05 07 2021

Հայաստանում ճգնաժամի պատճառը չի հաղթահարվել, երկիրը գլորվում է ճահիճ

Հայաստանում ճգնաժամի պատճառը չի հաղթահարվել, երկիրը գլորվում է ճահիճ

Եվ այսպես. Նիկոլի աղետաբեր «իշխանությունը» առայժմ համարվում է վերարտադրված: Համենայն դեպս, մինչև ընտրություններն անվավեր ճանաչելու կամ երկրորդ փուլ նշանակելու կամ մանդատների վերաբաշխում իրականացնելու հարցերով Սահմանադրական դատարանի որոշումը, խիստ պայմանական է արտահայտությունը, թե՝ «Նիկոլը վերարտադրվեց»:

Հայաստանի վերջին տասնամյակների պատմության մեջ 1 անգամ էր եղել, որ պատերազմից հետո, գործող իշխանությունը, այն էլ ահռելի վարչական ռեսուրսի, բացահայտ ընտրակաշառքների և ուղղակի խայտառակ ընտրակեղծիքների հաշվին վերարտադրվի: Դա 1995-ի հուլիսին արել է Նիկոլի քաղաքական պապա և գլխավոր դաստիարակ Լևոն Տեր-Պետրոսյանը: Բայց այն ժամանակ պատերազմը, իր բոլոր աղետալի հետևանքներով հանդերձ, մեր ժողովրդի ու պետականության համար հաղթական էր:

Իսկ հիմա, դրանից 26 տարի անց, Լ. Տեր-Պետրոսյանի աճեցրած Նիկոլը գերազանցեց իր ուսուցչին, ցույց տալով, որ կարելի է լինել իշխանություն, չկատարել բացարձակապես ոչ մի խոստում, լափել պետական բյուջեի միջոցները, լափել «Հայաստան» հիմնադրամի միջոցնաերը, կարելի է կործանել բանակը, տնտեսությունը, մսխել պատականությունը, կարելի է Արցախի 75 տոկոսը, Շուշիով հանդերձ, նվիրել թշնամուն, կարելի է պատերազմում ահռելի կորուստներ ունենալ, կարելի է մի ամբողջ սերնդի երիտասարդության հազարներով կոտորածի մատնել, կարելի է թե՛ ամբողջ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից առաջ ու հետո ամենալկտի ու ցինիկ ձևով ստել, ակնհայտորեն էշի՛ տեղ դնել առաջին հերթին՝ իր կողմնակիցներին ու... վերարտադրվել: Վերարտադրվել՝ ստելով, կեղծելով, ոչինչ չխոստանալով, տարփողած «ապագա կա»-ի որևէ հիմնավորված ծրագիր չնախանշելով:

Դա, կներեք, պատմաքաղաքական անոմալիա է: Բայց:

Արդեն առիթ եղել է ընդգծելու, որ ընտրությունները անցան, սակայն պրոբլեմները, ճգնաժամերը, որոնք էլ հենց արտահերթ ընտրությունների գնալու հիմնական նախադրյալներն էին, ոչ միայն մնացին, այլև շարունակում են խորանալ: Համընդգրկուն ճգնաժամը հաղթահարված չէ:

Այս իրողությունների վրա «Հայաստան» դաշինքի ընդհանուր ժողովում ուշադրություն հրավիրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես ընդգծելով՝ այն, ինչի համար կազմակերպվել էր արտահերթ ընտրությունը, նպատակին չի ծառայել, ճգնաժամի պատճառը չի հաղթահարվել:

Առկա համակողմանի և կործանումային ճգնաժամը պայմանավորված է պատերազմում Հայաստանի ու Արցախի հանրապետությունները պարտվեցնելով, տարածքային ու մարդկային ահռելի կորուստներով, ի լրումն՝ իշխանության ղեկին գտնվողների դրսևորած մարդկային ու քաղաքական ապիկարությամբ: Եվ՝ ի՞նչ, հունիսի 20-ի ընտրություններով ձևավորեցի՞ն թեկուզ ինչ-որ հենք՝ ճգնաժամը հաղթահարելու: Ո՛չ, չձևավորեցին, որովհետև նույն թիմը, որը բուն ճգնաժամի պատճառն ու հարուցիչն է, հայտարարում է, որ մնացել է  իշխանության ղեկին:

Իսկ այս իշխանությունը, ինչպես դիպուկ բնորոշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը, «պրոբլեմներ լուծող չէ, պրոբլեմներ ստեղծող է»:

Իսկ նման պատկերն, առաջին հերթին նշանակում է, որ Հայաստանը, մեր հասարակությունը շարունակում են մնալ, ավելի ճիշտ՝ թափով ընկղմվել ճգնաժամի մեջ, ճգնաժամաճահճատիղմում:

Բայց, կներեք արտահայտության համար, իրավիճակ է փոխվել:

Ամենից առաջինը. Նիկոլն ու իր խմբոնը այլևս զրկված են «ժողովրդի անունից» խոսելու հնարավորությունից: Առնվազն իրենց կեղծած ու անարժանահավատ, նվազեցրած, բայց պաշտոնապես հռչակված տվյալներով, նիկոլենք ընդունում են, որ քվեարկությանը մասնակցած մոտ 1,2 միլիոն ընտրողներից 330 հազարը իրենց մերժել են: Ուստի այլևս ոչ մեկը չի կարող ասել, թե Նիկոլին ու նիկոլությանը «ձայն տված» 666 հազարը ժողովուրդն են, իսկ, նրանց մերժած 333 հազարը՝ ոչ:

Քաղաքական առումով միակ հուսադրող իրողությունն այն է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները մտել են խորհրդարան և այս պահին երկրի միակ իրական ու նաև արմատական ընդդիմությունն են:

«Հայաստան» դաշինքը ոչ միայն չի հանդուրժելու նիկոլական թյուրիմացությանը, այլև շարունակելու է պայքարը, ինչպես հայտարարվեց՝ համատեղելով խորհրդարանական ճնշումը և փողոցային պայքարի և լրատվական դաշտում գործունեությունը:

Ժանգը կերած նիկոլական «իշխանությունը», որը պրոբլեմների ու դժբախտությունների, աղետների հարուցիչ է, ընդամենը կարող է ֆաշիստական ռեպրեսիաների դիմել, այլ սրիկայություններ թույլ տալ՝ արագացնելով իր կործանումը: Մեզանից է կախված, որ դրանց կործանումը տեղի ունենա հնարավորինս շուտ՝ կանխելով Հայաստանի վերջնական կործանումը, որն էլ Նիկոլի ու նրա ադրբեջանաթուրքական պատվիրատուների նպատակն է:

Արմեն Հակոբյան   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ