12 08 2021

Կարող եք համարել, որ մի քանի ամիս պատժից տարկետում եք ստացել: Ընդամենը

Կարող եք համարել, որ մի քանի ամիս պատժից տարկետում եք ստացել: Ընդամենը

 

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները մարդկայնորեն աննախանձելի վիճակում են: Չէ, իսկապես, աննախանձելի է, երբ օրվա մեջ մի քանի ժամ շարունակ, ստիպված ես նույն դահլիճում գտնվել նիկոլական քպ-ների հետ: Ու, իբր դա քիչ է, դեռ մի բան էլ պետք է ձգտեն մնալ քաղաքավարության կամ կոռեկտության սահմաններում: Երևի շատերը կնախընտրեին այս տապին կանգնել արևի ուղիղ ճառագայթների տակ, քան ստիպված լինին հանդուրժել ֆիզիկական ներկայությունը նրանց, ովքեր անհանդուրժելի են իրենց մերժելի ստախոսակեղծավորական տեսակով և աններելի են՝ Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի դեմ գործած ծանրագույն մեղքերի համար:

Մյուս կողմից, երբ մի քանի անգամ, տարբեր առիթներով փորձեցի հետևել ԱԺ նիստերին, թեկուզ կարճ ժամանակով, լսողությունս փշաքաղվեց հատկապես իշխանական համարվողների, այսինքն՝ նիկոլականների լոփո-լոփո արտահայտությունից, թե՝ «հարգելի՛ գործընկերներ...»:

Հարգելի գործընկերնե՞ր: Կներեք, ո՞վ է ում գործընկերը: Ինչի՞ գործընկերը: Այդ ո՞րն է եղել քպ-ների, նիկոլականների, Ալեն Սիմոնյանի կամ դրանց «չաքուջային» ու նկարովի մեծամասնության արած գործը, որ որևէ նորմալ մարդ, առավել ևս՝ որևէ նորմալ հայ մարդ դրանց գործընկեր համար:

Արցախը թուրքին նվիրելո՞ւ գործընկեր: Հայոց բանակի հազարավոր զինվորներին ու սպաներին կորստյան մատնելո՞ւ գործընկերներ: Հայոց բանակը քայքայելո՞ւ գործընկերներ: Թե՞ կապիտուլյացիայի գործընկերներ:

Կամ ի՞նչ հարգանք: Հարգանք ինչի՞ համար: Ալիևի առաջ կզելո՞ւ, Արցախը թուրքին նվիրելո՞ւ, առանց կրակոցի Քարվաճառ ու Քաշաթաղ հանձնելո՞ւ համար հարգելի: Թե՞ հազարավոր հայ մարդկանց գաղթական ու տնազուրկ անելու համար հարգելի: Թե՞ ստախոսությունը պետական գաղափարախոսություն դարձնելու համար հարգելի: Թե՞ Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնելու, ըստ էության, Անկարայի ծրագրերը իրականացնելու համար հարգելի: Թե՞ Պուտինի սապոգների ներբանները նիկոլաբար լիզելն է հարգելի:

Չի՛ կարող որևէ նիկոլական լինել հարգելի: Առավել ևս, չի՛ կարող որևէ նիկոլական լինել որևէ նորմալ մարդու համար գործընկեր:

Ա՛նհարգելի անհանդուրժելիներ եք դուք, և իմացած եղեք, որ աններելի եք ու չեք ներվելու երբեք: Ավելին, սերնդե-սերունդ արդեն իսկ նզովված եք: Ու այն, որ մի խումբ արժանավոր մարդիկ մի կերպ հանդուրժում են ձեր նմանների հետ նույն դահլիճում գտնվելը, դա դեռ ոչինչ չի նշանակում, թե ձեր գործած ոճիրը մարսել եք, կապիտուլյանտությունն ու դավաճանությունը մարսել եք, հազարավոր հայ տղաների արյունը ձեր ձեռքերին չէ, հարյուրավոր շեները թուրքին նվիրելու համար ձեր դատ ու դաստաստանը չի լինելու:

Թերևս կարող եք համարել, որ մի քանի ամիս տարկետում եք ստացել: Ընդամենը: Դա էլ՝ լավագույն դեպքում:

Ու առավել ևս զզվելի են նիկոլական որոշների ճեքճեքումները, թե բա՝ կառուցողական, հանդուրժողական, աշխատանքային մթնոլորտ, չգիտես ի՜նչ:

Նիկոլական մեկը ելել ու ԱԺ ամբիոնից լացում է, թե մի 11 տարի առաջ բանակում սոված է մնացել: Ու սոցցանցերում հայտնվում է նրա բանակային տարիների լուսանկարը, մեղմ ասած՝ սննդառատ սեղանի շուրջ:

Մի ուրիշ նիկոլական, դեռ մի բան էլ մուննաթ է գալիս, թե նախկին իշխանությունները լա՞վ էին պատրաստվել «ապրիլյան պատերազմին»: Ու ինչպե՞ս դրան տեղում մի հակադարձ ելույթով չգամես անարգանքի սյանը, որ լեզուները պահեն այնտեղ, որտեղով «մտածում» են: Այո, «ապրիլյան պատերազմին» մեր բանակն ու ժողովուրդը այնքանով էին լավ պատրաստված, որ դիմակայեցին թշնամուն, հարկադրեցին հրադադարի, պատճառեցին կորուստներ:

Իսկ դուք, անհարգելի, անհանդուրժելի ու անտանելի նիկոլականնե՛ր, կարող եք ուրախանալ և վստահ եմ, որ ցնծում եք միայն այն բանի համար, որ մինչև հիմա բազմաթիվ հայ մարդիկ անգամ չգիտեն, թե որտեղ է զոհվել իրենց զավակը: Այ, դրա համար դուք կցնծաք ու ցնծում էլ եք, սալյուտներ էլ եք խփում, ձեր «նեղ կռուգով» սատանայամիտ հավաքներում հաստատ հպարտանում էլ եք: Հպարտանո՞ւմ է, չէ՞, ձեր Նիկոլը, որ պարտվել է թուրքին: Հպարտանո՛ւմ է: Ու քանի դեռ ձեր հպարտությունը թուրքին հաղթել տալն է, ձեններդ կտրեք, գլուխներդ էլ կախ ներկայացեք:

Իսկ ընդդիմության ներկայացուցիչներն էլ թող լավ իմանան, որ տողերիս հեղինակը ու, վստահ եմ, ինձ պես շատ-շատերը ձեզ քվե են տվել ոչ թե դրանց հանդուրժելու, թեկուզ պառլամենտական էթիկան պահելով դիմելու, այլ դրանց քաղաքական ոչնչացումն ու վաստակած պատիժներին արժանանալը հնարավորինս արագացնելու համար:

Ի՜նչ գործընկեր: Չէ մի:

 

Արմեն Հակոբյան    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ