Ստախոսությունն ու մանիպուլյացիան այս իշխանության մեջ ներդրված են ի սկզբանե։ Ճիշտ այնպես, ինչպես հանրահայտ «12 աթոռ» ստեղծագործության հերոսներից մեկն ասում է մյուսին․ «у вас талант к нищенству заложен с детства»․ Իրականության աղավաղման հերթական դրսևորումը վերաբերում է պետական բյուջեի հարկային եկամուտների գերակատարման մասին իշխանական ներկայացուցիչների հայտարարություններին՝ սկսած Նիկոլ Փաշինյանով, վերջացրած ՊԵԿ ղեկավարներով։ Հիշեցնենք, վերոնշյալ անձիք հայտարարել էին, որ այս տարվա առաջին եռամսյակում հարկային եկամուտները գերակատարել են՝ նախատեսվածից ավելի են հավաքել։ Այն, որ ամենավտանգավոր սուտը կիսաճշմարտությունն է, հայտնի է բոլորին։
Նախ հիշեցնենք, որ անցյալ տարվա արդյունքնեորվ հարկային եկամուտների կտրուկ անկում ունեցանք։ Երկու անգամ այդ ցուցանիշները Ազգային Ժողովը նվազեցրեց։ Չնայած դրան, կառավարությունն անգամ ճշգրտված և նվազեցված պլանը չկատարեց և հարկադրված եղավ ապօրինաբար 52 մլրդ դրամ վերցնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ պատերազմի օրերին հանգանակած միջոցներից։
Երկրորդ, այս տարվա առաջին եռամսյակում ունենք բարձր գնաճ։ Այսինքն, բարձրացված գներով ապրանքներից և ծառայություներից մեխանիկորեն ավելի շատ հարկեր են գանձվում, և կառավարության արժանիքն այստեղ չկա։ Ընդհակառակը՝ իշխանության կառավարման հետևանքով են այսօր տեղի ունենում թանկացումներն ու մարդկանց սոցիալական վիճակի վատթարացումը։ Սակայն դա արգելք չէ, որպեսզի գնաճի չափով հարկերի հավելյալ հավաքումը ցինիկորեն ներկայացվի որպես նվաճում։
Երրորդ, անցյալ տարվա մարտին կորոնովիրոսուվ պայմանավորված Հայաստանի տնտեսական ակտիվությունը սկսեց կտրուկ նվազել։ Իշխանությունն էլ իր հերթին էր նպաստում վարակի տարածմանը՝ մարդաշատ հանրահավաքներ անելով սահմանադրական հանրաքվեի քարոզչության շրջանականերում։ Տրամաբանորեն, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ հունվար-մարտ ամիսներին, հարկային եկամուտները պետք է ավելի շատ լինեին, բայց իրականում ավելի քիչ են։ Հենց սա է իշխանական քարոզչության կեղծիքի բուն էությունը։ Ասվածի ապացույց ներկայացնենք ՊԵԿ հրապարակած ցուցանիշները և համեմատենք դրանք անցյալ տարվա նույն ժամանահատվածի հետ։
Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում հավաքվել են 332 մլրդ դրամ հարկային եկամուտ, իսկ անցյալ տարվա առաջին եռամսյակում՝ 349 մլրդ դրամ հարկային եկամուտ։ Այսինքն, անցյալ տարվա համեմատ այս տարվա առաջին երեք ամսիներին պակաս է հավաքվել մոտ 17 մլրդ դրամ։
Ինչ մնում է միայն մարտ ամսվա հարկային եկամուտներին, ապա այս տարի հավաքվել է 121 մլրդ դրամ, անցյալ տարվա մարտին՝ 117 մլրդ դրամ։ Եթե հաշվի առնենք, որ այս տարվա մուտքերի մեջ են ընդգրկված նաև դրոշմանիշային գծով մուտքերը (զինծառայողների ապահովագրում հինադրամին կատարվող վճարումները), որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ և հանենք այդ գումարը հավաքված հարկային եկամուտներից, ապա կստացվի, որ այս տարվա մարտին ևս հարկային եկամուտները թերակատարվել են։ Ահա այսպիսի կեղծիքների «տաղանդն» է այս իշխանության մեջ «ներդրված մանկուց»։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը