Երևանի բուհական շենքերը վաճառքի հանելու մասին Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից հետո մամուլում մի քանի պետգույքի օտարման մասին լուր շրջանառվեց, այդ թվում՝ ԵՊՀ շենքի: Բուհական շենքերի օտարումը մամուլը կապել էր իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի հետ։
Հրապարակվեց թուրքական հյուրանոցային համալիրի մակետը, որն ըստ աղբյուրի՝ ԵՊՀ շենքի վերակառուցմամբ է պլանավորվում։ Խաչատուր Սուքիասյանի խոսնակը հերքեց մակետի հետ իրենց կապը:
Բայց հիմա էլ «Նորքի» ինֆեկցիոն կենտրոնն օտարելու լուրն է շրջանառվում, կառավարությունում իբր դիտարկվում է դրա բարտերային հնարավորությունը առ այն, որ նույն տարածքում կառուցապատվող նոր ինֆոկցիոն կենտրոնի շենքի ֆինանսկան բեռը պետության հետ արդեն իսկ կիսում է մասնավոր ըներություններից մեկը՝ հեռահար նպատակով:
Փոխարենը կա պայմանավորվածություն, որ գործող ինֆեկցիոն կենտրոնի օտարման աճուրդին առաջնահերթորեն իր գնման հայտը պետք է քննարկվի:
Եվ ահա այդ հավակնոտ ներդրողի անունը հարց ու փորձ անելիս աղբյուրները կրկին հիշատակում են իշխանամերձ բիզնեսմեն, «Վիվառո» բուքմեյքերական ընկերության սեփականատեր Բադալյան եղբայրների անունները: Առողջապահության նախարարությունը տասն օր շարունակ բարդացնում էր այս պարզ տեղեկատվությունը պարզաբանելու իր պարտականությունը:
Սկզբում չհերքվեց մեր տեղեկատվությունը, բայց այսօր լրատվական բաժնից Yerevan.Today-ին պաշտոնապես հայտնեցին, որ․ «Նորքի ինֆեկցիոն կենտրոնն ընդլայնելու խնդիր է դրվել Կառավարության կողմից՝ համաճարակային իրավիճակով պայմանավորված, և սա արվում է գերբեռնված կլինիկան թեթևացնելու, այլ ոչ թե գույքն օտարելու միտումով»:
Խիստ ուշագրավ է, որ Նորքի ինֆեկցիոն կենտրոնն օտարելու մասին խոսակցություններն ակտիվացան ճիշտ այն փուլում, երբ հայտնի դարձավ, որ նույն ճակատագիրն է սպառնում դրա հարևանությամբ գործող Նորքի տուն-ինտերնատին: Ծերատան շենքը օտարելու ոչ հրապարակային սցենարի մասին Yerevan.Today-ը քանիցս լուր է հրապարակել:
Կարծիք կա, որ այս երկու շենքերի վրա աչք դրաք «Վիվառո» ընկերությունն իր բիզնեսն ընդլայնելու հավակնություններ ունի՝ նույն տարածքում գործող շենքին այս երկու պետգույքի շենքերը օտարելու և միացնելու հաշվին:
Հիշեցնենք, դեռ մեկ ամիս առաջ Yerevan.Today-ը տեղեկացրեց, որ Կառավարության ներսում բանավոր քննարկումների ժամանակ հրահանգ էր իջեցվել՝ հրատապ ու անաղմուկ կազմակերպել Երևանի երկու ծերատները միաձուլման գործընթացը, և հաջորդ քայլին՝ Նորքի տուն ինտերնատի շահառուներին վերաբաշխելով Թիվ 1 տուն ինտերնատի վրա՝ օտարել Նորքի տուն ինտերնատի շենքը: Կառավարության մեր աղբյուրը նշել էր, որ ծերատան հնարավոր գնորդը «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունն է, թերևս այդ նպատակով է ծերատների միաձուլման սցենարը մոգոնվել:
Եվ ահա չուշացավ այդ պայմանավորվածությունների առաջին ակտը, մեր հրապարակումից 20 օր անց սոցապնախարարությունը ներքին կարգով շրջանառության մեջ դրեց աղմկահարույց նախագիծը, որով նախատեսվում է առայժմ վարչական մասի մեկտեղում, իսկ շահառուների վերաբաշխման ու Նորքի ծերատան շենքի օտարման մասին հերքումները առայժմ խիստ կցկտուր են, չի բացառվում մամուլի բարձրացրած աղմուկն է պրոցեսը երկարաձգել՝ փուլային դարձնելով:
Փաստն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց արդեն խոսել է պետական գույքերը վաճառքի հանելու իր պլանների մասին, չնայած «Վիվառո» ընկերության անունից երկրորդ անգամ մեզ հետ կապի դուրս եկած անձը խնդրեց տնօրինության անունից հրապարակել իրենց հերքումն առ այն, որ պետգույքի օտարման պլաններում իրենք չկան: «Ավելին՝ ապագայում նոր գույքի ձեռքբերման հետ կապված բոլոր նախաձեռնությունները, համենայն դեպս, Երևանի արվարձանների հետ են կապվում, բայց ոչ Երևանի ներսում առկա պետական գույքի»:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը