18 08 2021

Արտգործնախարությունն ու փոխվարչապետն իրար հակառա՞կ են աշխատում

Արտգործնախարությունն ու փոխվարչապետն իրար հակառա՞կ են աշխատում

 

Վերջին օրերին իրավիճակը բավականին լարվել է ոչ միայն հաայ-ադրբեջանական սահմանին, այլև Հայաստանիներսի այն հատվածներում, որը զավթել է թշնամին՝ Հայաստանի իշխանությունների թողտվությամբ։ Սյունիքում Սև լճից տարածք են զավթել, դիրքեր ամրացրել ու կրակում են մեզ վրա։

Երասխի և Կութի հատվածում էլ նախօրեին երկու զոհ ունեցանք։ Մասնավորապես, Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած հրաձգության հետևանքով օգոստոսի 16-ին դիպուկահարի արձակած կրակոցից Երասխի հատվածում զոհվեց ՀՀ ԶՈւ զինծառայող Վահան Թաթոսյանը, իսկ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվեց զինծառայող Արման Հակոբյանը: Օգոստոսի 17-ին հրազենային վիրավորում ստացավ հայ զինծառայող։ Կրակի տակ են հայտնվել  ոչ միայն հայկական դիրքերը, այլև համայնքներ։

Ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը․ վարչապետը գոյության նշաններ ցույց չի տալիս, պաշտպանության նախաարարը առավոտից իրիկուն ելույթ է ունենում ու հրամայում անխնա պատժել, հետո իրեն տեսնում ենք մայրաքաղաքի կենտրոնում բազմաթիվ թիկնապահներով շրջելիս, իսկ պատժի մասին ոչինչ չենք իմանում։ Ուշագրավ է նաև երկու այլ պատասխանատու գարսենյակների վերաբերմունքը։

Այսպես․ այս ռազմական գործողությունների ֆոնին մեկ օրվա մեջ երկու տրամագծորեն հակառակ քայլեր են կատարում ԱԳ նախարարությունն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ամիսներ շարունակ նախարար չունեցող ԱԳ նախարարությունը օգոստոսի 17-ին հայտարարում է․ «Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունները, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն վտանգելու դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերը և խաթարելու տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը: Դրանք նպատակաուղղված են խոչընդոտելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսումը, ինչպես նաև վիժեցնելու տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացը և բոլոր հաղորդակցության միջոցների բացումը»:

Նույն օրը ՌԴ կառավարության կայքը հաղորդագրություն տարածեց, որ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում վերսկսել են Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը․ «Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի հունվարի 11 - ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»:

Ուշագրավ է իմանալը, թե ինչ է քննարկում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ադրբեջանցի «գործընկերոջ» հետ, եթե նույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է կրակ մաղել հայկական դիրքերի, գյուղերի վրա, զոհվում ու վիրավորվում են զինվորներ, և ԱԳ նախարարությունն էլ Ադրբեջանին համարում է ապակառուցողական։ Ինչո՞ւ եք քննարկում պայմանավորվածությունների կատարման հարցերը, երբ Ադրբեջանը չի կատարել, չի կատարում որևէ պայմանավորվածություն, ու այդ մասին հայտարարությունները բազմաթիվ են։

Եվ ընդհանրապես, ինչու եք բանակցություն սկսել Ադրբեջանի հետ, երբ ամեն օր հայտարարում է, որ Սևանը իրենն է, Զանգեզուրը իրենն է, պետք է վերցնի։ Սա անհասկանալի է։

Ինչո՞ւ են Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնող գերատեսչությունն Փաշինյանի տեղակալը բոլորովին հակառակ բաներն անում, ինչո՞ւմն է կայանում այս անկազմակերպվածությունը։ Եվ արդյո՞ք սա ապացույցը չէ այն բանի, որ Փաշինյանն ինքը չգիտի ինչ անել, չունի որևէ ծրագիր և երկու տարբեր մարմինների տարբեր հրահանգներ է տալիս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ