Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բերման ենթարկել ԱԺ պատգամավորին։ Սա, իհարկե, իրավական խայտառակություն է ու աբսուրդ, բայց բոլորովին տարօրինակ չէ ո՛չ այս դատական համակարգի, ոչ էլ, առավել ևս, Աննա Դանիբեկյանի պարագայում։ Երեկ՝ օգոստոսի 10-ին, ՀՀ թիվ 1 «կաշառատու» Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստ էր, որին չէր մասնակցում ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, քանի որ մասնակցում էր ԱԺ ղեկավարության կազմավորման նիստին։
Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը և հիմնավորեց, որ իր պաշտպանյալը պատգամավոր է, մասնակցում է նիստերին և օբյեկտիվորեն հնարավորություն չունի ներկայանալ դատական նիստին։ Արմեն Գևորգյանը, «Հայաստան» խմբակցության որոշմամբ, առաջադրվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, և կարող է հենց դատական նիստի ժամանակ քննարկվել նրա ընտրության հարցը։ Բացի այդ ամենը, «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցի կապակցությամբ։
Աննա Դանիբեկյանն այսքանը լսելուց հետո ոչ հարգելի համարեց Արմեն Գևորգյանի բացակայությունը և թելեց դատախազ Պետրոս Պետրոսյանի թելը՝ որոշելով դատավարական հարկադրանքի միջոց կիրառել և Արմեն Գևորգյանին բերման ենթարկել հաջորդ դատական նիստին։
Իհարկե՝ սա ապօրինի որոշում էր, որովհետև սահմանադրությամբ անձեռնմխելիություն ունեցող ԱԺ պատգամավորի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառել առանց ԱԺ որոշման, չի կարող և ոչ մի դատարան։
Հիմա հարց՝ արդյո՞ք դատավորը կարող է չկարդալ Սահմանադրություն, թե՞ հակառակը՝ պարտավոր է անգիր անել Սահմանադրության բոլոր հոդվածները։ Եթե Դանիբեկյան Աննան տեղյակ չէ, հատուկ նրա համար բերենք Սահմանադրության 94-րդ հոդվածը, որը երաշխավորում է, որ ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր ներկայացնում է ամբողջ հայ ժողովրդին։ Այլ կերպ ասած՝ նաև Աննա Դանիբեկյանին։
Արմեն Գևորգյանը, լինելով ԱԺ պատգամավոր, սահմանփակված է այդ պարտականության կատարմամբ։ Այդ պարտականության կատարման հիմնական վայրը, ի դեպ, ոչ թե ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայրն է, այլ՝ ԱԺ-ն՝ նիստերի ընթացքում։ Ստացվում է մի իրավիճակ, որ Դանիբեկյանը խոչընդոտում է ՀՀ ամբողջ ժողովրդի ներկայացուցչության պարտականություն ունեցող Արմեն Գևորգյանին և պարզ չէ՝ ինչի ամար։
Աննա Դանիբեկյանը տեղյակ է, որ ԱԺ-ն դեռ չի ձևավորվել։ Իսկ այս օրերին տեղի ունեցող նիստերը սահմանադրության ուժով են, ոչ թե Արմեն Գևորգյանի որոշմամբ։ Սահմանադրությունը երաշխավորում է, որ ԱԺ-ն պետք է ձևավորվի, և համարվում է ձևավորված միայն այն ժամանակ, երբ ընտրվում են ԱԺ նախագահ, փոխնախագահներ և մշտական հանձնաժողովների նախագահներ։ Հետևաբար, այս պայմաններում նիստին չմասնակցելն ինքնին մշանակում է չկատարել ամենաառանցքային պարտականություններից մեկը՝ որպես ժողովրդի ներկայացնող պատգամավոր չմասնակցել ԱԺ ձևավորմանը։
Մյուս աբսուրդն այն է, որ Աննա Դանիբեկյանը օգոստոսի 3-ին հարգելի է ճանաչել Արմեն Գևորգյանի բացակայությունը։ Նույն պատճառով երկրոր բացակայությունը հարգելի չճանաչելով՝ նշեց, թե նախորդ անգամ իրավիճակը վերաբերում էր ԱԺ առաջին նիստին։
Նման իրավական անգրագիտություն դատավորի կողմից, նույնիսկ Դանիբեկյանի դեպքում, հնարավոր չէր սպասել։ ԱԺ առաջին նիստի ձևաչափը շարունակում է մինչև օրակարգի սպառելը։ Իսկ օրակարգը ներառում է արդեն նշեցինք, թե որ ընտրությունները։ Մինչև այդ հարցերը չսպառվեն, ԱԺ առաջին նիստը սպառված չի համարվում։
Այդ իսկ պատճառով է, որ ԱԺ-ն ոչ թե քառօրյա նիստեր է անում, այլ մինչև ուրբաթ օրը ներառյալ, քանի որ սա ԱԺ քառօրյա նիստերը չեն, այլ սահմանադրույան ուժով երաշխավորված ԱԺ ձևավորման նիստեր։ Սա Աննա Դանիբեկյանը կարող էր նկատել։ Եվ այս նիստերին խոչընդոտել չի կարող նույնիսկ գործադիր իշխանությունը, էլ չասենք՝ դատական իշխանությունը։
Այնպես որ, դատավորի կողմից նման անգրագիտությունը իսկապես զարմանալի էր կամ գուցե բնավ էլ զարմանալի չէ և տեղավորվում է պատվերի շրջանակներում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը