08 05 2021

Փլուզում... Կամ՝ «երկիրը հակառակ կողմ» շրջվեց ու հայտնվեց դժոխքում

Փլուզում...  Կամ՝ «երկիրը հակառակ կողմ» շրջվեց ու հայտնվեց դժոխքում

Հայերը բորբոքվել են: Ոչ բոլորը, բայց բորբոքվել են, որովհետև... թուրքը քանդում-ավերում է: Տվյալ դեպքում՝ քանդում ավերում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ, կամ որ ավելի հաճախ է նշվում՝ Ղազանչեցոց եկեղեցին: Հրեշտակների քանդակներն են ջարդել, խաչքարերը չկան, հիմա էլ եկեղեցին են «քաչալացրել»՝ գմբեթներն են քանդել: Վաղը, մյուս օրը, միգուցե Ղազանչեցոցն էլի «Գրադ» կայանքի հրթիռների պահեստ կդարձնեն, ինչպես 1991-92-ին էր, կամ, որ ավելի հավանական է, եկեղեցին կվերածեն մզկիթի: Ու ամեն օր այնտեղի՛ց թուրքի մոլլան կոռնա Ստեփանակերտի ուղղությամբ...

Բա՜, թուրքը քանդում-ավերում է Շուշին: Օրեր առաջ Շուշիի Արամ Մանուկյան փողոցի շենքերին էին բուլդոզերը դեմ տվել, հիմա էլ՝ Ղազանչեցոցին են հասել...

Ով կսպասեր, չէ՞: Ինչպիսի՜ անակնկալ, այն էլ՝ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում, երբ մոլորակի մի ծայրից առցանց տեսահաղորդակցվում են ամենակորած ծակուռում գտնվող մեկ ուրիշի հետ, երբ ամերիկաներում Մարսի յուրացման ու գաղութացման պլաններ են գծում ու փորձում իրականացնել, երբ ճապոնիաներում արհեստական բանականություն են ստեղծել ու կատարելագործում, երբ մարդու մարմնի տարբեր հյուսվածքներ են լաբորատորիաներում աճեցնում...

Եվ ահա, այդ իրողությունների պայմաններում ո՞վ կպատկերացներ, չէ՞, նման բան՝ 21-րդ դարում, այն էլ... թուրքի կողմից: Ախր հեչ սպասելի չէր, է, հե՛չ...

Մի՛ շտապեք վիրավորվել կամ նեղսրտել իմ այս սարկազմից: Այն ոչ պակաս բորբոքվածության ու դառնության հետևանք է, ինչ ձեր բնական ու ազնիվ զայրույթը, հայեր ջան:

Պարզապես ուզում եմ, որ երևույթը, եղելությունը մի քիչ այլ կողմից դիտարկենք: Քիչ էր մնում գրեի՝ «հակառակ կողմից», բայց ժամանակին մտաբերեցի, որ մեկը կար, էն որ «երկրի հակառակ կողմից» եկավ, ոգևորված ու հիմարաբար դրեցիք գլխներիդ ու նա արեց այն, ինչի համար էլ դրան բերել էին կամ ինքն եկել էր: Այո, կերավ գլուխներդ ու շարունակում է ուտել: Չէ՛, արդեն անցել է խժռելուն, քանզի դրա ծծերը վկա, ախորժակն ուտելիս է բացվում:

Լափեց Արցախը: Լափեց բանակը: Լափեց մի ամբողջ սերնդի ծաղկուն ու մարտունակ երիտասարդներին: Լափում է Հայաստանը: Մինչև ամբողջը չզխկտվի...

Բայց ո՞վ է դրանից բորբոքվում, չէ՞:

Ո՞վ էր վրդովվել, երբ դա Շուշին հանձնեց թուրքին, հանձնեց՝ Հադրութն ու ոչ միայն Հադրութը հանձնելուց հետո...

Կամ, որ վրդովվել էինք, ի՞նչ արեցինք:

Առհասարակ, բժիշկներն առաջին հերթին հենց բորբոքման պատճառն են վերացնում, վիրաբույժները՝ հեռացնում, կտրում-գցում մի կողմ...

Ո՞վ էր վրդովվել, երբ դա հայտարարեց, թե՝ «Շուշին դժբախտ-դժգույն քաղաք էր...»:

Ու որ վրդովվել էինք, ի՞նչ արեցինք:

Ո՞վ էր վրդովվել: Չասեք՝ բոլորս: Որովհետև եթե բոլորով վրդովվում են, կախգլուխ չեն գնում գործի-տուն կամ Զատիկի ձու առնելու...

Այն, ինչ կատարվում է ու շարունակվում է, պարզապես աղետ չէ, միայն ողբերգություն ու զուլում չէ: Փլուզո՛ւմ է:

Փլուզո՛ւմ:

Տասնամյակներ շարունակ, ահռելի զոհողությունների գնով, պատերազմի ու զրկանքների բովով անցնելուց հետո, լավագույն զավակների արյան ու կյանքի գնով հաղթանակի հասնելուց հետո, 600-800 տարիների անդադար կորուստների ընթացքը կասեցնելուց ու վերջապես երկրից մի թիզ ազատագրելուց հետո, Հայրենիքի 1/10-ի վրա Պետություն, այն էլ՝ երկու Հայկական Պետություն ստեղծելուց, ավերակներից ոտքի կանգնելուց հետո, ի՞նչ արեցինք:

Գտանք մի հերձվածողի, դրեցինք երկրի գլխին ու նա «երկիրը հակառակ կողմ շրջեց»՝ նետելով դժոխքը: Ու, դժոխքում տապակվելով հանդերձ, անազգ-անհայրենիք էակներ կան, որ ասում են՝ դե լա՜վ, էստեղ տաք ա, հարմարվեք, տեղավորվեք ու մեր պաշտած սատանի ճտին բան չասեք...:

Էնպիսի տպավորություն է, ի միջի այլոց, որ երբ էն արհեստական բանականության «կնկան» բերեցին հայերիս շհանց տվին, շատերի բնական բանականությունը մաղվեց...

Բնականաբար, անհնար է չբորբոքվել, երբ հակամարդ թուրքը քանդում-ավերում է տունդ, գյուղդ, քաղաքդ, երկիրդ: Անհնար է: Բայց, մյուս կողմից, ուրիշ ի՞նչ պետք է աներ թուրքը: Ի՞նչ պետք է աներ թուրքը, որը գիտե միայն կոտորել, ավերել, ջարդել, ոչնչացնել: Շուշին թույլ ենք տվել, որ մի անթրաշ բաշիբոզուկ նվիրի թուրքին, նվիրի Ջուղայի խաչքարերը շեբեն դարձնողներին, ու զայրանում ենք որ Ամենափրկի՞չն են ավերում:

Ի՞նչ է, որ Վազգեն Սարգսյանի արձանն էին ծանակում, այդքան վրդովեցուցի՞չ չէր: Թե՞ հեզուկ-նազուկ, բառխըտնի սիրտ ունեիք, ասում էիք՝ վայ, ամա՜ն, մի դրեք էդ նկարները...

Ի՞նչ է, որ քարվաճառցին, քաշաթաղցին տունն էր վառում, որ թուրքին չմնա, որ տապանաքարն ու իր անցավորին էր հողից հանում, որ հետը բռնագաղթի, որ թուրքին չմնա, պակա՞ս վրդովեցուցիչ էր: Չէինք բորբոքվե՞լ:  

Ախր բորբոքվել էլ չէ, այլ պոռթկալու և երկնային ցասման նման ամեն թավշահերձվածողի պիղծ գլխին պայթելու բաներ են:

Բայց... փլուզումը երևի դըզում ա, ճամարտակի սուտը դըզում ա, մանավանդ, եթե կյանքիդ նպատակն ու ձգտումը Զատիկի ձու առնելն է, նոր տարվա սեղանը կամ «Եռաբլուրի» ֆոնին օլիգարխի հարսանիքի սալյուտ խփելը:

Դե, գնացեք ու բորբոքվեք, Փարիզի Աստվածամոր տաճարի վառվելու վրա վաշ-վիշ արեք...

Արմեն Հակոբյան

  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ