Ադրբեջանը արդեն պաշտոնապես թվեր է հրապարակում ոչ միայն իրենց գերիների, այլ մեր գերիների թվի հետ կապված: Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը հունվարի 5-ին ասուլիս է տվել ու հայտնել, որ այս պահին հայկական կողմում կա 2 ադրբեջանցի քաղաքացիական անձ գերի, իսկ Ադրբեջանը պահում է 5 հայ գերու, որոնցից երկուսը ռազմագերի են, երեքը՝ քաղաքացիական անձ։
Այն, որ Ադրբեջանի հայտնած թվերը, մեղմ ասած արժանահաատ չեն, դա ակնհայտ է: Բայց մեր իշխանությունը կարծես թե չի շտապում անգամ հերքել այս լուրը, թեկուզ թվեր չհայտնելով: Մենք փորձեցինք կապ հաստատել Պաշտպանության նախարարության հետ, բայց ապարդյուն, մեր զանգերին պատասխանող այդպես էլ չեղավ: Շուշան Ստեփանյանի՝ մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելուց հետո միակ պատասխանող մնացել է Գևրորգ Ալթունյանը, նա էլ հեռախոս չի վերցնում։
Իսկ, օրինակ, երբ դեկտեմբերի 14-ին Ադրբեջանում պահվող 44 հայ գերի, որոնցից 14-ը քաղաքացիական անձինք են, 30-ը՝ զինվորականներ վերադարձվեցին Հայաստան, իշխանության ներկայացուցիչները իրար հերթ չտալով լայքի կռիվ էին տալիս, ստատուսներ և վիդեոներ էին հրապարակում, թեև իրենք որևէ դերակատարում չունեին:
«Ամենաթափանցիկները» հիմա չեն պատասխանում ոչ հանրության հարցերին, ոչ էլ թշնամու ապատեղեկատվություններին: Ինքնամեկուսացել են: Պատերազմի ավարտից գրեթե երկու ամիս անց մենք այդպես էլ չգիտենք, թե 44 օրյա պատերազմի արդյունքում քանի զոհ, վիրավոր և գերի ունի հայկական կողմը: Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին, մինչդեռ պաշտոնապես հայտարարվել է 2000 զոհի անուն:
Անհետ կորածների, գերիների հարազատները գրեթե ամեն օր մի գերատեսչությունից մյուս գերատեսչությունն են գնում, պարզաբանում պահաջում: Այդ մարդիկ էլ չգիտեն, թե ինչպես տեղ հասցնեն երկրի իշխանավորներին, որ ձմռան այս եղանակին անգամ մեկ օրն է կարևոր, էլ չեմ ասում այն մասին, որ ծնողները կառավարությունից խնդրում են իրենց տալ որդիների մարմինները հողին հանձնելու համար:
Իսկ Հայաստանում ոչ աշխատանքային օրեր են, կառավարությունը հանգստից կվերադառնա միայն հունվարի 8-ին, երկրի գլխավոր դատախազն էլ գերիների հարցին ի պատասխան լրագրողներին ասում է՝ «այսօր տոն է, հարմար օր չէ այդ մասին խոսելու համար»:
Ավելին, տարեվերջին էլ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը: Չի տրվում որևէ հոդաբաշխ բացատրություն, թե իրավական որ կարգավորումներով է դա համարվում պետական գաղտնիք, կամ որ օրվանից, եթե օրինակ 2016 թվականի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի, վիրավորների մասին տրվեց ամբողջական տեղեկատվություն:
Մյուս կողմից էլ տարբեր լուրեր են նետվում դաշտ, որ առաջիկա օրերին Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվելու է տարածքներ գերիների դիմաց սկզբունքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը