06 04 2021

Հերթական «աննախադեպը»՝ մեկ ամսում 733 մլն դոլար արտաքին պարտքի ավելացում

Հերթական «աննախադեպը»՝ մեկ ամսում 733 մլն դոլար արտաքին պարտքի ավելացում

Մոտ երկու ամիս առաջ, անդրադառնալով այս իշխանության կողմից 750 մլն դոլարի արժողությամբ եվրոբոնդերի թողարկմանը, նշել էինք, որ այն ավելի կխճճի Հայաստանը արտաքին պարտքի ճահճի մեջ։ Այս իրողությունը արդեն իրականություն է, որն արձանագրվել է վիճկոմի վերջին հրապարակման մեջ։

Համաձայն պաշտոնական վիճակագրության, մեկ ամսվա ընթացքում, փետրվարին ՀՀ արտաքին պարտնք ավելացել է 733,7 մլն դոլարով, 6 մլրդ 68 մլն դոլարից հասնելով 6 մլրդ 802 մլն դոլարի։ Ընդհանուր պետական պարտքը՝ ներքինն ու արտաքինը մասին վերցրած, ավելացել է մոտ  698 մլն դոլարով և 8 մլրդ 24 մլն դոլարից հասել 8 մլրդ 723 մլն դոլարի։ Բնականաբար աճել է կառավարության պարտքը, Կենտրոնական բանկիի պարտքը գրեթե անփոփոխ է։ Ներքին պարտքն էլ որոշ չափով՝ մոտ 35 մլն դոլարով նվազել է։

Այնուամենայնիվ, պատկերացնելու համար, թե որքա՞ն է ավելացել ՀՀ պետական պարտքը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, համեմատենք այս թվերը 2018 թ․-ի մայիսի վերջի ցուցանիշների հետ։ Այդ ժամանակ ՀՀ պետական պարտքը կազմում էր 6,7 մլրդ դոլար, միայն արտաքին պարտքը՝ 5,5 մլրդ դոլար։

Վերոնշյալ ցուցանիշները փաստում են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության պետական, այսինքն մեր բոլորիս պարտքն ավելացրել է ուղիղ 2 մլրդ դոլարով, միայն արտաքին պարտքի ավելացման չափը կազմել է 2,3 մլրդ դոլար։ Ուշագրավ է, որ այժմ միայն արտաքին պարտքն ավելի մեծ է, քան երեք տարի առաջ արտաքին և ներքին պարտքը միասին վերցրած։ Սա այն մարդն է, որ 2018 թ․-ի գարնանը արտաքին պարտքի թեման դարձրել էր իր կողմից իշխանության զավթման հիմնական քարոզչական գործիքներից մեկը։ Հիմա նա մեզ ավելի ու ավելի խորն է ընկղմում արտաքին պարտքի մեջ, իսկապես որ աննախադեպ չափով ավելացնելով այն։ Սակայն սա ամբողջ դժբախտությունը չէ։

Հայաստանի Հանրապետության պետական և հատկապես արտաքին պարտքի ավելացումը ուղեկցվում է տնտեսական խորը անկմամբ, դրամի արժեզրկմամբ և բարձր գնաճով, բնակչության աղքատացմամբ, տնտեսական զարգացման ծրագրերի բացակայությամբ, ներդրումների արտահոսքով։ Սրանք միայն սոցիալ-տնտեսական հետևանքներն են, չխոսելով արդեն Նիկոլ Փաշինյանի կողմից մեզ պարտության տանելու հետևանքով երկրին և ժողովրդին պատճառված այն ահռելի կորուստները, որոնք տարիներ և գուցե տասնամյակներ շարունակ զգացնել են տալու իրենց։

Սակայն զավեշտն այն է, որ արտաքին պարտքի ավելացումը նախկինում որպես աղետ ներկայացնող Նիկոլ Փաշինյանը այժմ այն ներկայացնում է որպես նվաճում։ Նա վաղուց արդեն նման ձևով խաբում է իր հետևորդներին։ Վերջիններս էլ առանձնապես դեմ չեն դրան։ Արդյունքում, տուժում ենք բոլորս առանց բացառության, տվյալ դեպքում մեր և մեր սերունդների վրա դնելով ահռելի պարտք։ Սա է իրական աղետը, որը մեր երկրին պատուհասած քայլողների իշխանության կողմից պատճառված և պատճառվող ընդհանուր աղետի լոկ մի մասն է։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ