05 02 2021

Նիկոլ Փաշինյանը Հայաստանին «կպարգևի» 2,2 մլրդ դոլարի նոր պարտք

Նիկոլ Փաշինյանը Հայաստանին «կպարգևի» 2,2 մլրդ դոլարի նոր պարտք

Հայաստանը լրացուցիչ 750 մլն դոլար պարտք է վերցրել՝ թողարկվել են եվրոբոնդեր։ Զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում էր որպես ինչ-որ «դրական ազդակ», «հետպատերազմյան շոկի հաղթահարման» երևույթ։ Մինչդեռ, սա ոչ այլ ինչ է, քան  Հայաստանի արտաքին պարտքի կտրուկ ավելացում։ Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, Հայաստանի պետական պարտքը տարեվերջին կհասնի 8,9 մլրդ դոլարի։ Սա Նիկոլ Փաշինյանի կառավարման աղետալի հետևանքներից մեկն է։ Մեր երկիրը ավելի խորն է ընկղմվում պետական պարտքի ճահճի մեջ, բայց իշխանությունը դրա մասին խոսում է հպարտությամբ։

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը չունի այնքան գրագիտություն, որպեսզի հասկանա, թե ի՞նչ է նշանակում արտաքին պարտքի նման ավելացումը։ Դա նրան առանձնապես չի էլ հուզում՝ կարևորը, որ սեփական իշխանությունը երկարացնելուն է ուղղված լինելու այդ գումարը։ Նախկինում էլ, նա և նրա ընտանեկան թերթը արտաքին պարտքի թեման  շահարկում էին իշխանությունը զավթելու համար։ Սակայն, «նախկիններից» թավշյա իշխանությանը ժառանգության անցած ֆինանսների նախարարը դա լավ հասկանում է, բայց շարունակում է ստորաքարշությամբ զբաղվել։ «Կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք իրերն ընկալել այնպես, ինչպես իրենք կան։ Այսինքն, եթե լավ իրադարձություն է տեղի ունեցել, ուրեմն իրենց հետ այդպես էլ պետք է վերաբերեն», ասել է Ատոմ Ջանջուղազյանը։ Թե ինչո՞ւ էր մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտաքին պարտքը վատ, իսկ նրա իշխանությունից հետո՝ լավ իրադարձություն, նա իհարկե չի ասում։ Մինչդեռ, իրականությունն այն է, որ հեղափոխական իշխանության օրոք տեղի է ունենում արտաքին պարտքի աճ առանց զարգացման ծրագրերի, և սա գլխավոր բացասական ազդակն է մեր երկրի տնտեսական անվտանգության համար։ Ներկայացնենք դեռևս գործող իշխանության տարիների պետական պարտքի աճի պատկերը։

2018 թ․-ի մայիսի վերջին, երբ Նիկոլ Փաշինյանը արդեն վայելում էր վարչապետի աթոռը, ՀՀ պետական պարտքը կազմում էր 6,7 մլրդ դոլար, որից արտաքին պարտքը 5,5 մլրդ դոլար։ 2020 թ․-ի վերջին ՀՀ պետական պարտքը մոտ 8 մլրդ դոլար էր, որից արտաքին պարտքը՝ 6 մլրդ դոլար։  Այսինքն, այդ ընթացքում մեր պետական պարտքն ավելացել է մոտ 1,3 մլրդ դոլարով։ Ինչպե՞ս է փոխվել տնտեսության վիճակն այդ ընթացքում։

2018 թ․-ին Հայաստանի տնտեսական աճը կազմեց 5,2 տոկոս, այն դեպքում, երբ տարվա առաջին ամիսներին, նախկին իշխանության օրոք, այն 10,3 տոկոս էր։ 2019 թ․-ին մեր տնտեսական աճը 7,6 տոկոս էր։ Այն հիմնականում տեղի էր ունեցել ավտոմեքենաների զանգվածային ներմուծման և խաղադրույքային բիզնեսի հաշվին։ Արդեն հայտնի է, որ 2020 թ․-ին Հայաստանի տնտեսական անկումը կազմել է 7,5 տոկոս։ Գումարային առումով դա ավելի մեծ թիվ է կազմելու, քան դրա նախորդ տարվա 7,6 տոկոս տնտեդսական աճը։ Սա նշանակում է, որ տնտեսական կացության առումով մենք հետ ենք շպրտվել երկու-երեք տարով և գտնվում ենք ավելի վատ վիճակում, քան 2018 թ․-ին։ Այս իրավիճակում Հայաստանի կառավարությունը լրացուցիչ պարտք է վերցնում ոչ թե զարգացման ծրագրերի, ոչ թե նախկին պարտքի մարումների համար, այլ ընթացիկ ծախսերի համար։

Եթե այս տարի ունենանք կառավարության նախատեսած 3,2 տոկոս տնտեսական աճը, ինչի հավանականությունը աննշան է անգամ անցած տարվա կտրուկ անկման ֆոնին, ապա պատկերը դարձյալ անմխիթար է մնալու։ Այսինքն, մեր տնտեսությունը դեռևս շարունակելու է մնալ երկու-երեք տարի առաջվա մակարդակին, իսկ մեր արտաքին պարտքն աճելու է ավելի քան 11 տոկոսով։ Արդեն հիմա, այս տարեսկզբին, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը 6,7 մլրդ դոլարից հասնելու է 8,9 մլրդ դոլարի, ավելանալով 2,2 մլրդ դոլարով։ Նման կարճ ժամանակահատվաշում պետական պարտքի նման աճ և տնտեսության նման կտրուկ անկում չի արձանագրվել ոչ մի իշխանության օրոք։ Թևերս ավելորդ է խոսել դրա սոցիալական հետևանքների՝ աղքատության ավելացման, ազգային արժույթի արժեզրկման, գնաճի մասին, որոնց ականատեսն ենք այսօր։

Արա Մարտիրոսյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ