14 08 2020

Ավտո եմ շահել, չեն տալիս. քաղաքացիները եկել էին «Վիվառո» ընկերության գրասենյակ



«Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը երեկ ժամեր շարունակ իր կայք-էջում գրանցված օնլայն խաղերին մասնակից տարբեր օգտատերերի շտապել է ուրախացնել, թե վերջիններս ավտոմեքենա են շահել, սակայն երբ շահողները եկել են իրենց շահումի հետևից, նրանց տեղեկացրել են, որ տեխնիկական սխալ է տեղի ունեցել և իրականում ոչինչ էլ չեն շահել:

Մեզ դիմած քաղաքացիները նշում էին, որ ընկերությունն իրենց ծուղակն է գցել, որովհետև շահելու համար նշված բոլոր քայլերն արել են, սակայն հետո՝ արդեն ընկերությունում, նրանց փորձել են համոզել, որ իրականում իրենց քայլերը չեն համապատասխանել շահելու համար պահանջվող կետերին: Ընկերությունում, ինչպես մեզ ասացին բողոքող քաղաքացիները, իրենց որևէ հիմնավոր պարզաբանում չեն տվել, միայն ասել են, որ տեխնիկական խնդիրների պատճառով են մոտ 300 քաղաքացու ավտոմեքենա շահելու մասին սխալ հաղորդագրություն գնացել:

Yerevan.Today-ը կատարված միջադեպի մասին փորձեց նաև պարզաբանում ստանալ հենց ընկերության կենտրոնական գրասենյակից, սակայն այնտեղ մեզ բավականին ագրեսիվ կեցվածքով դիմավորած անվտանգության ծառայության ղեկավար ներկայացած անձն ասաց, որ ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել, փոխարենը սպառնաց, որ դատի կտա իրեն և ընկերության շենքը նկարելու համար:

Մենք փորձել ենք նաև հեռախոսազանգով տեղեկատվություն ստանալ «Վիվառո» ընկերությունից, սակայն այս անգամ էլ օպերատորը մեզ պատասխանեց, որ ոչ ոք մեզ հետ չի կարող խոսել, կարող ենք միայն գրավոր հարցում ուղարկել: Հարցումն ուղարկել ենք, պատասխանը կհրապարակենք, երբ այն ստանանք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ