01 07 2021

Ընդդիմությո՞ւն, թե՞ «Ազգային դիմադրության շարժում»

Ընդդիմությո՞ւն, թե՞ «Ազգային դիմադրության շարժում»

Մեր մեջ ասած, ոմանք վաղ են տռճիկ տալիս՝ Գ.Ջհանգիրյանի քաշած թելերով, Խ.Սուքիասյանի թափած փողերով ու Տ.Մուկուչյանի նկարած թվերով «վերարտադրվելու» առթիվ: Առհասարակ, արդեն հայտարարվել է, որ «Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան հունիսի 20-ի, կարելի է ասել՝ ՀՀ պատմության ընթացքում ամենախայտառակներից մեկի կոչմանը հավակնող «ընտրությունների» հրապարակված արդյունքները չեղարկելու կամ անվավեր ճանաչելու հարցով: Այսինքն, զուտ այն հանգամանքից ելնելով, որ տեսականորեն անհայտ է, թե ինչ կորոշի Սահմանադրական դատարանը, դեռ վաղ է կարծել, թե նիկոլական «ընտրությունների» հետ կապված հարցերը փակված են:

Բայց մի պահ ենթադրենք, որ Սահմանադրական դատարաննն արդեն ոչ միայն քննել է «ընտրությունների հարցը», այլև ընդհանուր առմամբ, վավերացրել է կեղծված ու հրապարակված թվերը: Դա նշանակում է, որ մոտավորապես 71/36 հարաբերակցությամբ ձևավորվելու է հաջորդ գումարման ԱԺ-ն, որտեղ 71 հատը նիկոլփաշինյան է լինելու, իսկ մնացյալ 36 պատգամավորները ներկայացնելու են «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները: Հայերս Հայաստանի ԱԺ-ում, ճիշտ է, փոքրամասնություն ենք կազմելու:

Առհասարակ, մեծամասնությանը բնորոշում են որպես իշխանություն, իսկ փոքրամասնությանը՝ ընդդիմություն:

Բայց արդյոք հաջորդ ԱԺ-ում, եթե այն ձևավորվի, լինելու է ընդդիմություն՝ այդ բառի դասական բնորոշմամբ: Նախօրեին «Հայաստան» դաշինքի ղեկավարները հստակ հայտարարեցին, որ լինելու են արմատական, ինստիտուցիոնալ ընդդիմություն: Պարզ է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներն էլ նման կամ մոտ դիրքորոշում կունենան:

Մյուս կողմից, «հին Հայաստանում», առնվազն 2008 թվականից ավելի ու ավելի ընդգծված, զանազան-զարմանազան օտարահպատակ, կասկածելի ու ամենայն հավանականությամբ՝ թշնամիների կողմից ֆինանսավորվող շրջանակները, թշնամիներին ծախված «ընդդիմադիր ու հասարակական գործիչները» ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանում չլինի ընդդիմություն, այլ լինի միմիայն թշնամանք ու թշնամություն:
Երեք տարի առաջ այդ շրջանակները, «տեխնոլոգիական» հեղաշրջմամբ զավթել են Հայաստանի իշխանությունը և շարունակում են իրենց թշնամությունը՝ արդեն Հայաստանի ու մեր ժողովրդի պետական, ազգային շահերի դեմ:

Տրամաբանական ու միանգամայն բնական է, որ այժմ նրանց հետ, ի դեմս Նիկոլի, նույն կերպ վարվեն իրական ընդդիմադիրները: Այսինքն, Հայաստանում չկա ու չի կարող լինել ընդդիմություն, քանի դեռ իշխանություն է համարվում օտարահպատակ թյուրիմացությունների այս խմբոնը: Հայաստանում կարող է լինել միայն քաղաքական թշնամություն:

Դա նշանակում է՝ ցուցադրաբար բոյկոտել թե՛ տվյալ «իշխանության» ղեկավար կազմին, թե՛ նրանց մասնակցությամբ թեկուզ արարողակարգային միջոցառումները: Դա նշանակում է՝ բոլոր հնարավոր օրինական եղանակներով տորպեդահարել, խոչընդոտել ու խափանել նիկոլական կառավարության անխտիր բոլոր նախաձեռնությունները: Ցանկացած առիթով նախաձեռնել քննություն, օգտագործել ընդդիմությանը օրենքով տրվող լծակները՝ նիկոլական «իշխանության» ամեն օրը, ամեն ժամը դժոխքի վերածելու համար:

Մեծ հաշվով, դա է «քաղաքական թշնամանքը», բայց տվյալ դեպքում խնդիրն այն է, որ խոսք կարող է լինել ոչ այնքան օրվա իշխանությաննն ընդդիմանալու, կամ դրանց նկատմամբ թշնամական վերաբերմունք ունենալու, որքան «Ազգային դիմադրության շարժման» մասին:

Ըստ էության, Հայաստանի պետական իշխանությունը զավթված է ապօրինի, ապազգային, եթե չասվի՝ հակապետական ու ազգակործան շրջանակների կողմից: Գերխնդիրը մնում է նույնը՝ օտարահպատակներից Հայաստանի ազատագրումը: Իսկ դա հենց ազգային դիմադրության շարժում է՝ իր բնույթով: Տվյալ դեպքում դա կլինի քաղաքական-խորհրդարանական պայքարի եղանակներով շարժում՝ լրացված փողոցային պայքարի բոլոր հնարավոր չարգելված եղանակներով:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ