Նույնիսկ հանուն նախագահի ու ժողովրդավարության` ԱՄՆ ողջ դատական համակարգը արդարադատություն չիրագործեց։ Ուստի և. ավելի քան 200% մասնակցությամբ ընտրությունների «արդյունքում» Թրամփը պարտվեց։ Այս կերպ ողջ աշխարհին գլոբալ աշխարհակարգի աշխարհաքաղաքական կենտրոնը իրազեկեց, որ այլևս աշխարհում ամենուր ու բոլոր հարցերում առաջնորդվելու է բացառապես սեփական շահերով, չի գործելու առողջ տրամաբանության համաձայն, հրաժարվում է արդարադատությունից ու իր դատարանների միջոցով սպասարկելու է միայն ի՛ր նկրտումները և միջազգային իրավունքի ու պարտականությունների որևէ պահանջ չի կատարելու։
Նույն այս արտոնությունները ինքնաբերաբար վերապահվում են նաև բոլոր նրանց, ովքեր հավատարմության երդում են տալիս ու անվրապահորեն դառնում են գլոբալ աշխարհաքաղաքական բևեռի բաղկացուցիչ։ Դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած թուրք-ադրբեջանական համատեղ շքերթին հնչեցրած ելույթով Էրդողանը և՛ հաստատեց, որ Թուրքիան գլոբալացման վերստին շարունակվող ծրագրի տարածաշրջանային գլխավոր գործիքն է ու կոշտ գործադրելու է ստացած բոլոր արտոնությունները, և՛ հայտարարեց, որ ստացել է իր պանիսլամական ծրագիրը Կովկասում իրագործելու անվերապահ, լիարժեք թույլտվություն։
Հավատարմության երդում տվածների այս շարքում են մասնավորապես նաև գլոբալ աշխարհի աննաշան մասնիկը կամ կից օբյեկտը լինել երազողներ Սանդուն ու Նիկոլը։ Մոլդովայում իշխանափոխություն իրագործելուց ու արևմտամետ Սանդուին նախագահ կարգելուց հետո նրան հովանավորող ռազմավարական կենտրոնները լրջորեն պլան են մշակում, թե բոլոր ձևականությունները շրջանցելու համար ինչպես Մոլդովան պատերազմ հայտարարի Ռումինիային, անմիջապես էլ կապիտուլյացիա ստորագրի ու միանգամից ընդգրկվի ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի կազմ։ Չար լեզուները պնդում են, որ այս պլանը մշակելու համար արևմտյան կենտրոնները հիմնվել են Հայաստանում իրագործած թավշյա իշխանափոխության, Նիկոլին վարչապետ կարգելու, Թուրքիայի հետ պատերազմ սադրելու, արագ ու անկապ կապիտուլյացիա ստորագրելու և երկիրը ՆԱՏՕ-ի բաղկացուցիչի վերածվելու նախաշեմին կանգնեցնելու արդեն ձեռք բերված փորձի վրա։
Մոլդովայի նոր նախագահը ռումինիայի քաղաքացի է։ Սանդուն Մոլդովայի անձնագիր է ստացել միայն Մոլդովայի նախագահ դառնալու համար ու նրան նախագահ են դարձրել միայն Մոլդովան Ռումինիայի բաղկացուցիչը դարձնելու առաջադրանքով։ Եթե հաշվի առնենք, որ Նիկոլն էլ նման մի ծրագիր է, ապա չի բացառվում, որ շատ շուտով բացահայտվի, որ Նիկոլն էլ ադրբեջանական կամ թուրքական անձնագիր ունի։
Թերևս արդեն բացահայտ է, որ Նիկոլին էլ վարչապետ են դարձրել` հենց միայն Արցախը, ապա նաև Հայաստանը քայլ առ քայլ Ադրբեջանին կից օբյեկտ ու Թուրքիայի բաղկացուցիչ դարձնելու առաջադրանքը կատարելու համար։ Ակնհայտ է, որ Նիկոլն էլ այլևս առաջնորդվում է միայն ամերիկյան նոր ստանդարտնելով. բացառապես իր շահերն է սպասարկում` ոտնահարելով ու չեղարկելով առողջ տրամաբանությունը, արդարադատությունը, այլոց իրավունքներն ու սեփական պարտականությունները։ Եվ երկիրն ու ժողովրդին տանում է մի տեղ, որն արդեն չկա։ Կեղծիքով ու ստերով էլ շարունակում է համոզել ու հավաստիացնել, որ եթե խոնարհությամբ հանձնվենք մեզ «հաղթած» թշնամուն, ապա նա մեզ լավ կկերակրի ու կպաշտպանի։
Մինչդեռ և՛ Իլհամը, և՛ Էրդողանը Բաքվի շքերթին ի լուր աշխարհի ուղղակի հայտարարեցին, որ իրենց գործընկեր Նիկոլին սիրով կհյուրընկալեն և՛ Բաքվում, և՛ Անկարայում, բայց մեզ չեն կերակրելու, չեն պաշտպանելու, այլ ոչնչացնելու են մեթոդաբար, հետևողականորեն, աշխարհին տեսանելի քայլերով ու բոլորի աչքի առաջ։ Ինչպես սեպտեմբերից առաջ աշխարհը միաձայն ասում էր, թե Արցախի հարցը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ դեկտեմբերին Իլհամը ողջ աշխարհին հայտնում է, որ ինքն ու Էրդողանը Արցախի հարցը լուծեցին ռազմական ուժով և աշխարհը ընդունում է զավթողական պատերազմի արդյունքները։ Էրդողանն էլ բացահայտ հայտարարում է, որ հայերի նկատմամբ այսուհետ կիրառելու է Էնվեր փաշայի ցեղասպանական մեթոդները, իսկ աշխարհը լուռ լսում է, դատապարտելու մասին ակնարկներ է անում, բայց ոչնչով չի խանգարում, որ շարունակվեն ամեն օր հայերի նկատմամբ տեղի ունեցող մարդասպանությունները և կամայականորեն կատարվող տարածքային զավթումները։
Դե իսկ Հայաստանում կատարյալ քաոս է, համապարփակ, լիակատար, տոտալ անիշխանություն ու անտերություն։ Նիկոլը հրաժարական չի տալիս, քանի որ այդ լուծումը պետք է ընդունելի լինի ոչ թե Հայաստանի կամ Արցախի, այլ միայն Ադրբեջանի ժողովուրդների համար։ Էրդողանի կողքին հլու կանգնած Իլհամն էլ հստակ ասում է, որ իր հպատակության ներքո ապրող ժողովուրդի համար իր գործընկեր Նիկոլի հրաժարականը երբեք չի կարող ընդունելի լինել։ Նիկոլն էլ հո չի կարող հայ ժողովրդի ու հայոց եկեղեցու, հայ զինվորի, գիտնականի, քաղաքական գործիչի, մտավորականի, բիզնեսմենի, արվեստագետի, արհեստավորի, հարկատու քաղաքացու... կամքին ենթարկվել, եթե չի ստացել Իլհամի ու Էրդողանի թույլատվությունը։ Դա էլ հո Հայաստանի ու Արցախի ժողովրդից գաղտնի կապիտուլյացիա ստորագրել ու հողեր հանձնել չի...
Գևորգ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը