը երեք տասնամյակ անց: Ինչպես անհնար է թվում, որ Հայաստանի Անկախության վերականգնման հիմքը դրած գործիչները, մարդիկ, որոնք իրենց կյանքն ու եռանդն են ներդրել դրա կայացման, սուսուփուս հանդուրժում են, որ իրենց աչքի առաջ ինչ-որ նենգադավ սուբյեկտներ ոչնչացնում են նույն այդ Հայաստանը՝ որպես անկախ պետություն: Այսինքն՝ արդե՛ն ոչնչացրել են: Ու վայելում են: Ու դահիճի մանիակալ հրճվանքով հպարտանո՜ւմ են Հայաստանի… պարտությամբ: Պարտություն, որ դասավորել են հենց այդ մանիակ-դահիճները՝ հուրախություն թշնամիների, լինեն դրանք արևմտյան թուրքերը, թե արևելյան թուրքերը:

Անկախության Հռչակակագիր, որի սահմանած հռչակն ու գիրը ոչնչացված են Նիկոլի ու նիկոլիզմի կողմից:

Հասկանալի է, որ նիկոլական Հայաստանում «Անկախության Հռչակագիրը», որպես այդպիսին՝ արգելված փաստաթուղթ պետք է լինի, թեկուզ այն պարզ պատճառով, որ Հռչակագրում ի սկզբանե նշվում է. «…հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Ո՜նց, ինչպե՞ս կարելի է խոսել Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Այն էլ՝ վերա՛միավորման: Ախր Նիկոլի «գուգլած» քարտեզներով, Գորիսի Տեղ գյուղից այն կողմ «ադրբեջանական տարածքներ» են: Ի՜նչ Արցախ, ի՜նչ Լեռնային Ղարաբաղ: Ուզում եք Նիկոլն ու իր ամբողջ թիմը, 666 հազար «քվեարկողներով» հանդերձ, հիստերիկանա՞ն: Բա դա ձեզ պե՞տք է:

Հռչակագիրը արգելված փաստաթուղթ է սրանց համար, քանի որ 11-րդ կետով սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Գժվե՞լ եք, ի՞նչ է: Բա որ Նիկոլն ու իր գլխավոր օլիգարխը, էլ չենք ասում՝ ԱԽՔ-ն ու էկոնոմիկայի «մենյու»-ն իմանան դրա մասին: Նրանք, ախր իրենց սիրելի Թուրքիայի հետ առուտուր ունեն անելու, քյար ունեն անելու: Ի՜նչ Ցեղասպանություն… Համ էլ չգիտե՞ք, որ Նիկոլն ասել է, որ ինչքան թշնամական ենք վերաբերվում, մեզ թշնամի են ընկալում, ու դեռ պարզ չի, թե որտեղից եկավ թուրքերի հետ այդ թշնամանքը: Պարզ չի, հասկանո՞ւմ եք:

Չնայած 9-րդ կետն էլ լուրջ պատճառ է, որպեսզի Հռչակագիրը համարվի «արգելված փաստաթուղթ»: Ախր այնտեղ ասվում է Մարդու իրավունքների ու ազատությունների մասին….

Դե, այո: Նիկոլական հակա-Հայաստանում, որտեղ մարդուն կարող են աշխատանքից ազատել ֆեյսբուքյան լայքի կամ քվեարկության համար, կալանավորել քաղաքական հայացքների համար, որտեղ ոստիկանի համազգեստով սադիստները, քանի որ նիկոլական են, իրավունք ունի խեղդել ցույց անող պատանուն, անգամ՝ հոշոտել, և այլն, և այլն, ազատությունների մասին խոսելը ուղղակի դավադրություն է: 

Մի խոսքով, Հայաստանի Անկախության Հռչակագրի հիշատակի օրն էր: Ափսոս, լավ սկիզբ էր, ուժեղ փաստաթուղթ էր: Օղորմի…

Իսկ ովքեր ուզում են հիշել մեր օրերում ըստ էության արգելված բովանդակություն ունեցող այդ փաստաթուղթը, ապա, մեկ էլ տեսար, ոչ միայն հիշեցին, այլև՝ վերհիշեցին, թե ինչի համար ենք առհասարակ հավաքվել Հայոց աշխարհից մնացած այս 1/10-ի վրա

Արմեն Հակոբյան    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ