Հայաստանում բարձր գնաճ է։ Կտրուկ թանկացել է հատկապես սննդամթերքը։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը, որից տեղեկանում ենք, որ 2021 թ․-ի հունվարին անցած տարվա հունվարի համեմատ գնաճը կազմել է 4,5 տոկոս, իսկ միայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը՝ 6,4 տոկոս։ Սրանք միջինացված ցուցանիշներ են։ Այժմ, առանձին ապրանքների գների թռիչքային աճի մասին և թե ինչպե՞ս է Կենտրոնական բանկը դրան արձագանքել։
Այսպիսով, այս տարվա հունվարին մրգի գներն աճել են 12 տոկոսով, այդ թվում խնձորինը՝ 30,2 տոկոս, տանձինը՝ 15,1 տոկոս, նարինջինը՝ 32,3 տոկոս, մանդարինինը՝ 15,6 տոկոս և այլն։ Բանջարեղենի գնաճը այդ նույն ժամանահատվածում կազմել է 9,9 տոկոս, իսկ առանձին տեսակներից կանաչ սոխը՝ 37,5 տոկոս, խառը կանաչեղենը՝ 53,5 տոկոս, սմբուկը 66,8 տոկոս, պղպեղը՝ 22,6 տոկոս, սխտորը՝ 95,4 տոկոս և այլն։
Այլ ապրանքներից արևածաղկի բուսական յուղի գինն անցած տարվա հունվարի համեմատ աճել է 44,3 տոկոսով, հացի գինը՝ 7,9 տոկոս, ալյուրինը՝ 12,5 տոկոս, ձվի գինը՝ 26,4 տոկոս, շաքարի և շաքարավազինը՝ 40,7 տոկոս և այլն։ Չի լսվում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում շաքարավազի գնային փոփոխությունները ամենօրյա թեմա դարձրած լրագրողի ձայնը։ Հետաքրքիր է, ինչո՞ւ ներկայումս ԱԺ պատգամավոր դարձած այդ անձը այս թեմայով ելույթ չի ունենում խորհրդարանի ամբիոնից։
Շարունակենք։ Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գնաճը կազմել է 10,8 տոկոս։ Աճել են նաև ոչ պարենային ապրանքների գները՝ 5,5 տոկոս։ Ընդ որում, աճ է գրանցվել սննդամթերքից ոչ պակաս կարևորություն ունեցող ապրանքախմբում՝ դեղերի գներն աճել են 4,6 տոկոսով։ Կենսական նշանակության այլ ոչ պարեանյին ապրանքներից կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, մաքրող, լվացող միջոցների գներն աճել են 2,6 տոկոսով, կոշիկի և հագուստի գները՝ նույնպես 2,6 տոկոսով։
Ծառայություններից բարձր գնաճ է արձանագրվել բնակչությանը ամենօրյա սպասարկող ոլորտներում՝ տրանսպորտը թանկացել է 5,7 տոկոսով, առողջապահությունը՝ 5,6 տոկոսով։ Տեսնես որտե՞ղ են 7 տարի առաջ տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ բողոքողները։
Կենտրոնական բանկը արձագանքել է գնաճին և վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է ևս 0,25 տոկոսային կետով, սահմանելով 5,5 տոկոս։ Առաջին հայացքից դա կարծես թե համարժեք արձագանք է, բայց միայն առաջին հայացքից։
Նախ, առնվազն տարօրինակ է, թե ինչո՞ւ փետրվարի 2-ին իր այս որոշումն ընդունելիս ԿԲ-ն ոչ թե հունվար, այլ անցած տարվա դեկտեմբեր ամսվա գնաճն է հիմք ընդունել։ Չի ցանկացե՞լ պաշտոնական հաղորդագրության մեջ փաստել, որ հունվարին այն բարձր է եղել ԿԲ ընդունած նպատակային ցուցանիշի վերին՝ 4 տոկոս սահմանի՞ց, այս կառույցը ե՞ւս սկսելէ մանիպուլացնել հասարակությանը՝ քանի որ դեկտեմբեր ամսին այդ սահմանը դեռ գերազանցված չէր։ Այդ դեպքում ընդունած որոշումն ուշացած է, քանի որ արձագանքում է ոչ թե հունվարի, այլ դեկտեմբերի իրավիճակին։
Երկրորդ՝ վիճելի է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այն դեպքում, երբ երկիրը 7,5 տոկոս տնտեսական անկում է արձանագրում։ Այսինքն, տնտեսության համար ֆինանսավորման ավելի բարենպաստ պայմաններ սահմանելու փոխարեն, ԿԲ-ն խստացնում է դրանք։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Պատասխանը միանշանակ է,ԿԲ-ն տուրք է տալիս կառավարության և նրա ղեկին հայտնված անձի պոպուլիզմին։ Ակնհայտ է, որ ներկայիս գնաճը տնտեսության մեջ ավելի քան երկու տարի կատարվող ցնցումներն են, և վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացնելով, այս կացությունն անգամ մասամբ չի շտկվելու։ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառույց ԿԲ-ն դարձել էր դեռևս նրա նախորդ նախագահի ժամանակ, իսկ հիմա պարզապես դարձել է կառավարության կցորդը։ Փաստենք, որ վարչապետի աթոռին հայտնված անձը հետևողականորեն ոչնչացնում է նաև այս կայացած կառույցը, որի հետևանքները խորացնելու են ներկայիս տնտեսական անկումը և խնդիրներ ստեղծելու ֆինանսական շուկայի կայության համար։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը