ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տարածել և գրել՝ խորհրդանշական լուսանկար է: Չախոյանն ակնարկում էր, որ «Հայրենիքի փրկության շարժումը» Բաղրամյան պողոտան բացել է՝ այն թողնելով ամբողջությամբ կեղտոտ վիճակում: Շատ ժամանակ չանցած, ֆեյսբուքյան օգտատերեը արձանագրեցին, որ նկարն արված է Ուկրաինայում 2017 թվականին, այլ կերպ ասած՝ ֆեյք է:
Հիշեցնենք, որ Տարոն Չախոյանը, մինչև կառավարությունում աշխատանքի անցնելը մամուլում շրջանառվում էր որպես իշխանության «ֆեյքերի» ֆաբրիկայի «ղեկավար»: Ով, ի դեպ, պաշտոնը ստանձնելուց հայտարարել էր. «Կարծում եմ, որ արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի ոչ միայն ֆեյսբուքյան գրառումներով փորձեմ պիտանի լինել երկրին, պետությանը, ժողովրդին, այլ նաև իրական գործով փորձեմ ապացուցել այդ ամենը»:
Իսկ ֆեյսբուքյան գրառումներով երկրին օգուտ տալ ասելով՝ Չախոյանը նկատի ուներ ընդդիմադիր գործիչներին վարկաբեկելը: Նա, պարբերաբար տարբեր հրապարակումներ էր անում, վարկաբեկում ընդդիմադիրներին, պատերազմի օրերին էլ ներքին թշնամիներ որոնելով էր զբաղված: Ի դեպ, զրպարտելու համար ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը նրան ամիսներ առաջ դատի էր տվել:
Վերջին երեք տարիներին պետական համակարգում այնքան անհիմն, անտրամաբանական նշանակումներ են եղել, որ այս մեկը ևս բացառություն չէր, գյուղատնտես, ատամնաբույժ օգնականներ ունեցող վարչապետը, որի աշխատակազմը ղեկավարում է բժիշկ, իսկ առողջապահության ոլորտն էլ իրավաբան, աշխղեկի՝ ստատուս գրող տեղակալ ունենալը լրիվ օրինաչափ է ստացվում:
Սակայն, ֆեյքերի ֆաբրիկայի Չախոյանը, չի դադարում անել այն, ինչի համար, ըստ էության պաշտոն է ստացել, տարածել կեղծ, անհիմն, չստուգված տեղեկություններ՝ նպատակ ունենալով ազդել նվազ իրավագիտակցություն ունեցող քաղաքացիների վրա: Պարզապես հիմա նա դրա համար աշխատավարձ է ստանում պետական բյուջեից՝ ՀՀ քաղաքացիների հարկերից և ստացվում է՝ նրանց մոլորեցնելու համար: Իսկ եթե, իսկապես դա արվել է ոչ միտումնավոր, ստացվում է, որ վերջին չորս տարիներին որևէ տեղ չաշխատած Չախոյանը, ով 24/7 ռեժիմով սոցիալական հարթակներում էր, չի կարողանում անգամ ֆեյք նկարը իրականից տարբերել:
Բայց պարզվում է, որ այս պաշտոնյան առաջին անգամ չէ, որ մոլորեցնում է մարդկանց։
Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Երկու օր անց պաշտպանության նախարարություը տարածեց հաղորդագրություն, որ «Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ցավոք, Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել»։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի սույն տեղակալը իր ֆեյսբուքյան էջին դնում է այս լուրի մասին հետևյալ գրառումը․ «Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, հայտնաբերվել են: Նշվում է, որ զինծառայողներից մեկի վիճակը միջին ծանրության է»։ Մյուս զինծառայողի մասին, որը մահացել է, ոչ մի խոսք։ Ու պահպանել է արձագանքները այն մասին, որ՝ «Փառք Աստծո»։ Ինչի՞ համար փառք, որ մյուսը մահացե՞լ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը