08 03 2021

Անշարժ գույքի շուկան խորը ճգնաժամի մեջ

Անշարժ գույքի շուկան խորը ճգնաժամի մեջ

Հայաստանի աղետալի տնտեսական կացությունն իր ազդեցություն է թողել անշարժ գույքի շուկայի վրա։ Այս տարվա հունվարի ցուցանիշները փաստում են, որ անշարժ գույքի շուկան մտել է խորը պասիվացման շրջան։ Դա էլ նշանակում է, որ նվազել են մարդկանց եկամուտները, ավելացել է այս շուկայում ռիսկայնությունը, նվազել են այստեղ կատարվող ներդրումները։ Այս երեք գործոնները միասին վկայում են Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության նկատմամբ բնակչության անվստահության և այդ կառավարության անփառունակ գործունեության մասին։

Այսպիսով, ըստ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վերլուծության, 2021 թ․-ի հունվարին Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործարքները 22,4 տոկոսով ավելի քիչ են անցած տարվա հունվարի և 44,6 տոկոսով դեկտեմբերի համեմատ։  Նույնն է համամասնությունը գործարքների հիմնական բաժնի՝ առուքուվաճառքի գործարքների դեպքում։ Այս տարվա հունվարին իրականացվել է առքուվաճառքի 3011 գործարք՝ անցած տարվա հունվարի 3332-ի և դեկտեմբերի 5519-ի համետատ։ Այսինքն, առաջին դեպքում գործարքների քանակը նվազել է 32,1 տոկոսով, երկրորդում՝ 45,1 տոկոսով։ Այսինքն, գործ ունենք շուկայում գործարքների մեկ երրորդով նվազումից մինչև գրեթե կիսով չափ նվազման հետ։ Առքուվաճառքի հիմնական օբյեկտներն են բնակարանները, անհատական բնակելի տները և հողատարածքները։

Բնակարանների առքուվաճառքը անցած տարվա հունվարի համեմատ նվազել է 24,2 տոկոսով, դեկտեմբերի նկատմամբ՝ 39,3 տոկոսով։

Անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքները անցած տարվա հունվարի համեմատ նվազել են 23,8 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 44,1 տոկոսով։

Հողատարածքների առքուվաճառքի գործարքները անցած տարվա հունվարի համեմատ նվազել են 26 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 49,7 տոկոսով։

Ընդհանուր գործարքների և առքուվաճաքռի գործարքների քանակների կտրուկ նվազումն արձանագրվել է թե Երևանում, թե առանց բացառության բոլոր մարզերում։ Մասնավորապես, Երևանում առքուվաճառքի գործարքները այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի համեմատ նվազել է 35,9 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 48,2 տոկոսով և կազմել ընդամենը 654 գործարք։ Այսինքն, առքուվաճառքի գործարքները գրեթե կիսով չափ նվազել են ընդամենը մեկ ամսվա ընթացքում։

Ուշագրավ է օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում գնված և վաճառված գույքի ցուցանիշները։ Այստեղ վերջին երկու-երեք տարվա միտումն անփոփոխ է՝ օտարեկրացիները ավելի շատ վաճառել են, քան գնել։ Մասնավորապես, հունվարին օտարերկրացիները Հայաստանում գնել են 27, վաճառել 48 անշարժ գույք։

Ինչ վերաբերվում է շուկայական գներին, ապա այստեղ նույնպես ականատեսն ենք գների անկման։ Անցած տարվա հունվարի համեմատ գները նվազել են 4,9 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 0,5 տոկոսով։ Երևանում բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները դրամով հետևյալն են եղել․

  2020թ. հունվար       2020թ. դեկտեմբեր      2021թ. հունվար
Կենտրոն 659 000                            613 050                       608 500
Արաբկիր  456 600                              440 200 436 500
Քանաքեռ-Զեյթուն                    334 500 317 200                        315 000
Նոր-Նորք    293 000                           292 200                          293 000
Ավան 297 000                                 289 000                          288 000
Էրեբունի 291 500                                 282 000                          280 500
Շենգավիթ 302 000                                 296 500                          297 000
Դավթաշեն 344 500                                 317 000                           315 200
Աջափնյակ 317 000                                 304 000                           303 000
Մալաթիա-Սեբաստիա 293 500                                 283 200                           281 000
Նուբարաշեն 188 000 175 000 174 500

Մարզերում բնակարանների գները նվազել են հունվարի համեմատ՝ 3,5 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 0,2 տոկոսով։

Եվս մեկ կարևոր ցուցանիշ՝ հիպոթեկային գրավադրման ցուցանիշների մասին։ Հիշո՞ւմ ենք, թե ի՞նչ ձոներ են հնչել Նիկոլ Փաշինյանի կողմից հիպոթեկային գործարքների «աննախադեպ», «թռիչքային» «բում»-ի մասին։ Իրականությունը, սակայն, պարզապես ողբալի է՝ այս տարվա հունվարին Հայաստանում իրականացվել են 148 հիպոթեկային գործարքներ, ինչը 38,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա հունվարի և 61,2 տոկոսով՝ դեկտեմբերի համեմատ։ Հատկապես վիճակն անմխիթար է մարզերում։ Օրինակ՝ Վայոց Ձորի մարզում ընդհանրապես ոչ մի հիպոթեկային գործարք չի եղել, իսկ Գեղարքունիքում ընդամենը 1-ն է եղել։

Ակնհայտ է, որ տնտեսական գահավիժումը ահռելի չափերի է հասել և ընդգրկել մեր կյանքի բոլոր ոլորտները, ուժգին հարվածելով մեր կենսամակարդակին և եկամուտներին։

Արա Մարտիրոսյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ