Էլ ավելի վատ կապրի օխլոսը,
զի նախընտրել է Նիկոլի փոսը…
Թեպետ, ինչո՞ւ միայն օխլոսը, նույն ինքը՝ խառնամբոխը: Գնալով ավելի ու ավելի են վատանալու բոլորի կյանքի պայմանները, նաև՝ պլեբոսի ու դեմոսի: Բոլորի, ասացինք:
Ու դա անխուսափելի է: Ավելին, տնտեսական ու սոցիալական վիճակը լինելու է շատ ու շատ ավելի վատ, նույնիսկ կանխատեսելի հնարավորից էլ վատ ու աղետային (կատաստրոֆիկ), քանի որ այսպես կոչված՝ իշխանության ղեկին շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը՝ քանդարար-ավերակողների գերպարգևավճարյալ իր խմբով:
Հարցը միայն պատերազմում Փաշինյանի «դասավորած» պարտության և կրած ծանրագույն կորուստների հեևանքները չեն, թեպետ, հիմնականը դա է: Ավելի ճիշտ, այդ հետևանքները դեռևս շատերը չեն պատկերացնում ամբողջական ծավալով, մանավանդ, որ փաշինյանական իշխանությունը շարունակում է կորուստներ պատճառել Հայաստանին:
Բնական է, որ ՀՀ դրամը արժեզրկվել է և, ամենայն հավանականությամբ, շարունակելու է արժեզրկվել: Դա անխուսափելիորեն անդրադառնալու է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների, ամենից առաջ՝ հացի (ալյուրի), շաքարավազի, ձեթի, կարագի, մսի և այլ անհրաժեշտ նպարեղենի գների վրա: Ասենք, արդեն հանգեցրել է: Ու դրանք սոսկ «նոր տարվա» թանկացումներ չեն: Իրականում, օրինակ, ձեթի թանկացումը «նոր տարուց» շատ ավելի վաղ էր արձանագրվել:
Առհասարակ, այնքան էլ պարզ չէ, թե ինչի հաշվին է Հայաստանի՝ առանց դրա էլ՝ լրջագույն ճաքեր տված տնտեսույթունը դիմակայելու ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ առաջիկա մարտահրավերներին: Հնարավոր է, իհարկե, որ հարկերն էլ բարձրանան: Դա միմիայն մեծացնելու է սոցիալական լարվածությունը, նաև՝ գնային վերընթաց մղումները:
Բանկային համակարգը նմանապես ծանր վիճակում է: Մի կողմից մարդիկ ձգտում են հանել իրենց ունեցած միջոցները, մյուս կողմից, բանկեր կան, որոնք լրջագույն կորստային ռիսկերի տակ են հայտնվել:
Ոմանք, թվում գերազանցապես փաշինյանականները, իրենց թավշապետի կողմից թշնամուն տրված Արցախի շրջանների մասին խոսելիս, հիմնականում գործածում են «տարածքներ» արտահայտությունը:
Խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանի ու նրան սատարողների կողմից թշնամուն հանձնվածը ոչ միայն Հայրենիքի մի զգալի մասն էին, այլև Հայաստանի ու Արցախի ինտեգրված տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող մաս: Բազմաթիվ տնտեվարողներ վարկային միջոցներ էին ներգրավել՝ նշված, իսկ հիմա Փաշինյանի ու փաշինյանականների կողմից թուրքին նվիրած «տարածքներում» գյուղատնտեսական, այդ թվում՝ վերամշակման, արտադրական գործունեություն ծավալելու համար: Ըստ որում, նկատենք, որ, օրինակ, Սյունիքում անասնապահական բիզնեսը մեծապես օգտվում էր այդ «տարածքների» հնարավորություններից, մինչդեռ Փաշինյանի ու փաշինյանիստների «շնորհիվ» հիմա նույնիսկ բուն Սյունիքի տարածքում է խնդրահարույց լինելու անասնապահությամբ զբաղվելը: Ու ոչ միայն:
Բնականաբար, տնտեսական առումով դժվար է միանգամից գնահատել ինչպես կորուստը, այնպես էլ՝ դրա հնարավոր ազդեցությունը ընդհանուր տնտեսական վիճակի, հարկային մուտքերի, բանկերի շրջանառության վրա: Պարզ է միայն, որ վատ է լինելու: Ավելին, եթե անգամ որևէ ընկերություն չի հայտնվել անմիջապես պատերազմական գործողությունների գոտում և շատ հեռու է նույնիսկ սահմանից, դրանից դեռ չի հետևում, որ այն չի տուժելու:
Ակնհայտ է, օրինակ, որ մեծապես տուժելու է զբոսաշրջության ոլորտը, դրա հետ կապված՝ հյուրանոցային և ռեստորանային, զվարճանքի և ժամանցի հետ կապված բիզնեսները: Կորոնավարակի ակտիվ տարածման շրջանում էլ այս ճյուղերը արդեն նկատելի վնասներ կրեցին, իսկ հիմա, ամենայն հավանականությամբ, շատերը ուղղակի կփակվեն: Իսկ դա նշանակում է նաև գործազուրկների թվի ավելացում, դա նշանակում է հարկատուների թվի նվազում, դա նշանակում է նաև այս ճյուղերի գործունեության շնորհիվ երկիր մտնող ու շրջանառվող դրամական հոսքերի նվազում ու կրճատում:
Ավելին, փաշինյանական վնասատու ռեժիմի և դրա պարագլխի կողմից թշնամու շահերը սպասարկելու հետևանքով լրջագույն հարված է հասցվել ու հասցվելու Հայաստանի հանքարդյունաբերությանը՝ մեր երկրի հիմնական «դոլարաբեր» ճյուղին: Տեսեք, Սոթքի հանքավայրի շահագործումն, ըստ էության կազմալուծված է՝ տարածքը թշնամուն նվիրելու հետևանքով:
Ի լրումն, փաշինյանական կառավարությունը Սյունիքում միտումնավոր ստեղծել է այնպիսի անտանելի վիճակ, որը մեծապես կարող է անդրադառնալ Կապանի, Քաջարանի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատների աշխատանքի և արտադրողականության վրա: Եվ, եթե մեկնումեկը վերջացած փաշինյանիստ չէ, ապա կհասկանա, որ թշնամին, ինչպես կարող է՝ խոչընդոտելու է նշված կոմբինետների արտադրանքի փոխադրմանը, առավել ևս, եթե թշնամուն այս իշխանությունները նվիրել են Գորիս-Կապան ավտոճանապարհի մի քանի կիլոմետրանոց հատված: Բայց եթե նույնիսկ դա չլիներ, ապա պարզից էլ պարզ է, որ շրջակա ռազմավարական բարձունքները Փաշինյանից «բանավոր համաձայնությամբ» նվեր ստացած թշնամին ամեն ինչ անելու է՝ Սյունիքում կյանքի բնականոն ընթացքը, այդ թվում՝ տնտեսական ընթացքը կաթվածահարելու համար:
Դե, իսկ հիմա գումարեք նաև այս ձախավերների վարած ավերակիչ քաղաքականության հետևանքով մեր երկրի ունեցած անդառնալի կորուստները, գումարեք հազարավոր երիտասարդների վիրավորվելու և այդ առումով ստեղծված առողջապահականո ւ սոցիալական խնդիրների համախումբը ու ընդհանուր պատկերն ավելի կամբողջանա:
Գումարենք նաև այն, որ այս «օխլոկրատիկ» վարչախումբը նախքան այս էլ տնտեսական տեղաշարժի առումով որևէ էական քայլ չի էլ կարողացել անել, որևէ խելամիտ կամ հիմնավորված ծրագիր չի կարողացել առաջարկել, ոչ մի լուրջ ներդրումային ծրագիր երկիր չի բերել, իսկ հիմա՝ առավել ևս այդ ամենը չի լինելու, առաջին հերթին՝ ներդրումներ, ու թերևս պարզ կդառնա, թե Հայաստանում ինչու են կտրուկ վատանալու կյանքը, սոցիալ-տնտեսական վիճակը: Ըստ որում, շատ ավելի արագ է դա լինելու, քան թվում է ոմանց, այդ թվում՝ փաշինյանիստներին:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը