Տարածված տեղեկությունը, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի (ԲՖԿ) տնօրենների խորհրդից, իսկապես հետաքրքրական է:
Նշենք, որ Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնը թողնելուց որոշ ժամաննակ անց՝ 2009 թվականից «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի անդամ էր: Սա, նկատենք, ընտրովի պաշտոն է, և անցած 12 տարիների ընթացքում այս խոշոր կորպորացիայի բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ վերընտրվել է տնօրենների խորհրդի կազմում: Բնութագրական և գնահատելի է և այն, որ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմայի» տնօրենների խորհրդի պաշտոնում վերընտրվեց նաև 2018-ից ի վեր, այսինքն այս վերջին շրջանում, երբ «թավշյա» հեղաշրջմամբ Հայաստանում իշխանության եկած փաշինյանական ապազգային ռեժիմը քաղաքական հետապնդումներ էր իրականացնում նախագահ Քոչարյանի դեմ, հանիրավի մեղադրանքներով կալանավորելով պետության նախկին ղեկավարին:
Հաստատելով «Սիստեմայի» տնօրենների խորհրդնի պաշտոնից հեռանալու որոշման մասին տեղեկությունը, նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մասնավորապես նաև նշել է. «Ըստ արժանավույնի գնահատելով 12-ամյա արդյունավետ աշխատանքի պատմությունը, նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշում է կայացրել հրաժարվել այն շարունակելու հնարավորությունից։ ...Նախագահ Քոչարյանն այլևս կենտրոնացնելու է իր ուշադրությունը և ջանքերը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»:
Այս օրերին ծավալվող առանցքային քաղաքական զարգացումների հետ կապված՝ արժե ընդգծել հատկապես վերջին շեշտադրումը, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ուշադրությունը և ջանքերը կենտրոնացնելու է Հայաստանի քաղաքական օրակարգի հարցերի լուծման և մարտահրավերների հաղթահարման վրա:
Իսկ քաղաքական օրակարգում այս պահին փոխկապակցված երկու հիմնական հարց կա. պետությունն ու ժողովրդին ձերբազատել փաշինյանական գլխակեր ու կործանարար ռեժիմից և, նախատեսվող արտահերթ ընտրություններում ստանալով Հայաստանի քաղաքացիների վստահության քվեն, գալ իշխանության և փորձել կասեցնել Հայաստանի պետականության ակներեև կործանման ընթացքն ու երկիրը, ժողովրդին դուրս բերել ընթացիկ աղետալի հորձանուտից:
Ըստ այնմ, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ ձևավորելով «Հայաստան» դաշինքը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը պայքարի մեջ է մտել ամենայն վճռականությամբ և առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու համոզմամբ: Սկզբունքորեն, նախատեսվող արտահերթ ընտրությունները երկրի վերջնական կործանման ու ոչնչացման ընթացքը դադարեցնելու վերջին քաղաքական հնարավորությունն են, եթե այդ ընտրությունները նախաձեռնած փաշինյանական ռեժիմը, ելնելով իր տապալվելու արդարացված վախերից, դրանք չչեղարկի, ինչի նախանշաններն արդեն իսկ երևում են:
Մնաց 32 օր...
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը