29 03 2021

Սահմանադրական դատարանի այս որոշմամբ, Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց

Սահմանադրական դատարանի այս որոշմամբ, Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց

Մարտի 30-ին նախատեսված է այսպես կոչված «սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման» գործով հերթական դատական նիստը: Եթե այն սկսվի, ապա առաջին բանը, ինչ պետք է տեղի ունենա, այն է, որ մեղադրող դատախազները պետք է հրաժարվեն իրենց իսկ մեղադրանքից և հայցեն նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարարներ, ԳՇ նախկին պետեր, գեներալ-գնդապետներ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի ու հասարակության ներողամտությունը:

Կանե՞ն: Ո՛չ, կոնկրետ այդ դատախազները, ավելի ճիշտ՝ դատախազի կարգավիճակով որպես թրքահպատակ Նիկոլ Փաշինյանի անձնական ծառաներ հանդես եկողները հազիվ թե ներողություն խնդրեն: Բայց դա՝ ոչինչ, նման անարժան սուբյեկտների ներողությունը թող իրենց մնա:

Այստեղ էական է այլ բան: Այն, որ Սահմանադրական դատարանի մարտի 26-ի որոշումից հետո այս դատավարությունը ոչ միայն անհնար է, այլև այն շարունակելը ինքնին կլինի ապօրինություն, որը թույլ տվողներն իրենք ենթակա կլինեն քրեական հետապնդման:

Սահմանադրական դատարանը որոշեց, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական է, ըստ էության՝ այդ հոդվածը ճանաչվում է անվավեր:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանին և վերը նշված մյուս պետական ու ռազմական գործիչներին ներկայացված մեղադրանքը հիմնված է հենց այդ՝ 300.1 հոդվածի վրա:

Եվ, եթե հակասահմանադրական է այդ հոդվածը, որը մեղադրանքի հիմքն է, անկյունաքարը, «ալֆան և օմեգան» («օմեգան» չշփոթել մարդամեկի հետ), ապա պետք է չեղարկվի ներկայացված մեղադրանքը, այն ներկայացնող կողմը պետք է միջնորդի դատավորին՝ արդարացման որոշման կամ դատավարությունը դադարեցնելու համար... քննության ենթակա մեղադրանքի հիմքերի հօդս ցնդելու հիմքով:

Ընդգծենք, որ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Իսկ դա նշանակում է, որ բացարձակապես բոլոր պետական կառույցներն ու դրանց ներկայացուցիչները պարտավո՛ր են ենթարկվել ՍԴ որոշմանը, իրենց գործողությունները շտկել ըստ այդ որոշման և կատարել դրանից տրամաբանորեն բխող քայլեր:

Պետությունը, ի դեմս դատական ատյանի, պետք է հայտարարի, որ արդարացված են այս գործով անցնող նախկին բարձրաստիճան պաշտոնյաները։ Ի լրումն՝ պետք է ներողություն խնդրել նշված գործիչներից՝ նրանց անվան և համբավի հետ «խաղալու», նրանց ժամանակը խլելու և նրանց պատճառած անախորժությունների համար: 

Ի դեպ, թույլ տանք մեզ նկատել, որ ՍԴ որոշումը կատարելը ամենից առաջ հենց մեղադրողներին է անհրաժեշտ:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ