21 12 2020

Ի՞նչ բացահայտեց Նիկոլ Փաշինյանի «արշավանքը» Եռաբլուր

Ի՞նչ բացահայտեց Նիկոլ Փաշինյանի «արշավանքը» Եռաբլուր

Դա իսկապես արշավանք էր, այնպիսի արշավանք, ինչպիսին Լենկ Թեմուրի, սելջուկ թուրքերի կամ մոնղոլ թաթարների արշավանքներն էին Հայաստան։ Այլ բնորոշում դժվար է գտնել։ Անիմաստ է խոսել բարոյական այն նորմերի մասին, որոնք պետք է պահպաներ  վարչապետի պաշտոնում հայտնված անձը։ Նրա համար այդպիսիք գոյություն չունեն։ Ուստի անդրադառնանք նրան, թե ի՞նչ բացահայտեց Եռաբլուր կատարած նրա «արշավանքը»․

1․ Նիկոլ Փաշինյանի վարկանիշ կոչվածը հիմա ավելի ցածր է ընդդիմություն եղած ժամանակ նրա ունեցած 7 տոկոսից։ Մի քանի օր շարունակ, կիրառելով բոլոր վարչական լծակները, պետական համակարգի բոլոր օղակներում «կամավոր-պարտադիր» ձևով ստիպելով մարդկանց մասնակցել այդ երթին, դրանում ընգրկելով ոստիկանության և այլ իրավապահ ու ուժային կառույցների քաղաքացիական հագուստ հագած հազարավոր աշխատակիցներ, զուգահեռաբար շարունակելով պատերազմում կրած խայտառակ պարտությունը բարդել նախկինների վրա և ստանալ՝ լավագույն դեպքում 8-10 հազար մարդկանց ներկայություն, դա ոչ այլ ինչ է, քան ձախողում։ Այսինքն, անգամ վարկանիշ «ցույց տալու» համար այնպիսի անբարոյական քայլ, ինչպիսին սգո երթն օգտագործելն է, հաջողություն չունեցավ։  

2․ Երթը ցույց տվեց նաև, որ ներկայում միասնական ընդդիմության համակիրները և վարկանիշը անհամեմատ բարձր է իշխանության վարկանիշից։ Նման թվով՝ 8-10 հազար մարդ, երթեր ընդդիմությունը կազմակերպում է գրեթե ամենօրյա ռեժիմով, իսկ հանրահավաքներին մասնակցում են առնվազն 2-3 անգամ ավելի մարդ։ Բնականաբար, ընդդիմությունը չունի ոչ մի վարչական ռեսուրս և չի կարող կիրառել այն, ինչ չունի։

3․ Դատելով Եռաբլուրի մոտ Նիկոլ Փաշինյանի մուտքը թույլ չտալու նպատակով հավաքված զոհվածների հարազատներին, ազատամարտիկներին և մյուսներին բիրտ ուժով ճնշելն ու ճանապարհ բացելը, կարելի է արձանագրել, որ նա երբեք չի խորշելու հայ ժողովրդի արյունը հերթական անգամ թափելուց։  Նիկոլ Փաշինյանի արյունոտ ճանապարհը սկսվել է 2008 թ-ի մարտի 1-ից և շարունակվում է մինչև օրս։

4․ Նիկոլ Փաշինյանը ինչպես սգո երթի ժամանակ, այնպես էլ հետագայում հարկադրված է լինելու փողոց դուրս գալ մի ամբողջ բանակ հիշեցնող թիկնազորով՝ պաշպանիչ հատուկ միջոցներով,  տանիքներին տեղակայված դիպուկահարներով, մի քանի շերտ ոստիկաններով, ԱԱԾ աշխատակիցներով, որոնց մեծ մասը քաղաքացիական հագուստով և աննկատ։ Սա նշանակում է նա վաղուց սպառել է ինքն իրեն շնորհած «ժողովրդի վարչապետ» կոչումը և պարզապես սարսափում է այդ ժողովրդից։ Հենց այդ ժողովուրդը Եռաբլուրում նրան դիմավորեց «դավաճան» վանկարկումներով։

5․ Իշխանության երթին չէին մասնակցում Հայաստանյաց առաքելական եկեղեցու սպասավորներից ոչ ոք։ 1700 ամյա մեր եկեղեցին նույնպես մերժում է հայրենիք հանձնած, թշնամու առջև խոնարհված իշխանությանը, և դա ակնառու երևաց իշխանության երթի ժամանակ։ Մինդեռ, ընդդիմության սգո երթը Եռաբլուր առաջնորդում էին եկեղեցականները, դրանով իսկ ցուցաբերելով իրենց միասնականությունը հայ ժողովրդի հետ։

6․ Այդուհանդերձ, չնայած վերոնշյալին, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու մտադրություն չունի։ Մեր երկրի, ժողովրդի, բոլոր առողջ և գիտակից ուժերի գլխավոր խնդիրը պետք է լինի նրան իշխանությունից զրկելը։ Դա դարձել է ազգային անվտանգության և պետության պահպանման թիվ 1 առաջնահերթությունը։

Արա Մարտիրոսյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ