27 04 2021

Ինչպե՞ս վարվել, եթե ընտրություններ լինեն

Ինչպե՞ս վարվել, եթե ընտրություններ լինեն

Դեռեւս հայտնի չէ` կլինե՞ն ընտրություններ Հայաստանում հունիսի 20-ին, թե՞ ոչ, բայց արդեն նախընտրական գործընթացներ են ծավալվում։ Ի վերջո, առաջին անգամը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը ասում է մի բան, անում այլ բան կամ պարզապես ստում։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ վերջինս հրաժարական է տվել ու մարզերով շրջագայություններ է սկսել, որոնք ուղեկցվում են ակնահայտ նախընտրական քարոզչությամբ, ընտրությունները հավանական են թվում։ Թե ի՞նչ պետք է անեն ընդդիմադիր քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանին ընտրություններում պարտության մատնելու համար, կերեւա առաջիկայում։ Մինչ այդ, հանրության մեջ բանավեճ է ընթանում արժե՞ մասնակցել Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ անցկացվելիք ընտրություններին, թե՞ ոչ։ Ընդ որում, այդ հարցը տրվում է եւ ընտրողներին եւ քաղաքական ուժերին։ Պատասխանները տարբեր են, ընդհուպ՝ միմյանց հակադրվող։ Փորձնենք խորամուխ լինել դրանց մեջ։

Գործող իշխանության ընդդիմադիր տրամադրվածներից որոշները համոզված են, որ Նիկոլ Փաշինյանը կեղծելու է ընտրությունները եւ դրան մասնակցելը սխալ է։ Ոչ ոք չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանն, իսկապես, ոչ մի բանի առաջ չի կանգնելու իշխանության մնալու համար՝ սկսած կեղծիքներից վերջացրած բախումներ հրահրելով եւ զոհերի պատճառ դառնալով։ Ի վերջո, դրա փորձը նա արդեն ունի՝ 2008-ին այդպես վարվել է։ Սակայն քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես արդեն նշեցինք, պատրաստվում են ընտրություններին։ Ունեի՞ն նրանք այլ ելք, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել մինչեւ ընտրությունները եւ դրանք անցկացնել հանդարտ պայմաններում, ժամանակավոր կառավարության կազմելուց եւ որոշ ժամանակ դրա գործելուց հետո։

Ընդդիմությունը ուներ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորություն, եթե գործեր ավելի արդյունավետ եւ կարողանար հավաքել ցուցարարների, այսպես կոչված, կրիտիկական զանգված։ Դա չհաջողվեց, ինչի պատճառներից մեկը քարոզչական տեխնոլոգիաների ոչ թե վատ կիրառումը, այլ դրանց գրեթե բացակայությունն էր։ Հաջորդ պատճառն այն էր, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը այդպես էլ հանդես չեկան որպես կազմակերպված միասնական ուժ եւ չստեղծեցին աշխատող համակարգող կառույց՝ յուրաքանչյուրի վրա դրված կոնկրետ պարտականություններով եւ լիազորություններով։ Սրանք այն պատճառներն էին, որոնց համար պատասխանատու էին քաղաքական ուժերը։ Այն պնդումները, թե նրանք չգնացին «վճռական գործողությունների» այդքան էլ հիմնավոր  չեն։

Նախ՝ այդպես էլ հստակ չի ասվում, թե ինչ ասել է «վճռական գործողություններ», երկրորդ․ մեկ անգամ որոշ ուժեր փորձեցին նման մի բան՝ կառավարության շենք մուտք գործել, ինչն ավարտվեց ոստիկանության հետ բախումներով եւ ձերբակալություններով։ Երրորդ՝ «վճռական գործողությունների» պետք է գնալ, եթե ունես դրան պատրաստ բավարար թվով մարդիկ եւ հենց այն նույն կրիտիկական զանգվածը, որն այդպես էլ չհավաքվեց։ Ցուցարարների առավալագույնը 30-35 հազարանոց բազմությունը կրիտիկական զանգված չէ, որով հնարավոր է իշխանության պարտադրել հրաժարական տալու։ Եվ դա անկախ նրանից, որ շատ ավելի մեծ թվով մարդիկ էին ցանկանում հեռացնել գործող իշանությանը, բայց․․․ առանց իրենց մասնակցության, տանը նստած, աշխատավայրում կամ անձնական (սեփական) գործեր անելով։ Հետեւաբար, եթե չունես ցույցերին մասնակիցների վերեւում նշված առավելագույն  թիվն առնվազն երկու-երեք անգամ գերազանցող ցուցարարների զանգված, ապա «վճռական գործողությունները» բերելու էին սոսկ բախումների եւ ձերբակալությունների։ Առավել եւս, երբ դրա մասին հայտարարվում էր վաղօրոք եւ հնարավորություն տրվում իշխանության պատրաստվել։

Այսպես թե այնպես, իշխանափոխության հարցը հասել է ընտրություններին։ Դրանք բոյոկտելու համար պետք է ունենաս այն նույն կրիտիկական զանգվածը, որ հաջորդ օրը իր անհամաձայնությունը հայտնելով ընտրությունների հետ, դուրս կգա փողոց եւ կփոխի այս իշխանությանը։ Եթե դա չկա, ապա ընտրություններին մասնակցելն ու իշխանության դեմ քվերակելը որեւէ կասկածի տակ չպիտի դրվի։ Չմասնակցելու դեպքում,  կամա թե ակամա  հանդես ես գալիս Նիկոլ Փաշինյանի օգտին։ Պետք է հստակ գիտակցել, որ կեղծիքների միջոցով վերջինիս վերարտադրվելը չափազանց դժվար կլինի, եթե ընտրողների եւ առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժերին օգտին քվերակողների թիվը մեծ լինի։ Ճիշտ այնպես, ինչպես ցույցերի կրտիկական զանգվածի դեպքում, այստեղ եւս տպավորիչ թվեր են անհրաժեշտ հաջողության համար։

Եթե 2018 թ․-ի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանի դեմ հանդես եկողները մասնակցեին ընտրություններին եւ քվերակեին ընդդիմության օգտին, ապա «քայլարածները» խորհրդարանում չէին ունենա սահմանադրական մեծամասնություն՝ 70 տոկոս, իսկ նրանց «թավշա» ղեկավարը շատ ապօրինություններ անել պարզապես չէր կարող։ Սակայն, շատերը համարեցին, որ անիմաստ է մասնակցել ընտրություններին, որոնց ելքը ի սկզբանե պարզ է եւ արդյունքում ստացանք այն, ինչ ունենք։ Մնում է դասեր քաղենք եւ այլեւս այդպես չվարվենք։ Մեկ անգամ եւս շեշտենք, եթե լինեն ընտրություններ, դրանց մասնակցելը միանշանակ անհրաժեշտ է եւ անգամ՝ պարտադիր։

Արա Մարտիրոսյան        

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ