06 04 2021

Փաշինյանի «թուրքական քայլերգը»՝ ինտենսիվ ընթացքի մեջ

Փաշինյանի «թուրքական քայլերգը»՝ ինտենսիվ ընթացքի մեջ

Բավականին հիմնավոր կասկածները, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա «Իմ քայլը», այսպես ասենք՝ «սորոսաթուրքական նախագիծ» են, մեծ հաշվով, լիովին հաստատվեցին «տարօրինակ պատերազմով» ու դրա աղետային հետևանքներով: Արդեն նոյեմբերի 10-ին հաջորդած այս շուրջ 5 ամսվա ընթացքը եկավ լրացուցիչ հաստատելու, որ այդ ծրագիրը հետևողականորեն շարունակվում է, իսկ Փաշինյանի «թուրքական քայլերգը» ինտենսիվ ընթացքի մեջ է:

Դրա մասին են վկայում բազմաթիվ իրողություններ, սկսած Փաշինյանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ Թուրքիայի հետ առուտուր անելու մասին հայտարարություններից, վերջացրած Փաշինյանի ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի՝ Թուրքիայի հետ թշնամանք չունենալու «լավ շանսի» կամ Փաշինյանի հաստիքային Աղազարյան Հովիկի՝ «Քարվաճառը Ադրբեջան է և վերջ»-ի կարգի փայլատակումներով:

Բայց դրանք միայն հատուկ ցուցադրվող, առավել ցցուն դրսևորումներն են:

Կան ավելի էական խնդիրներ, որոնք դիպվածային ուշադրության են արժանանում, մինչդեռ դրանց տակ է թուրքական շարժիչով «գելխեղդի» գլուխը թաքնված:

Օրինակ, շատ մեծ հարց է, թե ի՞նչ երկրներ, ի՞նչ շրջանակներ են ձեռք բերել տարեսկզբին Հայաստանի թողարկած 750 միլիոն դոլարի եվրոբոնդերը:

Սա հետաքրքխիր է այնքանով, որ պատերազմական աղետի հորձանուտն ընկած, ի լրումն՝ գործնականում անիշխանության պայմաններում գտնվող երկիրը, ինչպիսին Հայաստանն է, նման անուղղակի ֆինանսավորման կամ «ներարկման» ամենից նախընտրելի տարբերակը չէ՝ ամեն ցենտ ու պենի հաշվող, մանավանդ՝ օտարերկրյա և օտարազգի փողագործների համար:
Հարց է ծագում. իսկ հնարավո՞ր է, որ այդ եվրոբոնդերը հենց Թուրքիայն ու Ադրբեջանն են ձեռք բերել, այդպիսով 750 միլիոն դոլարով աջակցելով իրենց կամակատար Փաշինյանի իշխանությանը, ի լրումն՝ այդքան պարտքի տակ դնելով Հայաստանը (այդ եվրոբոնդերն, ինչ էլ ասվի, արտաքին պարտք է):

Բայց ո՞վ է այս հարցը լրջորեն դիտարկում:

Եվ քանի որ հարցն այս մնում է անպատասխան, ավելի ճիշտ՝ որքան երկար է այս հարցը մնում անպատասխան, այնքան ավելի են ամրապնդվում շոշափելի կասկածները, որ այս եվրոբոնդերի պատմությունը, Հայաստանի շնչահեղձ տնտեսության մեջ 750 միլիոն դոլար ներարկելը ընդգծված թուրքական հետագիծ ունի: Թուրքերի համար դա քաղաքական հարց է, այլ ոչ թե՝ տնտեսական: Ինչո՞ւ ծախսել 2 կամ 3 միլիարդ պատերազմելու համար, եթե կարելի է 750 միլիոնով գնել Հայաստանը (օրինակի համար):

Ավելին, Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց, որ երազում է Հայաստանի բոլոր պետական բուհերի՝ համալսարանների, ինստիտուտների շենքերը ծախելու մասին: Ըստ էության, եթե հաշվի առնենք դրա զբաղեցրած պաշտոնը, ապա դա ԵՊՀ-ն, Բժշկական համալսարանը և մնացյալ պետական բուհերի շենքերը վաճառքի հանելու մասին գրեթե պաշտոնական ու բաց հայտարարություն էր:

Բուհերի շենքերից յուրաքանչյուրը տասնյակ ու տասնյակ, եթե ոչ՝ հարյուր միլիոնավոր դոլար արժեն: Հարց է ծագում. իսկ ովքե՞ր են հավանական գնորդները, ո՞վ է, էլի գնելու: «Թավշյա» օրլիգարխ Խաչատուր Սուքիասիյա՞նը, թե՞ փաշինյանացված օլիգարխ Սամվել Ալեքսանյանը: Մինչդեռ, շատ հավանական է, որ այդ գնորդները կարող են լինել Թուրքիան ու Ադրբեջանը, միգուցե՝ միջնորդավորված կամ քողարկված: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի նմանօրինակ հայտարարությունները Հայաստանի ներդրումային թրքացման ցրցամն են:

Փաշինյանի՝ ինտենսիվ ընթացքի փուլում գտնվող «թուրքական քայլերգը», բնականաբար, չի սահմանափակվում այդքանով: Պատահական չէ, որ արդեն ակտիվ խոսակցություններ են շրջանառվում ինչպես Ապրլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ երթը արգելելու կամ թույլ չտալու, այնպես էլ՝ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի օրը... Փաշինյանի՝ հեղաշրջում արած «քաղաքացիների» տոնը նշելու մասին:

Եթե նույնիսկ նման խայտառակություններ տեղի չունենան էլ, միևնույն է, դրանց հավանականության մասին նետված «ցեցերը» ձևավորում են որոշակի միջավայր, միաժամանակ լրացուցիչ կերպով վերահաստատում են, որ Փաշինյանը սև ու մութ գործարքների մեջ է ինչպես Ալիևի, այնպես էլ՝ Էրդողանի հետ:

Միակ հարցն այն է, թե դեռ որքա՞ն նա կկարողանա բացարձակապես անարգել ու անպատիժ իրականացնել իր այդ գործարքները, դեռ որքան կշարունակի իր հակահայ «թուրքական քայլերգը»:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ